Այսօր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանը:
Նա առաջարկում էր ժողովրդական լեզվով ասած՝ «նվեր տված ձիու ատամները չհաշվել»: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմին, երբ բազմաթիվ բարերարներ ցանկանում էին օգնել զինված ուժերին, դժվարությունների էին հանդիպում. «Նրանցից պահանջում էին, որ սահմանին նրանք ԱԱՀ վճարեին, նոր կարողանային օգտակար լինել հայրենիքին: Տեղին էր մեր շատ հարգարժան գործարարների նեղացածությունը: Մենք նվեր ենք ստացել, մի հատ էլ ասում ենք՝ հարկերը մուծեք: Կառավարության որոշումով դա լուծվող խնդիր է, բայց ամեն անգամ մեր ընկերները, որ սիրով եկել հասել են սահմանին, պետք է կառավարության ներկայացուցիչ գտնեն, փորձեն կապ հաստատել եւ այլն, որ ԱԱՀ չվճարեն: Հիմա առաջարկում եմ դա անել օրենքով»:

Սերգեյ Բագրատյանն էլ կոնկրետ դեպքեր պատմեց. «Բարերարները ուղարկել էին ՈՒԱԶ տիպի մեքենաներ, սահմանի վրա 6 օր կանգնած էին, որեւէ կերպ հնարավոր չէր, իրենք գումար պատրաստ չէին վճարելու, մաքսայինն էլ պահանջում էր, որ առանց ԱԱՀ վճարելու չեն թողելու: Ձեւակերպվում էր՝ որպես ԱԱՀ վճարելու գործարք: Մարդիկ իրենց ձեռքով ուզում էին տանեին, հասցնեին առաջնագիծ»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ տանողներ կան դրա համար, թող թողնեին սահմանին, գնային, Բագրատյանն էլ արձագանքեց. «Տանող չկար, տանողները տեսանք ուր տարան, էլի, դրա համար էլ մարդն ասում էր՝ մենք մեր ձեռքով պիտի տանենք հասցնենք տեղ, տալիս ենք՝ տանում եք տուն, խի՞ տամ տանես տուն, սաղ տարան տները»:
Հովիկ Աղազարյանը վիճեց՝ «պետական սահման է դա, իրա հորեղբոր սահմանը չի»:
Բագրատյանը պատասխանեց. «Չէ՛: Պետությունը Մանվելն էր ներկայացնում, տարավ, հիմա բերանս եք բացում, մի հատ էլ Մանվել կարա ստեղծվի: Ստեփանակերտում կար հատուկ կառույց, որին հանձնում էին, էդ մարդն ասում էր՝ իմ ձեռքով տանեմ հանձնեմ, որ իմանամ հասավ զինվորին: Հիմա դրա համար պարզ օրենք է պետք, դուք ասում եք՝ ամեն անգամ դիմեն լիազոր մարմնին, ինչի՞ համար դիմեն, դժվա՞ր է ցանկը գրենք, կպցնենք պատին»:
Բագրատյանը նաեւ վստահեցրեց, որ «մաքսավորների մեջ բավականին անգրագետ մարդիկ կան, էդ մարդիկ կամ բութ են կամ անգրագետ եւ այդ մարդկանց չի լինում բացատրել, որ ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ չեն գրել, որովետեւ դա բոլորին է վերաբերվում, ստիպած ամեն ինչ պետք է բացատրել, Եվրոպայում ո՞նց են գրում՝ էս շիշը ուտելու չի»:
Բագրատյանի նախագիծը չընդունվեց, բայց քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, մանրամասները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































