Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ արդյունավետ գյուղատնտեսություն

Դեկտեմբեր 07,2019 13:30

Պատերազմի պատճառած արհավիրքներն ու վնասները թոթափող Արցախի տնտեսությունը վերջին տարիներին նկատելի առաջընթաց է ապրել: Բնականաբար, գյուղատնտեսության ոլորտում գործադրված ճիգերի արդյունքներն ավելի արտահայտիչ կերպով են երեւակվում՝ հատկապես այս ոլորտի զարգացմանն Արցախի իշխանություններն անցած տարիներին մեծ ուշադրություն են դարձրել, եւ արդյունքներն էլ ակնհայտ են:

Մեր զրուցակիցը ԱՀ գյուղատնտեսության նախարարի՝ ոռոգման համակարգերի գծով տեղակալ Համլետ Ապրեսյանն է:

 -Վերջին տարիներին ակտիվացել են աշխատանքները ջրային ոլորտի բարեկարգման եւ կատարելագործման ուղղությամբ: Նշվում է, որ իրականացվել է զգալի աշխատանք, եթե խոսենք թվերի լեզվով:

-«Արտեզյան ջրհորների կառուցում, վերանորոգում» ծրագրով 2018-2019 թվականներին հորատվել է 25 հատ նոր խորքային հոր եւ կառուցվել են ոռոգման համակարգեր, այդ թվում 12-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Կառուցվել է մեկ պոմպակայան, կատարված աշխատանքների արդյունքում ոռոգովի է դարձել 536 հա հողատարածք, որից 150 հա այգիներ արդեն կահավորված են կաթիլային ոռոգման համակարգով: Ասեմ, որ նախորդ տարիներին, մինչեւ 2018 թվականը, հորատվել էր 32 խորքային հոր՝ ոռոգովի դարձնելով 490 հա:

Երեք համայնքներում 2018 թվականին մաքրվել է 55 հատ քյահրիզ (ջրուղի), 2019 թվականին՝ 40 հատ քյահրիզ, վերականգնվել է մեկ աղբյուր, իսկ երեք համայնքներում նման աշխատանքները շարունակվում են:

2018-2019 թվականին 120 հա հողատարածքների (կահավորված ոռոգման կաթիլային համակարգով) էլեկտրիֆիկացման նպատակով կառուցվել է 20 կմ երկարությամբ բարձր լարման օդային գիծ:

Նշենք, որ 16 համայնքներում նախատեսված եւ պատվիրված են խորքային հորերի հորատման (7 հատ), վերականգնման (5 հատ) եւ պոմպակայանների (3 հատ) կառուցման ՆՆՓ-երի մշակման աշխատանքներ, 2020 թվականին նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ոռոգովի կդառնա 1300 հա հողատարածք:

«Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում եւ պահպանում» ծրագրով 2018 թվականին իրականացվել են 70 կմ երկարությամբ ջրանցքների մաքրման աշխատանքներ, 2019 թվականին՝ 150 կմ (2017թվականին՝ 35կմ): 2018-2019 թվականներին կառուցվել են նոր ջրագծեր, ինչպես նաեւ իրականացվել են կառուցված ջրագծերի ընդլայնման աշխատանքներ՝ ոռոգովի դարձնելով 325 հա:

2019 թվականին ավարտվել են ԱՀ-ում ոռոգման համակարգերի գույքագրման եւ չափագրման, հողհատկացման ու հատակագծերի հաստատման աշխատանքները, բոլոր փաստաթղթերն ուղարկված են անշարժ գույքի պետական կադաստր՝ իրավունքի պետական գրանցումն ապահովելու համար:

2018 թվականին 3 համայնքների չորս տեղամասերում՝ հետագայում խորքային հորերի հորատման նպատակով, իրականացվել են ստորերկրյա ջրային ռեսուրսների որոնման աշխատանքներ:

2018թ. փաստացի ոռոգվել է 5260 հա հողատարածք, իսկ 2019 թվականին` 6328 հա հողատարածք (2017թ.- 5780 հա, 2016թ- 3490 հա):

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին կատարված աշխատանքների արդյունքում 223 հա անջրդի հողատարածք ապահովվել է ոռոգման ջրով, իսկ 2019 թվականի 11 ամսվա արդյունքում՝ 640 հա, մի շարք աշխատանքներ դեռեւս ընթացքի մեջ են:

-Կաթիլային ոռոգման համակարգը նորություն էր Արցախում, ի՞նչ պատկեր ունենք, ի՞նչ է հաջողվել անել այս ուղղությամբ:

-Այսօր համաշխարհային ագրարային փորձից կարելի է անել մի կարեւոր եզրակացություն՝ հնարավոր չէ ունենալ արդյունավետ գյուղատնտեսություն առանց ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման:

Ոռոգման ճիշտ իրականացումը թույլ է տալիս գյուղատնտեսությունը բարձր ռիսկային գործունեության կատեգորիայից դարձնել ավելի կայուն, հուսալի եւ եկամտաբեր:

Հաշվի առնելով, որ ջրամատակարարման մեխանիկական եղանակի պատճառով անհամեմատ ավելանում են շահագործման ծախսերը, եւ անարդյունավետ են դառնում ոռոգման ավանդական տեսակները, անհրաժեշտություն է առաջանում ներդնել ջրման այնպիսի եղանակներ, որոնց դեպքում փոքր կլինեն ջրման, հետեւապես նաեւ՝ ոռոգման նորմաները:

Նորագույն տեխնոլոգիայի ներդրումը հանրապետությունում ոչ միայն կխթանի ջրօգտագործողների գործունեությունը, այլեւ նպատակահարմար է երկրի բնակլիմայական եւ աշխարհագրական պայմաններում:

«Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանում» ծրագիրը գործում է 2016 թվականից եւ նախատեսում է աջակցություն նոր հիմնադրվող եւ մինչեւ երկու տարեկան բազմամյա տնկարկների, ինչպես նաեւ ծխախոտի մշակության համար ոռոգման կաթիլային եւ անձրեւացման համակարգի տեղադրում՝ համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց եւ 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության, իսկ երեք ու բարձր տարիքի բազմամյա տնկարկների եւ միամյա մշակաբույսերի դեպքում՝ համակարգի արժեքի չափով անտոկոս փոխառության տրամադրմամբ:

«Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանում» ծրագրով 2016 թվականից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը բավարարվել է 115 հայտ եւ կաթիլային ոռոգման համակարգ է կառուցվել շուրջ 1526 հա հողատարածքների վրա, որից պտղատու եւ խաղողի այգիներ՝ 1112 հա, ծխախոտ՝ 168 հա եւ բանջար-բոստան՝ 247 հա:

ԱՀ Կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 334-Ն որոշմամբ նախատեսվել է նաեւ աջակցություն տրամադրել անձրեւացման ոռոգման համակարգ ներդրողներին: Այս պահի դրությամբ ունենք չորս հայտատու՝ ավելի քան 400 հա հողատարածքներ ոռոգելու նպատակով:

-Սակավաջրության՝ մշտական առկա խնդիրը լուծելու համար ի՞նչ միջոցներ եք գործադրում:

-Արցախի Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման գործում վճռորոշ դեր ունի հանրապետության ոռոգման համակարգերի հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

Չնայած այն հանգամանքին, որ Արցախը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանք խիստ անհավասարաչափ են բաշխված հանրապետության տարածքում: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մոտակայքում հիմնականում չկան ջրային մեծ պաշարներ, իսկ եղած պաշարները տեղափոխող ոռոգման ենթակառուցվածքները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Մակերեսային հոսքերը տեղաբաշխված են լեռնային շրջաններում, որտեղ չկան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, իսկ դրանց տեղափոխման համար ենթակառուցվածքների կառուցումը կապված է հսկայական ծախսերի հետ, այդ իսկ պատճառով այդ ռեսուրսները հիմնականում օգտագործվում են էներգետիկ նպատակներով: Գյուղատնտեսական հողատարածքների մոտակայքում գտնվող գետերը, լինելով լեռնային, չունեն հաստատուն ելք եւ ամառվա տապին գրեթե չորանում են: Նման դեպքում անհրաժեշտ է կառուցել ջրամբարներ, որոնք թույլ կտան կանոնավորել տվյալ գետերի հոսքերը, եւ հավաքելով գարնանային հոսքերը, օգտագործել դրանք գյուղատնտեսական նպատակներով, ինչը եւս  պահանջում է հսկայական ներդրումներ:

Ջրային համակարգերի զարգացման հեռանկարային քաղաքականության ծրագրի մեջ ներառված ենթածրագրերը երկարաժամկետ են եւ պահանջում են մեծ ներդրումներ: Ծրագրով նախատեսված է կառուցել 8 ջրամբար, որտեղ կամբարվի ավելի քան 31 մլն խ/մ ջուր եւ ոռոգովի կդարձվի ավելի քան 12700 հա հողատարածք:

Հանրապետության տարածքում առկա մեծ ջրամբարների օգտակար ծավալը կազմում է 635 մլն խ/մ, որից Սարսանգը` 600, Մատաղիսը` 5, Խաչենը` 15, Վարանդա ջրամբարների ցանցը՝ 15 մլն խ/մ: Ոռոգման համար այսօր Արցախի Հանրապետության տարածքում օգտագործվում են միայն Խաչենի, Վարանդայի եւ մի շարք ներհամայնքային փոքր ջրամբարներ:

Պատվարների անվտագության ապահովության ծրագրով մասնագետների կողմից Խաչենի, Սարսանգի, Մատաղիսի, Վարանդայի եւ մի շարք ներհամայնքային ջրամբարների պատվարների հիդրոհանգույցների սեյսմիկ վտանգի ու տեխնիկական վիճակի դիտարկումներից եւ ուսումնասիրություններից պարզվել է, որ  անհրաժեշտ է  ուշադրությունն ուղղել շրջաններում ներհամայնքային փոքր ջրամբարների պատվարների վերականգնման վրա, քանի որ սակավաջուր ամիսներին ջրի պահանջարկը կարելի է ծածկել սելավներից հավաքած ջրի պաշարներով:

Չնայած որ ԱՀ-ում առկա ջրային պաշարների մի զգալի մասը ստորերկրյա է եւ դրանք հիմնականում գտնվում են մինչեւ 150 մ խորությունների վրա, այնուամենայնիվ, դրանք պիտանի են ոռոգման համար: Պարզապես անհրաժեշտ է հետամուտ լինել դրանց արդյունավետ օգտագործմանը: Խորքային հորի հորատումը եւ կահավորումը բավականին ծախսատար աշխատանք է, սակայն կան լավ վարելահողերի հսկայական տարածքներ, որտեղ բացակայում են մակերեսային հոսքերը, եւ առանց խորքային հորերի անհնար է տվյալ տարածքներում զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ: Խորքային հորը հորատելուց բացի, անհրաժեշտ է մոտեցնել էլեկտրական հոսանքը, կառուցել տրանսֆորմատորային կայան, ոռոգման համակարգ եւ այլն: Խորքային հորերի ելքերը տատանվում են 5-50լ/վ սահմաններում: Յուրաքանչյուր խորքային հորից կարելի է ոռոգել մինչեւ 50հա հողատարածք՝ կախված կլիմայական պայմաններից, բույսի տեսակից եւ հորի ելքից: Քանի որ խորքային հորից մատակարարվող ջուրը մեխանիկական է եւ ունի բավականին մեծ ինքնարժեք, ապա նպատակահարմար է խորքային հորերը կահավորել ոռոգման կաթիլային կամ անձրեւացման համակարգերով, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործվի ջուրը եւ մեծ լինի մեկ հեկտարից ստացվող շահույթը:

ԱՀ-ում գործում է մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի սուբսիդավորման ծրագիրը, մասնավորապես՝ «Մեխանիկական եղանակով» 2018 թվականի ընթացքում ոռոգվել է 964 հա հողատարածք, իսկ 2019 թվականի տասը ամսվա արդյունքում՝ 1309 հա հողատարածք  (2017թ. 725 հա, 2016թ՝ 241 հա):

Այս պահի դրությամբ ոռոգման նպատակով շահագործվում է 82 հատ խորքային հոր, որոնք հանդիսանում են պետական սեփականություն:

-ԽՍՀՄ ժամանակներից որոշակի ժառանգություն մնացել է, ի՞նչ վիճակում են ջրանցքները, որքանո՞վ են դրանք արդյունավետ, եւ որքանո՞վ է հաջողվում ռացիոնալ օգտագործել ջրային ռեսուրսները:

-Խորհրդային տարիներին հանրապետությունում կառուցվել են մի շարք միջտնտեսային եւ ներտնտեսային ջրանցքներ ու ոռոգման ցանցեր: Դրանք կառուցվել են նախկին կոլտնտեսությունների ժամանակ՝ համեմատաբար մեծ հողատարածքների վրա, որտեղ ցանքաշրջանառության տակ է դրվել հիմնականում մեկ մշակաբույս: Հողի սեփականաշնորհման հետեւանքով նույն տարածքը բաժանվել է 50-100 գյուղացիական տնտեսությունների միջեւ, որոնք տվյալ տարածքում զբաղվում են տարբեր մշակաբույսերի աճեցմամբ, որոնց ոռոգման նորմաները եւ ռեժիմները տարբեր են, հետեւապես` նախկին ժամանակավոր ոռոգիչները դարձել են հողային հունով մշտական ցանցեր, ավելացել են ջրի կորուստները, չկան անհատական ջրամատակարարում եւ ջրաչափություն, հնարավոր չէ կիրառել ջրման առաջավոր մեթոդները:

Ներկայումս ոռոգման բնագավառի կարեւոր հիմնախնդիր է համարվում նաեւ ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը: Դրա պատճառը հնացած ենթակառուցվածքների օգտագործումն է, տեղափոխման ճանապարհին մեծ քանակությամբ ջրի կորուստը, ինչպես նաեւ ջրընդունիչ սարքերի վրա ջրի հաշվառման համակարգերի թերի կիրառումը: Հարկ է նշել, որ ներկայումս ջրային ռեսուրսների մոտ 5-7 տոկոսն է օգտագործվում ոռոգման նպատակով, ինչը վկայում է ոռոգման համակարգերի առկա նվազագույն քանակի եւ անմխիթար վիճակի մասին:

Զրուցեց Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
6.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031