Որ ապրանքներն են՝ ԵԱՏՄ-ով պայմանավորված, բարձր մաքսատուրքերով ներկրվելու Հայաստան
2020 թվականին մարգարինի համար մաքսատուրք կգանձվի 12 տոկոս` մինչ այս գործող 10 տոկոսի փոխարեն: 2021 թվականին այս սննդամթերքի մաքսատուրքը մեկ տոկոսով էլ կբարձրանա` կազմելով 13 տոկոս: 2022-ին մարգարինի բիզնեսով զբաղվող գործարարները այն կներկրեն` վճարելով 15 տոկոս մաքսատուրք: Այս եւ այլ ապրանքների մաքսատուրքի վերաբերյալ հետազոտությունը ներկայացնում է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը` ՏԶՆԿ-ն:
Հիշեցնենք, որ 2015թ.-ից Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին` դառնալով այդ կազմակերպության Մաքսային միության մաս։ Նույն թվականին որոշվեց համահարթեցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների մաքսատուրքերը, որի նպատակներից մեկը միասնական շուկա ստեղծելն էր:
Այդ գործընթացով պայմանավորված, Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքի, որոնք ներկրվում են երրորդ երկրից` ոչ ԵԱՏՄ տարածքից, մաքսատուրքերը 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած կբարձրանան։
Կարդացեք նաև
Ըստ կառույցի պատասխանատուների, նպատակն այն է, որպեսզի ԵԱՏՄ ապրանքը մրցակցային առավելություն ունենա։

Ո՞ր ապրանքների մաքսատուրքերը կաճեն. ըստ, ՏԶՆԿ-ի հետազոտության, օրինակ` հավի մսի մաքսատուրքը 2020 թվականին ներկայիս 22 տոկոսի փոխարեն կդառնա 25 տոկոս, 2021-ին` 50 տոկոս, իսկ 2022 թվականին 80 տոկոս: Լայն սպառման ապրանք համարվող բրինձը եկող տարվանից կմաքսազերծվի 6 տոկոս մաքսատուրքով` ներկայիս 3 տոկոսի փոխարեն: 2022-ին այս ապրանքի մաքսատուրքը կհասնի 10 տոկոսի: Արեւածաղկի ձեթը ներկայումս մաքսազերծվում է 13 տոկոս մաքսատուրքով: 2020-ին դրույքաչափը կբարձրանա` հասնելով 15 տոկոսի: Տավարի միսը 2022-ին ներկրողները կմաքսազերծեն 50 տոկոս մաքսատուրքով: Ներկայումս այս ապրանքատեսակը մեր երկիր է մուտք գործում 12,5 տոկոս մաքսատուրքով:
Տավարի մսի մաքսատուրքն էլ աստիճանաբար կբարձրանա. 2020 թվականին կդառնա 15 տոկոս, 2021-ին` 25 տոկոս:
Ի տարբերություն մյուս ապրանքների, կարագի մաքսատուրքը էական չի բարձրանալու: 2020 թվականին այն կհասնի 15 տոկոսի: Ներկայումս կարագ ներկրողները որպես մաքսատուրք վճարում են 13 տոկոս:
Հետազոտության մասնագետները արձանագրել են նաեւ, թե այս տարվա հուլիսին, որ ապրանքներն են թանկացել, որոնք` էժանացել:
Կարտոֆիլը թանկացել է 75,4 տոկոսով, ձուն` 38,9 տոկոսով: Թանկացել են` թռչնամիսը, բանջարեղենը, մակարոնեղենը` համապատասխանաբար` 13,6 տոկոսով, 11,7 տոկոսով, 8,4 տոկոսով: Գառան, ոչխարի եւ այծի միսը` 7,4 տոկոսով: 5,5 տոկոսով էլ հացն է թանկացել:
Հետազոտությունը պարզել է, որ էժանացել են հրուշակեղենը, շոկոլադը, խոզի պաղեցրած միսը` 12.1 տոկոսով, պանիրը եւ կաթնաշոռը` 4,4 տոկոսով, շաքարը, մարգարինը, կարագը ու այլ բուսական յուղեր նույնպես էժանացել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2019

















































