Ոստիկանական բաժանմունքների մուտքերը, ելքերը, հարցաքննության համար օգտագործվող սենյակները կահավորելու են տեսանկարահանող, տեսաձայնագրող սարքերով՝ խոշտանգումներից զերծ մնալու համար:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց այդ հարցը եւ առաջարկվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքերը տեղադրվելու են ոստիկանների համազգեստին՝ տեսանելի, կամ կրելու են ձեռքով, կամ լինելու է տրանսպորտային միջոցում: Սա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ոստիկաններին: Գաղտնի գործողությունների ժամանակ միայն բացառություն է կազմում:
Կարդացեք նաև
Այս տեսախցիկները ձեռքբերելու համար անհրաժեշտ է 208 մլն դրամ, որի մի մասը առայժմ նախատեսվում է տրամադրել ոստիկանության բյուջեից, օրինակ, 2020-ին նախատեսվում է 70 մլն 812 հազար դրամ, ֆիննախի բյուջեով ապահոված չի, ոստիկանությունը դա իր միջոցների հաշվին պետք է ապահովի:
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց. «Օրենքի նախագիծն ուշացած է, որովհետեւ վերջին մի քանի ամսում երբ ուսումասիրեցինք միջազգային փորձը, 80-90 տոկոս նվազել են այդ երկրներում բռնության եւ խոշտանգումների դեպքերը»: Նա հետաքրքրվեց՝ ոստիկանները կարո՞ղ են անջատել տեսախցիկները, այսպես ասած իրենց «գործն» անեն, հետո միացնեն, ոստիկանության մասնագետը վստահեցրեց, որ ոչ, նման բան օրենքով չի նախատեսվում:
Սասուն Միքայելյանն էլ հարցրեց. «Ոստիկանը, հենց ծառայության է գնում, պետք է միացնի՞ տեսանկարահանող սարքը, թե՞ ինքը պահի տակ երբ ուզի՝ միացնում է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ կարա ոստիկանության աշխատողը մարդուն բերի հունից հանի, հետո միացնի, չի երեւում, որ էդ մարդն է նրան հունից հանել, հասկանո՞ւմ եք: Առավոտը գնաց ծառայության, պետք է միացնի՞, չէ, դրա համար էլ էդ պրոբլեմը միշտ էլ կլինի, ինչպես գիտեք, մեր մեծարգո ոստիկանները դա անում են»:
Ոստիկանության ներկայացուցիչն էլ ասաց, որ դրա համար նախատեսվում է, որ ոստիկանն անպայման հարցաքննի հարցաքննության համար նախատեսված սենյակում, չի կարող տանել իր աշխատասենյակ եւ հարցաքննել:

Փոխոստիկանապետ Եսայանը պատասխանեց. «Սա մենք ընդամենը ընդօրինակել ենք արտասահմանյան փորձից»: Պատգամավորներն արձագանքեցին՝ հա, ձեր սրտով էլ չի, էլի:
Ուշագրավ էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը նույնպես դեմ էր նախագծի այն դրույթին, որը նախատեսում է օպերատիվ հարցման սենյակում տեսախցիկ ունենալ: Նա զարմացած էր, որ նման ձեւակերպմամբ նախագիծ են բերել. «Սա կարող է պարալիզացնել ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ողջ պրոցեսը»: Նա ասաց, որ առանց այն էլ մի լավ վիճակ չունենք ոստիկանությունում, հանցավորությունը իր տեխնիկական միջոցներով, ինտելեկտուալ կարողություններով վաղուց անցել է ոստիկանությանը, հիմա նորից բերում են կազմալուծելու. «Ես հասկացա, որ հիմքում միջազգային փորձն է, բայց հաշվի առե՞լ եք աշխարհում ոստիկանության աշխատավարձը, նրանց տեխնիկական միջոցները: Սա հետագայում քրգործեր են դառնալու ոստիկանների գլխին, առանց այն էլ այսօր ով մի քիչ լիազորությունները չարաշահում է՝ քրեական պատասխանատվության է ենթարկվում»:
Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Մարդուն տանում-ծեծում են, ինչ ասես կորզում են, հիմա ի՞նչ է խանգարում, որ ոստիկանը տանում է էդ սենյակ, կարա տանի մյուս սենյակ ծեծի, բերի էդտեղ մտցնի, որը կատարվել է միշտ: Մարդը եթե էգուց պահանջի տեսագրությունը, ասի՝ ես նման բան չեմ ասել՝ ժողովրդավարական է, ի՞նչ է պատահել, թող տեսախցիկ լինի»:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանն արձագանքեց. «Հիմա ի՞նչ է ստացվում, ոստիկանությունն ուզում է ավելի պարզ, թափանցիկ աշխատի՝ մենք դե՞մ ենք, ձեր ասելուց ըտենց է դուրս գալիս»:
Արմեն Խաչատրյանն ասաց, թե այսօր ոստիկանությունում խոշտանգումներն ակտուալ չեն, նման խնդիր չկա: Քրիստինե Պողոսյանը հակադարձեց. «2019-ին արդեն քանի դեպք հրապարակվել է, մի՛ ասեք նման բան»:
Ի վերջո, հանձնաժողովականները որոշեցին օպերատիվ տվյալների հարցման ժամանակ տեսախցիկներ չօգտագործել: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































