Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակել են ոստիկանին, որ ոստիկաններին հրահրեն մեր դեմ». Սմբատ Բարսեղյան

Դեկտեմբեր 11,2019 15:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր՝ Մեսրոպ Մակյան) դեկտեմբերի 11-ին «Սասնա ծռերի» անդամների գործով հերթական դատական նիստին շարունակվեց ամբաստանյալների հարցաքննությունը։

Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը։

Հիշեցնենք՝ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հարցեր հղեց, որոնք, ըստ էության, վերաբերում էին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին: Պաշտպանը հարցրեց՝ ՊՊԾ գնդի երեք հարկանի շենքի տանիք բարձրացե՞լ եք, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց՝ այո: Հարցին՝ ինչի՞ համար, նա պատասխանեց՝ դիտարկում  կատարելու: Մյուս հարցին՝ երբևէ այնտեղից որևէ ուղղությամբ կրակե՞լ եք, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց՝ ոչ: Իսկ ձեր վրա կրակե՞լ են, Սմբատ Բարսեղյանը կրկին բացասական պատասխան տվեց:

Փաստաբանի հստակեցմանը՝ ամեն օ՞ր էիք բարձրանում, ամբաստանյալը պատասխանեց, թե վերջին երկու օրերին առհասարակ չի բարձրացել ու մանրամասնեց. «Վերջին երկու օրերին կրակոցները շատ էին և հետո ավագ ընկերներիս կողմից հրահանգ կար, որ ոչ մի բան չանենք: Կրակում էին, բայց մեզ ասում էին, որ ոչ մի պատասխան չտանք կրակոցներին, միայն բաց թիրախ չկանգնենք, թաքնվեք»:

Սմբատ Բարսեղյանն ասաց, որ վերջին երկու օրերին ինտենսիվ կրակ էր բացվում: Հարցին՝ ե՞րբ տեղեկացաք, որ մարդ է սպանվել, նա պատասխանեց՝ Վանեցյանի՝ «ռացիայով» ասելուց հետո:

Հացին՝ Դուք այդ ժամանակ ի՞նչ մտածեցիք, որ հնարավոր է Ձեր ընկերներից եղած լինի՞ կրակած, Սմբատ Բարսեղյանը պատասխանեց. «Մեր ընկերներից այդ ժամանակ ոչ մեկ չի կրակել, ո՞նց կարող է մեր ընկերներից լինել: Կրակել են սպանել են այնպիսի մարդու, որ հարգանք ունի ոստիկանության շրջանակներում: Ես, համենայն դեպս, այդպես եմ մտածել, որ կրակել են, որ ոստիկաններին համոզեն, քանի որ ակնհայտ էր, որ տվյալ ժամանակ ոստիկաններից որևէ մեկը չէր ցանկանում գրոհի մասնակցել, քանի որ նրանք էլ շատ լավ հասկանում էին, որ երկրի իշխանությունը զավթված է: Այդ միջոցներով ոստիկաններին ցանկանում էին հրահրել մեր դեմ»:

Սմբատ Բարսեղյանի հարցաքննությունից հետո պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ անձնական խնդիրներից ելնելով:

Նախագահող դատախազն ասաց՝ այսպես թե այնպես նիստը հետաձգվելու է, քանի որ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցաքննվել չի կարող, քանի որ հեռացվել է դատական նիստերի դահլիճից:

Նախագահող դատավորը հայտարարեց՝ անցնում են դատաքննության ավարտի միջնորդությունների փուլին: Արեգ Կյուրեղյանը կարող է նաև չհարցաքննվել, եթե միջնորդություն չներկայացվի նրան դատական նիստերի դահլիճ հրավիրելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031