Ս․թ․ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ, որը հրավիրվել է խորհրդի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի։
Օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով խորհրդում ստեղծված իրավիճակի և խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերի քննարկումը։

Խորհրդի անդամները նախ անդրադարձել են ս․թ․ նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանի կողմից իրենց ուղղված նամակին, որտեղ վերջինս հայտնել է ՀԽ անդամակցությունը դադարեցնելու իր որոշման և դրա պատճառների մասին։
Կարդացեք նաև

Այս համատեքստում քննարկվել է նաև Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ։
ՀԽ անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։

Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն


















































