Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեճը ենթակա չէ դատարանում քննության» պատճառաբանությամբ որոշումով դատարանը մերժված հայցը բավարարել էր

Դեկտեմբեր 04,2019 14:00

«Իմ նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինձանից ուժով խլված իմ սեփականությունը հետ բերելու ուղղությամբ տարիներ շարունակ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների, սակայն նկատի ունենալով, որ ես պայքարել եմ մեծն գերազանցություն՝ կոռուպցիայի  եւ իշխանության հետ սերտաճած թալանչիների, օրինախախտների, հանուն փողի հավատ ու պետություն ուրացող պաշտոնյաների դեմ, բնական է, որ ես արդյունքի չպետք է հասնեի: Ես չեմ կարող համակերպվել իմ նկատմամբ կատարված առերեւույթ հանցագործության հետ, անկախ անցած տարիներից եւ իրավապահ համակարգում աշխատած տարբեր պաշտոնյաների կողմից իմ նկատմամբ գործած, քրեորեն պատժելի անարդարություններից», – Գագիկ Զաքարյանի նամակից է, որն ուղղել էր ԱԱԾ նախկին պետ Ա. Վանեցյանին:

Գագիկ Զաքարյանի խնդրին «Առավոտն» անդրադարձել է երկու անգամ. «Արդարության ժամանակը երբեք չի գա» եւ՝ «Տերովին տերն է տանում, անտերին՝ մահվան խուցը»: Դրանք տպագրվել են 17 տարի առաջ (լուսանկարում պատկերված է):

Թվում էր, թե նրա բարձրաձայնած խնդիրը լուծվել է, սակայն մեծ եղավ զարմանքս, երբ օրեր առաջ հանդիպեցի նրան եւ պարզվեց՝ նամակների ու փաստաթղթերի հարուստ փաթեթ է ուղարկել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին: Վերջինները նույնպես փոխվեցին ու հերթական հույսը նորից մարեց:

Գ. Զաքարյանի գործը լսվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ:

Հայտնի է, որ այդ ժամանակ քաղաքացին հանդես էր եկել դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նամակով, որով դիմել էր արդարադատության նախկին նախարարին:

Այս գործը ժամանակին աղմուկ բարձրացրեց, երբ պարզվել էր, որ Գագիկին առեւանգել էին եւ տարել Աբովյան քաղաքի պիոներպալատի նկուղ:

Առեւանգողներից մեկը զբաղվում էր գունավոր մետաղների ընդունման գործունեությամբ, մեկն էլ կին էր:

Նրանք, ըստ Գագիկի, ստիպողաբար իրենից վեց հազար դոլարի պարտավորագիր էին վերցրել. «Պարտքը դրել ինձ վրա:

Արդյունքում, բնակարանս ու գույքս «պատահաբար», բազմաթիվ իրավախախտումներով վաճառվել էր Կոտայքի ոստիկանապետին»:

«Դատարանն իմ դեմ հայցը 15.10.01թ. կրկնակի ընդունել է վարույթ, մեզնից՝ պատասխանողներից գաղտնի պահելով այդ հանգամանքը, տարել է քննություն եւ նախկինում «վեճը ենթակա չէ դատարանում քննության» պատճառաբանությամբ որոշումով մերժված հայցը բավարարել է»,- վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում իր բողոքում հայտնել էր նա:

Հայցվոր կողմը դատական գործընթացի ժամանակ տեղեկացրել էր, որ աճուրդով գնել է Ա. Խաչատրյան փողոցի վրա գտնվող բնակարանը, որը պատկանել է Գ. Զաքարյանին: Ըստ հայցվորի, գումարի պարտքի դիմաց բռնագրավում էր տարածվել ԴԱՀԿ ստորաբաժանման կողմից: Նա մասնակցել է աճուրդի եւ այդ ժամանակ գնել է վիճելի տունը:

Հայցվորը հանդես էր եկել բնակարանից Գագիկին վտարելու պահանջով, որպեսզի կարողանա տիրապետել իր գնած բնակարանը:

Ի դեպ, դատարանը բնակարանից վտարել էր՝ առանց հաշվառումից հանելու Գագիկին ու նրա կնոջը:

«Թե ինչ ձեւով էր մտադիր դատավոր Հովսեփյանը մեզ բնակարանից վտարել՝ առանց բնակարանի հաշվառումից հանելու, պարզ դարձավ հետեւյալով. կոպիտ ձեւով խախտելով Քաղօրի 225 հոդվածը, Քաղդատօրի 111, 119 հոդվածների պահանջները, դատաքննությունը ձգելով 7 ամիս, հայցվորի համատեղ մտածված սցենարով, ՆԳ անձնագրային բաժնի միջոցով, 1998թ. կառավարության ինչ-որ մի որոշման հիմքով պատասխանողներիս հանեցին բնակարանի հաշվառումից, այդ ձեւով դադարեցնելով իմ բնակօգտագործման իրավունքը։ Մի՞թե դատավորը տեղյակ չէր, որ 1999թ.-ից գործում է Քաղաքացիական նոր օրենսգիրքը։ Յոթ ամիսների դատաքննության ընթացքում մեր գործին կցված է եղել 20 թերթ արձանագրություն, այն դեպքում, երբ մեր մոտավոր հաշվարկով գործից ոչնչացվել է մոտ 40 թերթ եւ դիտավորյալ չեն կցվել մեր կողմից դատարան ներկայացված 10 անուն փաստաթղթերը», -հայտնել էր Գ. Զաքարյանը:

Այս գործով թե տեղատեսություն էր եղել, թե հակընդդեմ հայց:

Ներկա իրավապահներին դիմելով, Գ. Զաքարյանը ուշադրություն է հրավիրում աճուրդի անցկացման ժամանակ եղած խախտումների վրա, երբ բնակարանի գինն անհամեմատ ցածր էր գնահատվել, մեկնարկային գինը հակասել է օրենքի պահանջներին, աճուրդի մասին տեղյակ չի պահվել բնակարանատերը, գործարքը կատարվել է ըստ էության գաղտնի:

«Աճուրդին օրինական տեսք տալու համար հարկադիր կատարողը աճուրդի երկրորդ մասնակից է դարձրել մեկին, ով տասը տարի տվյալ հասցեում չի բնակվել, ընթերակաները մտացածին են եղել, տվյալ հասցեում տասը տարի բնակվում են իրանցիներ»,-գրել էր ԱԱԾ պետին Գ. Զաքարյանը:

Աճուրդով վաճառվել է 73քմ տարածք, մինչդեռ, կադաստրում նշված է՝  93քմ տարածքը. «Փաստորեն, իմ կողմից կառուցած եւ ապօրինի շինարարություն համարվող քսան քառակուսի մետրը միանգամից օրինական է համարվել ու կցվել բնակարանի մակերեսին, անտեսելով իմ սեփականություն համարվելու բոլոր փորձերր»:

Քաղաքացին սպասում է, թե իրեն կկանչեն իրավապահ մարմին, որպեսզի կաշառքի վերաբերյալ հաղորդում տա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
3.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031