Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն օրերս բողոքի ցույց էին անում ԱԺ շենքի մոտ ու սպառնում որդու դին բերել ու դնել ԱԺ-ի մոտ: Նրանք պահանջում էին տեղեկություն, թե ինչ հանգամանքներում են իրենց որդուն սպանել:

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ երբ մահացած զինվորի ծնողները գնացել են Արցախի հանրապետություն, ե՛ւ զորամասի հրամանատարը, ե՛ւ դիվիզիայի հրամանատարը, ե՛ւ ՊԲ հրամանատարի տեղակալը, բոլորը հանդիպումներ ունեցել են իրենց հետ, բոլորը եկել, մասնակցել են ե՛ւ հոգեհանգստին, ե՛ւ հուղարկավորությանը. «Ամբողջ ծավալով մենք փորձել ենք նաեւ այդ վիշտը կիսել նրանց հետ եւ դա կանոնակարգված է: Ցանկացած զինծառայող մեր գործընկերն է ու մեր շարքերից է հեռանում, եւ ամենամեծ ցավը զգացողը զինված ուժերն են՝ հանձինս ՊՆ-ի: Կոչ եմ ուզում անել՝ ձեռնպահ մնացեք ոչ պաշտոնական աղբյուրներից որեւիցե տեղեկատվություն ստանալուց եւ տարածելուց կամ եթե ստանում եք, անպայման ճշտեք պաշտոնական մարմնի հետ: Անմեղության կանխավարկած, նախաքննության գաղտնիք, դրանք պատահական ու մտացածին չեն: Մեզ ասում եք՝ ինչի՞ մեզ ճիշտը չեք ասում, բայց ճիշտը ո՞վ գիտի, մեկը գիտի՞ ճիշտը, մինչեւ քրգործի նախաքննությունը չավարտվի, դատական ակտ չհրապարակվի, որեւիցե մեկը չի կարող պնդել, որ դա ճիշտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































