Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվի արտառոց խնդիրը կամ խավարամոլության փոթորիկը

Նոյեմբեր 11,2019 15:30

Հայերենի սինքրոն լեզվաբանությունը արդեն 84 տարի է, ինչ հակագիտական է, ու ԿԳՄՍ նախարարությունը բացարձակ տեղյակ չի սրանից

Մի քանի օր առաջ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ ՀՀ համալսարանների ոչ հայագիտական ֆակուլտետներում հայոց լեզու ու պատմություն դասավանդելը պիտի դառնա ոչ պարտադիր: Այս իրոք խելամիտ որոշումը հայ կեղծ հայրենասերների շրջանում զայրույթի ուղղակի փոթորիկ բարձրացրեց:

Ընդ որում՝ այս կեղծ հայրենասերները բոլորովին հաշվի չեն առնում, որ հայոց լեզուն (ու պատմությունը) բուհերից չեն վերացնում, այլ սրանք դասավանդելու պարտադրանքն են վերացնում, այն էլ միայն ոչ հայագիտական ֆակուլտետներից:

Երկրորդը, բուհերում մնացած առարկաները դասավանդում են հայոց լեզվով, ու այս որոշումը բոլորովին էլ չի վերացնում հայոց լեզուն:

Այս կեղծ հայրենասերները հաշվի չեն առնում հարցի իրավական կողմը: Ախր եթե մեկն ընդունվել է, օրինակ, մաթեմատիկայի կամ ֆիզիկայի ֆակուլտետը, ուրեմն պետությունը հանձն է առել սրանց մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դարձնելու դժվար պարտականությունը ու բոլորովին իրավունք չունի իր այս պարտականությունը խախտի կամ սրան խոչընդոտի, այնինչ այս մասնագիտությունները սովորելուց բացի, ուրիշ առարկա (հայոց լեզու, պատմություն, քաղաքատնտեսություն եւն) պարտադրելը, ակնհայտ, թե ուսանողի ժամանակն է խլում, թե ստիպում է, որ իր ջանքերը չկենտրոնացնի իր նպատակը իրագործելու վրա:

Ո՞վ իրավունք ունի ուսանողին խանգարելու, որ ինքը իր ողջ ջանքերը ուղղի իր ընտրած մասնագիտությունը յուրացնելուն: Այս իրավունքը չունի նույնիսկ պետությունը:

Մայրենի լեզվով խոսելու իրավունքը անօտարելի իրավունք է: Ոչ ոք չի վիճի, որ հայերենի բարբառները (սրանց հետ էլ` Երեւանի բարբառը) մեր մայրենի լեզուներն են: Ո՞վ իրավունք ունի ՀՀ քաղաքացուն ստիպի, որ այս քաղաքացին խոսի կամ գրի միայն իր (այսինքն, միայն չինովնիկի կամ կեղծ հայրենասերի) ուզած հայերեն ոճով, իր իսկ ուզած ձեւով: Նման իրավունք չունի ոչ մի  քաղաքացի, ոչ մի չինովնիկ, ոչ էլ նույնիսկ ԿԳՄՍ նախարարը, վարչապետը կամ նախագահը:

Այս կեղծ հայրենասերները, ըստ էության, ասում են, թե ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ (ԱՅՆՔԱՆ ԷԼ) ՀԱՅԵՐԵՆ ՉԵՆ, ու միայն գրական լեզուն է իսկական հայերենը, ինչը ուղղակի տգիտություն է: Սրանք ասում են, թե իբր որ հայերենը բուհերից հանեն, հայ ուսանողները հայերենն իմանալու հնարավորությունից կզրկվեն:

Բա ինչպե՞ս է, որ անգլիացիները Օքսֆորդ ու Քեմբրիջի մաթեմատիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետներում առանց անգլերեն անցնելու ի վիճակի են անգլերենը սովորելու, հայերը չեն կարող առանց հայերեն անցնելու հայերենը սովորեն: Ի՞նչ է, հայերը բո՞ւթ են:

Մեկ էլ՝ այն հայերը, ովքեր բուհ չեն ավարտել, հայերեն չգիտե՞ն:

Նախքան անցնելը այն ողբերգական հարցին, որ այսօրվա հայերենի սինքրոն լեզվաբանությունը գիտական չի, եկեք առայժմ մի քանի հարց էլ տանք, որոնցից, ինչքան էլ տարօրինակ լինի, առ այսօր ոչ մեկը չի խոսում:

Տրամաբանությանը հակառա՞կ

1.Թե որ 16-17 տարեկան հայ ջահելը այնքան ընդունակություն ունի, որ յուրացրել է դպրոցական մաթեմատիկայի ու ֆիզիկայի պես բարդ գիտություններն ու ընդունվել է համալսարանի ֆիզմաթ կամ բնագիտական այլ ֆակուլտետներն ու այստեղ էլ շատ հաջող է յուրացնում բարձրագույն ֆիզիկան ու մաթեմատիկան եւն, էլ ինչո՞ւ է այս ջահելը ցածր կուրսերում նորից հայերեն անցնում: Ի՞նչ է, հայ ջահելն այնքան բո՞ւթ է, որ դարձել է 16-17 տարեկան ու չի կարողացել գոնե իր մայրենի լեզուն էլ սովորի՞, հա՞:
2.Հովհաննես Թումանյանը ինչո՞ւ էր համոզված, որ հայերեն գրական լեզուն ոչ միայն ոչ մի բանի պետք չի, այլեւ վնասակար է, ու որ դրանից պտի անպայման հրաժարվենք: (Տես Թումանյանի Մի քանի խորհուրդ մեր գավառական մամուլին, 1910, հոդվածը):
3.Ո՞նց է հնարավոր, որ 16-17 տարեկան հայ ջահելը հայերենի քննությունից զրո բալ ստանա: Ի՞նչ է, այդ ջահել հայը հայ չի՞:
4.Թե որ հայերենի քննությունից զրո բալ ստացած այս 16-17 տարեկան հայ ջահելն այնքան անգլերեն իմանար, ինչքան որ հայերեն գիտի, չէի՞նք ասի, որ այս ջահելը հրաշալի անգլերեն գիտի: Չէի՞նք ասի, թե այս ջահելը անգլիացու պես անգլերեն գիտի:
Անգլիացու պես անգլերեն իմանալուց ավելի լավ անգլերեն իմանալ կա՞: Պարզ է, որ չկա: Էլ ո՞նց է, որ հայի պես հայերեն իմանալուց ավելի լավ հայերեն իմանալ էլ կա: Այս ավելի լավ հայերենը ո՞րն է: Ուրեմն, ի՞նչ, հայերենի իմացությունն ինչ-որ մի արտառոց ու գերբնական բա՞ն է, որ միայն մեր լեզվաբաննե՞րն ու հայերենի դասատունե՞րն ու դասախոսնե՞րը գիտեն:
5.Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում (ոնց որ, քափ ու քրտինք մտած, ասում են մեր գրագետները), բա աշխարհում ո՞վ է ճիշտ հայերենով խոսում, չինացինե՞րը, չուկչինե՞րը, թե՞ պոլինեզիացիները: (Մեր լեզվաբաններին որ մնա, կասեն, թե միայն իրենք են ճիշտ խոսում, մեկ էլ` մեր հայ գրողները, էն էլ, ոչ բոլորը):
6.Թե որ հայերը սխալ հայերենով են խոսում (ոնց որ ասում են շատ շատերը), բա հայերն առհասարակ ումի՞ց են հայերենը սովորել: (Մեր լեզվաբաններին որ մնա, երեւի ասեն, թե Մաշտոցից, հայ գրողներից ու իրենցից):
7.Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում (ոնց որ ասում են շատ շատերը), ուրեմն, ի՞նչ է, հայերը հայ չե՞ն, որովհետեւ որեւէ լեզվով միայն այլազգիներն են սխալ խոսում:
8.Հայերը ե՞րբ են ճիշտ հայերենով խոսել, որովհետեւ Մաշտոցից ընդամենը երկու-երեք տասնյակ հետո մեր հունաբան հեղինակներն էլ էին մտածում, թե հայերը խոսում են ռամիկ ու գարշելի լեզվով:
9.Երբեւէ այս կեղծ հայրենասերների մտքներով չի՞ անցնում, որ, ասելով մայրենի լեզու, իրենք լրիվ ուրիշ մի բան են հասկանում: Սրանք չե՞ն գտակցում, որ մայրենի լեզուն հենց մոր սովորեցրած լեզուն է, իսկ ձեր ասած հայոց լեզուն ժուռնալիստների ու գրողների ոճերի մի ինչ-որ միջինն է, ինչը Երեւանի բարբառից տարբերվում է միայն իր օտարաբանություններով, ու ինչի կիրառությունը ամեն մարդու հասու չի:
10.Այս կեղծ հայրենասերները տեղյա՞կ են, որ այսօր կա երկու քերականություն, Մանուկ Աբեղյանինն ու հետաբեղյան քերականությունները, ու սրանք բացարձակ անհամատեղելի են, բայց մեր լեզվաբանները համարում են, որ այս երկուսն էլ ճիշտ են:

Խոսենք, այ, սրանից:

Հակագիտական լեզվաբանությունը

Անցյալ դարի 30-ական թվերին Սովետում հայտարարվեց, որ կիբեռնետիկան, գենետիկան ու հարաբերականության տեսությունը կեղծ ու բուրժուական գիտություններ են, ու սրանք արգելվեցին Սովետի ողջ տարածքում, բայց հետո ռազմական կարիքներն ստիպեցին, որ այս բոլոր գիտությունների վարկը վերականգնվի:

Այդ նույն տարիներին հայտարարվեց, որ Մանուկ Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը մախիստական է, ֆորմալիստական, մետաֆիզիկական, իդեալիստական ու բուրժուական է, որ Աբեղյանը իդեալիստ Բերկլիի (իրենց գրածով` Բերկլինի) հետեւորդն է, ու որ իրենք մերժում են Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը ու պիտի ստեղծեն նոր, դասակարգային ու պրոլետարական քերականություն ու գրականագիտություն:

Ստեղծեցին, ու առ այսօր Աբեղյանի քերականությունը չի դասավանդվում, ու սրա վարկն առ այսօր չի վերականգնված: Սրա փոխարեն դասավանդվում են այդ նույն դասակարգային ու պրոլետարական քերականության ժառանգները՝ ղարիբյան-սեւակյան քերականությունները:

Ես իմ հասուն կյանքի ամենաքիչը 30 տարին նվիրել եմ հայերեն լեզվի ու գրականության զանազան խնդիրներին ու հանգուցյալ Մանուկ Աբեղյանի քերականական տեսության միակ հետեւորդն ու շարունակողն եմ: Պաշտոնական լեզվաբանությունը, այսինքն, մեր ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն ու Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտն ու Աբեղյանի անվան Հայ գրականության ինստիտուտը ու մնացած համալսարանները, չնայած մամուլում իմ հրապարակային ելույթներին ու մի քանի գրքի մեջ շարադրած ցավոտ (ու երեւի կրքոտ) ելույթներին, երբեւէ գիտական պատասխան չեն տվել իմ քննադատություններին, թեեւ իմ քննադատությունը գիտական մեթոդով է ու, ըստ էության, կրկնում է ղարիբյան-սեւակյան քերականությունների Մանուկ Աբեղյանի 1936 թվի սպանիչ քննադատությունը (տես [2]-ը):

Հնարավոր է, որ իմ եզրակացություններն ու դիտողությունները վիճելի լինեն ու սրանք պատասխանի արժանի չլինեն, բայց Մանուկ Աբեղյանն իր սպանիչ քննադատության պատասխանին սպասում է 1936 թվից, այսինքն, համարյա 84 տարի:

1.Ուրեմն, այսօրվա արեւելահայերենն ունի երկու քերականություն, մեկը` Մանուկ Աբեղյանի քերականությունը, մյուսը` հետաբեղյան քերականությունները, իսկ այս վերջինները, ըստ էության, բոլորն էլ նույնն են: Ըստ էության, սրանք իրենց ծնող ու հիմք Ղարիբյան-Սեւակյան քերականություններից տարբերվում են միայն իրենց սխալաշատությամբ, ու նույն հասկացությունները տարբեր տերմիններով նշանակելով, ու բառային անասելի աղմուկով:
Այս երկու քերականությունը, Մանուկ Աբեղյանինն ու հետաբեղյանները (նաեւ ուրեմն, այսօրվանները), իրար բացարձակ են հակասում, ու բացարձակ են անհամատեղելի: Եթե սրանցից մեկը համարես ճիշտ, մյուսն անպայման է սխալ, ինչքան էլ որ մեր այսօրվա քերականները պնդեն, թե ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաեւ [միայն – Մ. Հ.] վիճելի, ինչպես նաեւ հնացած որոշ կետեր…:
2.Արդեն 84 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբեւէ քերականություն չեն դասավանդել ոչ մեր դպրոցներում, ոչ էլ մեր որեւէ բուհում:
3.Ասվածից հետեւում է, որ, այսօրվա հայերեն լեզվի քերականությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ, որովհետեւ իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական (մարդուց անկախ, օբյեկտիվ) չափանիշ չունի:
(Սա նման է այն սովետական անեկդոտին, ինչը պատմում էր, թե Ուզբեկստանի լեռնային խուլ գյուղերից մեկում մի հայ 10 տարի անգլերենի փոխարեն հայերեն էր դասավանդել: Մենք, լուսավոր հայերս, նման մի բանը անում ենք արդեն 84 տարի: Մենք, ինչպես ասում են, ոչ միայն ծառերի հետեւի անտառը չենք տեսնում, այլեւ ծառերն էլ չենք տեսնում, ու մեր տեսածը ընդամենը մի դեկորատիվ, բայց հույժ անխնամ ու անհեթեթ այգի է):
Սրա փայլուն ու անառարկելի ապացույցն այն հանգամանքն է, որ մեր այսօրվա հայ լեզվաբանները, ըստ էության, համարում են, թե այսօրվա նույն արեւելահայերենի այս երկու իրար լրիվ հակասող քերականությունն էլ, թե Աբեղյանինը, թե հետաբեղյանը (Ղարիբյան-Սեւակյանը) ճիշտ են, ու իրարից տարբերվում են միայն վիճելի, ինչպես նաեւ հնացած որոշ կետերով…:
4.Գիտական քերականության բացակայության պատճառով մեր գրական ոճերը ահավոր արհեստական են ու ծանրաշունչ, չափազանց դժվար կիրառելի են, ու ըստ էության մեռած են:
Սրանք մեր մշակույթի ամենամեծ խոչընդոտներից են ու խիստ խանգարում են, մասնավոր առումով, մեր թատրոնի, կինոյի ու հեռացույցի գործունեությանը, ու մանավանդ մանուկների կրթությանը:
5.Տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ արդի հայերենի այսօրվա քերականության ամենագլխավոր սահմանումները (բայի, գոյականի եւն) չեն բավարարում գիտական սահմանումներին ներկայացվող հիմնական պահանջներին: Այս սահմանումները կամ շրջելի (reciprocative) չեն, կամ սրանց ստորոգյալը սահմանած չի: Ուրեմն, այս սահմանումները գիտական չեն:
6.
Արդեն տասը տարի է, ինչ մեր լեզվաբաններին մամուլով ու իմ գրքերում ասում եմ վերը շարադրածը, ու առաջարկում եմ, որ այս հարցերը քննարկվեն, բայց իրենք նույնիսկ մի տող հրապարակային պատասխան էլ չեն տվել:
Լա՛վ, ինձ չեն պատասխանում, թող չպատասխանեն, բայց մեր լեզվաբաններն ինչո՞ւ չեն պատասխանում Մանուկ Աբեղյանի 1936 թվի այն հայտարարությանը, թե… Արարատ Ղարիբյանի քերականության գրքի մի քանի երեսը թերթեցի, եւ գտա, որ դա գրել է մի քերականորեն տգետ մարդ (տես Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր, Մի քանի քերականական հարցերի մասին, էջ` 495; տես նաեւ էջ` 656-657-ը), ինչին հենց ինքը, Ա. Ղարիբյանը, ով ներկա էր այդ հայտարարությանը, մի բառով անգամ չի առարկել:
7.Սա Աբեղյանն ասել է Հայաստանի Լուսժողկոմատի 1936 թվի հրապարակային քննարկման ժամանակ (տես [2]-ը), երբ ինքը երեք օր շարունակ, քննադատելով ջարդուփշուր է արել հետաբեղյան քերականության առաջին տարբերակը, հենց Արարատ Ղարիբյանի ու նաեւ այն օրերի մեր մնացած բոլոր առաջավոր մտավորականների ներկայությամբ (Հրաչյա Աճառյանի ու այլոց):
8.Երեք օր հետո, երբ Մանուկ Աբեղյանը վերջացրել է իր առարկությունները, ոչ ոք, (նաեւ Աճառյանը) ծպտուն անգամ չի հանել, իսկ դահլիճում եղած հայ համարյա բոլոր հեղինակավոր մտավորականները որոտընդոստ ծափերով հավանել են Աբեղյանի այս եռօրյա ելույթը:
Բայց հաղթել են Արարատ Ղարիբյանի ու Գուրգեն Սեւակի հետեւորդները: Հաղթել են մինչեւ այսօր: Հաղթել է կեղծիքն ու տգիտությունը: Գիտությունն ու տրամաբանությունը պարտվել են: Պարտվել են 84 տարի, անընդհատ:
Մի՞թե պարզ չի, որ տգիտությունը, ինչքան էլ ժամանակ անցնի, երբեք էլ գիտություն չի դառնա: Աբեղյանի առարկությունները լույս տեսան միայն 1985 թվին, այսինքն, Աբեղյանի այդ ելույթից 49 տարի հետո միայն: Բայց լրիվ անարդյունք: Այս լեզվաբանական կեղծիքն ու տգիտությունը ամենուրեք համարվում էր ու հենց հիմա էլ է համարվում ճշմարտություն:
Ենթադրենք, մեր այսօրվա լեզվաբանները մինչեւ 1985 թիվը չգիտեին, որ Աբեղյանն այս կարգի կտրուկ ու հզոր առարկություն (շատ մեղմ ասած) ունի այսօրվա հետաբեղյանական քերականություններին (սրանք, նորից եմ ասում, իրենց էությամբ չեն տարբերվում Ղարիբյան-Սեւակյան քերականությունից` տարբերությունը միայն սրանց ահավոր բառային աղմուկն ու անհեթեթությունների ավելացրած քանակն է (օրինակ, հնչյունային ստորոգումը):

Բա հիմա՞: Չէ՞ որ Աբեղյանի Մի քանի քերականական հարցերի մասին (Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր) գործը հրատարակվելուց հետո արդեն 35 տարի է անցել, ու մեր լեզվաբանները, զարմանալի միաբան ու հաստատակամ, բառ անգամ չեն ասում իրենց քերականության քննադատ այն գիտնականին, ով արդի հայերենի գիտական տեսության հիմնադիրն է, ու ով իրենց քերականությունները համարում է տգիտություն:

ԿԳՄՍ-ն մինչեւ հիմա բազում անիմաստ վճիռ է հանել, ու այս կիսատ-պռատ վճիռը թերեւս դրա միակ լրջմիտ վճիռն է, բայց այս անգամ էլ մեր կեղծ հայրենասերներն են իրենց պոզերը տնկել, որ լեզվաբանական 84-ամյա տգիտությունը անարգել շարունակվի ու տարածվի Հայաստանում:

Սա, անկասկած, ազգային ողբերգություն է, ու իմ կյանքի դառը փորձը թույլ չի տալիս, որ գոնե հույս ունենամ, թե այս ողբերգական վիճակը մի օր կվերանա, որովհետեւ հույս չունեմ, որ մեր այս կեղծ հայրենասերների թիվը կպակասի:

 

Մերուժան  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՊՀ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930