Կապանի օդանավակայանը նախագծվել, կառուցվել եւ սերտիֆիկացվել է միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան, սակայն անգամ հարեւան երկրներ այս օդանավակայանից չեն կարող թռիչքներ իրականացվել: Դրա մենաշնորհը «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններինն է: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Նարեկ Ամբարյանը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Նարեկ Ամբարյանը լրագրողների հարցերին պատասխանեց մեդիա-տուրի ժամանակ:

Տեղեկացանք, որ Կապանի օդանավակայանից չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական L-410 ինքնաթիռը, տոմսի արժեքը կկազմի մոտ 40.000 դրամ՝ վերադարձով:
«Մեր հաշվարկով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ինքնաթիռը կարող է մեկ օրում 4 անգամ թռիչք իրականացնել դեպի Երեւան ու վերադառնալ Կապան»,-ասաց Նարեկ Ամբարյանը՝ հույս հայտնելով, որ մի օր էլ Կապանի օդանավակայանից այլ երկրներ թռիչքներ կունենանք. «Սա մեզ համար սոցիալական պրոյեկտ է, որն ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը: Սա բիզնես ձեռնարկ չէ եւ շահույթ չի հետապնդում: Օդանավակայանը նաև ստրատեգիական կարեւոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ Սյունիքը ավելի կմոտեցնի Երեւանին»:

Կարդացեք նաև
Պարոն Ամբարյանը նաեւ հայտնեց, որ կոմբինատը սուբսիդավորելու է առանձին սոցիալական խմբերին ինքնաթիռի տոմսի արժեքը:
Կապանի օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ օդանավակայանում 20-ից ավել աշխատատեղ կբացվի:
Օդանավակայանը 1 ժամում կարող է սպասարկել մոտ 100 մարդու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































