ԿԸՀ նիստում իրար հետ վիճեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ու «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները, ինչին միջամտեց ԿԸՀ նախագահը։
«Կներեք, հակաքարոզչությո՞ւն չէ մեր դաշինքի նկատմամբ։ Քարոզչության վերջին րոպեներն են»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, երբ «Հանրապետություն» կուսակցության շահերը ներկայացնող Տիգրան Եգորյանը ԿԸՀ նիստում թվարկում էր, թե ինչ խախտումներ է արել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այս րոպեներին ԿԸՀ-ն քննարկում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումը, որով պահանջում է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումը չեղարկել։ Նիստը մեկնարկել է ժամը 22:00-ին։
Ի պատասխան՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ ինքը քարոզչության մասնակցող սուբյեկտ չէ, ու ո՞ր եզրույթն է համարվում հակաքարոզչություն։
«Կապ չունի, դուք ԿԸՀ-ում եք, ու նիստն ուղիղ հեռարձակվում է»,- պարզաբանեց Վահագն Հովակիմյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ կարող է ուժի անունը չհնչեցնել, ինչին ի պատասխան Եգորյանն ասաց, որ ամեն դեպքում բոլորը գիտեն, թե խոսքը որ ուժի մասին է։
Քաղաքական երկու ուժերի բանավեճի մանրամասները՝ տեսանյութում
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լրացում. Ավելի ուշ ԿԸՀ-ն միաձայն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ բացակայում են նաեւ այս հարցով դատարան դիմելու հիմքերը։ Ըստ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ որոշումը 3 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։


















































