Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահական ընտրությունները սրբերի «քասթինգ» չէ». քաղաքագետ

Նոյեմբեր 29,2019 13:30

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանին «չարիք» անվանելով` Նիկոլ Փաշինյանը կանխել է «ղարաբաղյան կլանի» հարձակումը Տեր-Պետրոսյանի վրա

«Ուրախ եմ, որ Փաշինյանը գնաց այդ համարձակ քայլին։ Ուրախ եմ, որ իմ կողմից հնչել է քննադատություն՝ ու տեսնում եմ, որ այն շտկվել է վարչապետի կողմից։ Այդքան անհամեստ չեմ, որ ասեմ՝ իմ խոսքին է հետեւել, այլ ինքն է հանգել ճիշտ որոշման։ Բայց ինձ հետ միասին տասնյակ հրապարակային գործիչներ Փաշինյանին հանդիմանում էին 1996-ին գնահատական չտալու համար, ու երբ վարչապետն արեց դա, նրանցից ոչ մեկն ինձ հետ միասին չուրախացավ, այլ ավելի կատաղի հարձակվեցին Փաշինյանի վրա, հիմա էլ մեղադրելով, որ եթե Տեր-Պետրոսյանին չարիք է համարում, ինչո՞ւ էր 2008-ին ցանկանում նրան իշխանության բերել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել:

Հիշեցնենք, Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որեւէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետեւ վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը եւ փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է` ինքը քանիցս է անդրադարձել խնդրին`թե ինչո՞ւ է վարչապետն իր վստահության ռեսուրսը ծախսում ու Լեւոն Տեր-Պետրոսյանին իր պաշտպանության տակ առնում՝ 1996-ի համար. «Ասել, թե 2008-ը համեմատելի չէ 1996-ի հետ, այն պատճառով, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհեր ենք ունեցել, անհամոզիչ է, քանի որ այսօր զոհերի հարցով չէ դատավարությունը, այլ՝ սահմանադրական կարգի տապալման, ինչի մասին նույնպես ժամանակին խոսել եմ։ Նշել եմ նաեւ, որ քանի դեռ նոր իշխանությունները 1996-ին գնահատական չեն տալիս, նրանք կաշկանդված են Մարտի 1-ի հարցով, քանի որ իրենց ընդդիմախոսները մշտապես մատնացույց են անում դա, որ երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում»։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց 1996 թվականի իրադարձությունների մասին, Էդվարդ Անտինյանն արձանագրում է. «Այսինքն, մեր ապակառուցողական ընդդիմախոսները ելնում են հետեւյալ սկզբունքից՝ ինչ անեն իշխանությունները՝ քննադատենք, եթե ոչինչ չանեն՝ քննադատենք, թե ոչինչ չեն անում։ Ախր ձեր ուզածն է արել՝ ինչի՞ց եք դժգոհում, թե՞ ձեր ուզածը միայն քննադատելն է»։

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության առիթով ՀԱԿ-ից խիստ քննադատություն հնչեց՝ մասնավորաբար հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի ընտրություններում սատարել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, պայքարելով, որ «չարիքը» գա իշխանության: Այդ համատեքստում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին, մեր զրուցակիցն ասում է. «Պետք է նկատի ունենալ, որ նախագահական ընտրությունները սրբերի «քասթինգ» չէ. դու ընտրում ես առաջադրված թեկնածուների միջից, ուստի կարող է քեզ բախտ չվիճակվել ընտրել լավից լավին, այլ ընտրես չարիքի փոքրագույնը։ Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների հաղթելու շանս ունեցող թեկնածուները Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էին: Ընդդիմադիր Փաշինյանն այս երկուսից ո՞ւմ կողքին պետք է կանգներ, եթե ոչ Տեր-Պետրոսյանի, հո չէ՞ր կանգնելու ընդդիմադիր որեւէ այլ թեկնածուի կողքին, երբ նրանց Սերժ Սարգսյանը հաճախորդ էր որակում»։

Մեր զրուցակիցը հատկանշական է համարում, որ Վազգեն Մանուկյանի այսօրվա «քաղաքական ռեինկարնացիան» կառուցված էր նրա վրա, որ ինքն էր 1996-ի ընդդիմադիր հիմնական դերակատարը: Ուստի, ըստ նրա, խփելով Տեր-Պետրոսյանին, նա խփելու էր Փաշինյանին, քանի որ համառորեն նրանց նույնացնում են. «Ստացվում է՝ դա պետք է օգտագործվեր Քոչարյանին աջակցելու համար, ինչի ապացույցն էր «Վերնատան» առաջին իսկ հայտարարության մեջ համապատասխան պահանջը՝ «Մարտի 1-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը»։ Էդվարդ Անտինյանը հիշեցնում է, որ իր վերջին հարցազրույցներից մեկում ինքն այդ տարբերակը դիտարկել էր` ասելով. «Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին ժամանակին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա խոսի Տեր-Պետրոսյանի դեմ, կամ առնվազն զսպի առաջին նախագահի հետընտրական ակտիվությունը, Մանուկյանը գործոն էր անցյալում, առաջին նախագահի դեմ խոսելու կամ լռելու պարագայում, նա այսօր գործոն չի կարող դառնալ»։

«Իտալիայում տրված իր գնահատականով Նիկոլ Փաշինյանը պատկերավոր ասած՝ սպիտակներով արեց իր քայլը, երբ Վազգեն Մանուկյանը դեռ չէր էլ հասցրել անգամ իր խաղաքարերը շարել խաղատախտակի վրա։ Այնպես որ, Տեր-Պետրոսյանի թիմակիցները ոչ թե պետք է սրտնեղեն՝ թե վարչապետն առաջին նախագահին չարիք անվանեց, այլ հասկանան, որ դրանով կանխեց «ղարաբաղյան կլանի» հարձակումը Տեր-Պետրոսյանի վրա, դա ծառայեցնելով երկրորդ նախագահի շահերին։ Ուստի, ավելի լավ է Տեր-Պետրոսյանի թիմակիցները ոչ թե հերքեն անհերքելին, այլ արժանապատվորեն ընդունեն իրողությունը եւ մխիթարվեն նրանով, որ առաջին նախագահին ռեաբիլիտացրել է հենց ժողովուրդը՝ նրա կողքին կանգնելով 2008-ին՝ չարիքի դեմ պայքարում, եւ ավելորդ պաշտպանության տակ չառնեն նրան, դրանով իսկ խոցելի դարձնելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ Փաշինյանին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    1996թ Ես ատում էի Լևոն Տեր– Պետրոսյանին 95և96–ի ընտրությունները կեղծելու համար ,բայց 2008–ին ես ընտրեցի Լևոն Տեր Պետրոսյանին իմ ընտրությունը բնութագրելով` Ես ընտրում եմ` ։

Պատասխանել manvel

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930