Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հոբելյարներ մեծարվում են, ոմանք դեռ «հերթի» մեջ են

Հոկտեմբեր 31,2019 13:30

Ընթացիկ տարին առատ է արվեստի եւ գրականության անվանի գործիչների ծննդյան հոբելյաններով՝ Հովհաննես Թումանյանից ու Կոմիտասից մինչեւ Գոհար Գասպարյան, Լեւոն Շանթ,  Սոս Սարգսյան, Գեւորգ Էմին, Ավետ Տերտերյան, Աննա Ամբակունյան, Գեղունի Չթչյան, Տիգրան Մանսուրյան, Յուրի Դավթյան, Գեորգի Սարաջեւ…

Տարեսկզբից հոբելյանական տարբեր ձեւաչափերով են նշանավորվել  մեր անվանի արվեստագետների հոբելյանները։ Կան նաեւ այնպիսիք, որոնք իրենց հերթին են սպասում։

Օրերս ավարտվեց փառատոն՝ նվիրված դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Նա Ռուսաստանից տեղափոխվելով հայրենիք՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 1944-86թթ. կրթել է  երաժիշտների մի քանի սերունդ։

Հիշատակենք ընդամենը մի քանի անուն. դաշնակահարներ Էլեոնորա Ոսկանյան, Ամալյա Բայբուրթյան,  Զեմֆիրա Բարսեղյան, Մարիանա Հարությունյան, Սերգեյ Սարաջյան, Հարություն Փափազյան, կոմպոզիտորներ Էդվարդ Բաղդասարյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Լուսիկյան, Լեւոն Չաուշյան, երաժշտագետ Ալին Փահլեւանյան։ Ժամանակակիցները խոսելով իրենց պրոֆեսորի մասին՝ նշում են, որ թեեւ Սարաջեւը տեսքից խիստ էր, բայց աննկարագրելի բարի մարդ էր, որն իր գործին իսկապես նվիրված էր անմնացորդ։ Հոբելյարի մասին խոսելիս հատկապես նշվում է նրա դաշնամուրային մանրանվագները, իսկ այս կամ այն երկի փոխադրումներն ու մշակումները դաշնամուրի համար՝ որակում են ինչպես հեղինակային գործեր։ Ասում են, որ առանց չափազանցության նա եղել է մեծ շախմատիստ։ Առնչվել է Տիգրան Պետրոսյանի, Վիկտոր Կորչնոյի, Միխայիլ Տալի եւ աշխարհին հայտնի մյուս գրոսմայստերների հետ։ Իսկ Մարկ Տայմանովը եղել է երաժշտի մտերիմ ընկերը։

Հայկական օպերային թատրոնի երախտավորներից է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ,  պրոֆեսոր Յուրի Դավթյանը, որի ծննդյան 90-ամյակը լրացավ վերջերս։ Առաջին ներկայացումը թատրոնում  Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» բալետն էր, որ դիրիժորը ղեկավարել է 1953թ.։ Առաջին մեկնաբանն է եղել  բազմաթիվ  օպերային եւ բալետային ներկայացումների, այդ թվում՝ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» բալետի, Գեւորգ Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Տիգրան Չուխաջյանի «Զեմիրե» օպերաների եւ այլն։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում։ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահվում են նրա ղեկավարությամբ  օպերային, սիմֆոնիկ ստեղծագործությունների բազմաթիվ ձայնագրություններ։ 1960-ականների վերջերից մինչ օրս դասավանդում է մեր կոնսերվատորիայում։ Նրա ուսանողների անուններն այսօր հայտնի են նաեւ աշխարհում, օրինակ, Էդվարդ Համբարձումյանը Մակեդոնիայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է եւ այլն։ Մեզ տված հարցազրույցներից մեկում Յուրի Դավթյանն ասել է. «Պատկերացնո՞ւմ եք՝ ներկայացման սկզբում, երբ բացվում է վարագույրը, արտիստները, հանդիսատեսը, ինչու չէ՝ թատրոնի հսկայածավալ ջահը անջատ-անջատ են… Դիրիժորը հենց սկզբից բոլոր ջանքերը սկսում է ուղղել այդ ամենին միանալուն, ձուլվելուն, միմյանց մեջ թափանցելուն։ Այդ փոխթափանցումը գալիս է հետզհետե ու վերջում կայանում է հրաշք, արվեստի հրաշք, թվում է՝ հազարավոր սրտերի բաբախը լսում ես սեփական սրտիդ մեջ»։ Օպերային թատրոնը  իր երախտավորի ծննդյան հոբելյանը կնշի հոկտեմբերի 31-ին։

Ի դեպ, թատրոնի  տնօրինությունը ուշադիր է նաեւ իր արտիստների յուրաքանչյուր այլ նշանակալի տարեթվերին եւս։ Օրերս Վերդիի «Տրավիատա» օպերայի գլխավոր փորձը սկսվեց շնորհավորանքի հնչյուններով, որն ուղղված էր երգչախմբի արտիստ Սիրվարդ Սարյանի՝ թատրոնում կեսդարյա գործունեությանը։ Ներկայացման դիրիժոր Ռուբեն Ասատրյանը մեզ ասաց, որ  երգչուհին տասնամյակների ընթացքում համագործակցել է անվանի դիրիժորների, ռեժիսորների, մեներգիչների հետ, ինչպես մեր, այնպես էլ հյուրախաղորդ։ 1975թ.  հանդես է եկել Գիքորի դերերգով, Ստեփան Ջրբաշյանի համանուն օպերայում։  Նրա երգացանկում հաշվվում է շուրջ 40 օպերա։ «Երգչախումբը, ինչպես նվագախումբը, կորդեբալետը, թատրոնի սյուներից է։ Այսօր էլ երգչախմբի արտիստներից (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան) հանդես են գալիս մեներգերով տարբեր ներկայացումներում»,- հավելեց դիրիժորը, որն ուսանել է նաեւ  Յուրի Դավթյանի դասարանում:

Հոբելյանական միջոցառումները շարունակվում են. «Արամ Խաչատրյան» համերագսրահում հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից 5-րդ երաժշտության փառատոնը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 21-ը։

Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար, անվանի մանկավարժ, պրոֆեսոր  Աննա Ամբակումյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկո՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) եւ մենակատար երաժիշտների։

Նույն դահլիճում նոյեմբերի 2-ին տեղի կունենա  «Պատմություն կերտելով» հոբելյանական համերգաշարի հերթական երեկոն՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին։

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031