Սյունիքի մարզի Մուցք համայնքն այսօր 6 աշակերտ ունի ոչ թե մեկ դասարանում, այլ ամբողջ դպրոցում։ Սակավ բնակչություն ունեցող գյուղի դպրոցի աշակերտներից 5-ը տղաներ են, մեկը՝ աղջիկ։ Նրանցից 1 աշակերտ սովորում է 2-րդ դասարանում, 2-ը՝ 6-րդ եւ 3 աշակերտ էլ 4-րդ դասարանում։ Աշակերտների թվին հավասար ուսուցիչներ են աշխատում դպրոցում։ Հայոց պատմություն առարկան դասավանդում է տնօրենը։ Ուսուցիչներից շատերը հարեւան բնակավայրերից են ժամանում։ Նույն դպրոցի շրջանավարտ Հայկանդուխտ Կիրակոսյանն արդեն 44 տարի է՝ դասավանդում է Մուցքի դպրոցում։ Գյուղում բնակվող 2 ուսուցիչներից մեկն է։ Այստեղ է ծնվել, մեծացել եւ ընտանիք կազմել։ Իր աշխատանքից գոհ է։ Չնայած երեխաները քիչ են դպրոցում, ինքը հաճույքով է գնում դպրոց: «Նոր եմ անցել թոշակի, բայց դեռ դասավանդում եմ դպրոցում։ Սիրով եմ կատարում աշխատանքս։ Քանի դեռ նոր կադրերը հրաժարվում են գյուղում աշխատել, ուժերիս ներածի չափով կաշխատեմ»,-ասաց ուսուցչուհին։ Նա նշեց, որ չնայած գյուղը փոքրիկ է, աշակերտներն էլ քիչ են, պետությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում դպրոցը։ Դասարանների ջեռուցման համար նախատեսված փայտի վառարանների համար վառելիքը միշտ ժամանակին է մատակարարվում։ Մյուս հարցերում եւս որեւէ բանի պակաս չեն զգում: «Շուտով կկիրառվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նոր ճաշարան է կառուցվում, որպեսզի աշակերտները սնվեն դպրոցում»,- ասաց Կիրակոսյանը։ Գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի խոսքով՝ աշակերտների թիվը պայմանավորված է գյուղի բնակչության թվով, որը գնալով նվազում է: «Երիտասարդները ձգտում են քաղաքի կյանքին։ Տեղափոխվում են քաղաք, ընտանիք կազմում եւ իրենց երեխաներին էլ քաղաքի դպրոց են ուղարկում»,-ասաց գյուղապետը։ Վերջինս հավելեց նաեւ, որ ամեն հնարավոր միջոց ներդրվում է չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու համար։
Անցած ուսումնական տարում դպրոցն ունեցել է մեկ շրջանավարտ, իսկ գալիք 3 տարիներին Վերջին զանգը չի հնչի դպրոցում։ Հաջորդ շրջանավարտները կլինեն 2022-23 ուսումնական տարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: