«Ես ընդգրկված եմ ակադեմիայի մեծ ցանկում, այսինքն՝ նաեւ քվեարկում եմ արտիստների օգտին, երբ արդեն ընտրվում է կարճ ցուցակը: Ես ինքս հետեւում եմ «Խազերի» գործունեությանը, ընթացքին, տեսնում եմ եւ դրական արձագանքները, եւ քննադատությունները, եւ տարբեր երգիչ-երգչուհիների մեկնաբանությունները: Ընդհանուր առմամբ, այս ամենը շատ դրական եմ գնահատում, որովհետեւ եթե կա հետաքրքրվածություն, քննադատություն եւ քննարկում, նշանակում է, որ մարդիկ անտարբեր չեն, եւ դա շատ նորմալ է մրցույթների դեպքում:
Երկար տարիներ լինելով նմանատիպ մրցույթների մեջ՝ կարծում եմ, որ հենց այդ քննարկումներ են հետաքրքրություն առաջացնում, ցույց են տալիս, որ մարդիկ անտարբեր չեն, եւ ուզում են, որ մրցույթն էլ ավելի լավը դառնա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը՝ անդրադառնալով «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության շուրջ ծավալված քննարկումներին:
«Մենք պետք է ավելի շատ նեղսրտենք եւ վախենանք անտարբերությունից, եւ ոչ թե քննադատություններից: Եթե այդ ամենը չլիներ, կմտածեինք, որ տոտալ անտարբերություն է, իսկ եթե մարդիկ հարցեր են բարձրացնում, իրենց կարծիքն են ասում, հարցեր են ուղղում ակադեմիային, դա շատ լավ է, քանի որ հենց այս դիսկուրսի միջոցով է, որ գործը պետք է բարելավվի: Այս ամբողջ առաջարկները, քննադատությունները, մեկնաբանությունները, վստահ եմ՝ ակադեմիան հաշվի կառնի, եւ տարեցտարի ընթացքն ավելի կբարելավվի, թափանցիկությունը ավելի հստակ կլինի, մարդիկ կիմանան՝ ով ինչպես քվեարկեց, եւ ինչպես կազմվեց կարճ ցուցակը եւ այլն:
Ինձ թվում է, որ շատ մարդիկ երեւի զբաղված են եղել իրենց առօրյա հոգսերով ու բաց են թողել այն ժամկետները, որոնցում պետք է հայտ ներկայացնեին, գրանցվեին, կամ երկրպագուները այդքան ակտիվ չեն գտնվել; Կարծում եմ, որ սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բոլորս մտածենք: Ես ինքս էլ շատ առաջարկեր ունեմ ակադեմիային, որպեսզի ոչ թե մնանք երկրպագուների հույսին, այլ պետք է ստեղծվի այնպիսի մի խումբ, որը բոլորին կներգրավի, եւ կկարողանանք բոլորին քվեարկել»,-հավելեց Գոհար Գասպարյանը:
Կարդացեք նաև
Դառնալով մրցանակաբաշխությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Նման մրցանակաբաշխության շատերս շատ երկար ենք սպասել: Եվ անցյալ տարի, երբ եղավ, բոլորս շատ ուրախացել էինք, որովհետեւ երբ ժամանակին Հրաչ Քեշիշյանը կազմակերպում էր Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունները, բոլորս շատ ակտիվ էինք, անհամբեր սպասում էինք այդ իրադարձություններին, ու հետո դադար եղավ, եւ լավ է, որ վերականգնվեց շատ ավելի պրոֆեսիոնալ ու հետաքրքիր ձեւաչափով:
Կարծում եմ, որ սա մեծ առաջընթաց է, եւ մեծ գործ է արված, ուղղակի բոլորս պետք է սատար կանգնենք, ավելի շատ օգնենք, աջակցենք, խորհուրդ տանք, քննարկենք, առաջարկներով հանդես գանք (խոսքը կառուցողական քննադատության մասին է), քան թե հետ քաշվենք եւ պարզապես նեղանանք:
Ինձ թվում է՝ մենք այնքան փոքր երկիր ենք, որ նեղանալու շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, բոլոր հարցերում պետք է փորձենք միասնություն ցուցաբերել, առաջարկություններ անել, որ տարին տարվա վրա մրցույթը էլ ավելի լավանա»:
Հիշեցնենք, որ «Խազեր» մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով՝ ընդգրկելով ինչպես ժանրային, այնպես էլ կատարողական, կոմպոզիտորական, հնչյունային եւ տեսահոլովակային անվանակարգեր։ Մրցանակակիրները որոշվում են Հայկական ազգային-երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամների գաղտնի քվեարկությամբ, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգի միջոցով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































