Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը ռոբոտ է պատրաստում, որ հորը օգնի կարտոֆիլ ցանել, զինվորական հայր ունեցողն էլ ռոբոտ է սարքում, որը ական նետի»

Դեկտեմբեր 27,2019 12:30

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` Արմաթ հաճախող երեխաների մասին:

Մինչեւ տարեվերջ Շիրակի, Լոռու, Տավուշի, իսկ մյուս տարի Հայաստանի բոլոր դպրոցները կունենան Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Դասասենյակը պահանջում է քառասուն քառակուսի մետր տարածք, կահավորվում է մոտավորապես յոթ համակարգիչներով, որոնք նախատեսված են ծրագրավորման, հաստոցների, եռաչափ տպիչի համար, ունենում են ռոբոտի հավաքածու եւ նաեւ եռակցման կայան։

Հայաստանի բոլոր դպրոցները կահավորելուց հետո Արմաթ հաճախողների թիվը կհասնի 30-35.000-ի, որ տարեկան տալու է լրացուցիչ 4000-4.500 աշխատուժ։

«Մենք մոտավորապես ութ տարի հետո կգանք այն մակարդակի, որ ունեինք Խորհրդային Միության ժամանակ, այսինքն՝ 100.000 մարդ, որ ներգրավված էին ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ»,- բացատրում է Կարեն Վարդանյանը։

Իսկ այն ժամանակ մեր երկիրը նախագծում ու արտադրում էր Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը։ Կարեն Վարդանյանի խոսքով՝  եթե Հայաստանը առանձին՝ Եվրոպայում դիտարկեինք, կլիներ տեխնոլոգիական չորրորդ երկիրը, ու այդ վիճակն էլ պետք է վերականգնել։

«Մենք կարող ենք մեր ունեցած 100.000 աշխատուժը ամենաբարդ խնդիրների լուծման վրա դնենք՝ համալիր ինժեներական խնդիրներ, այդ ժամանակ մեր 100.000-ի գինը կլինի ուրիշների 1 կամ 10 միլիոնը»,- ասում է գործադիր տնօրենն ու հավելում, որ դրա համար երեխան գալիս է Արմաթ, սկսում է ծրագրավորում սովորել, հետո ռոբոտների կառավարում, եռաչափ մոդելավորում, իր մոդելավորածը կարողանում է տպել եւ այլն։

Արմաթը մի քանի սկզբունքներ ունի, որ կարեւորվում ու պահպանվում են։ Դրանցից առաջինը տեխնոլոգիական ոլորտի հավասարաչափ տեղաբաշխումն է Հայաստանի տարածքով, որպեսզի նախ Երեւանին վտանգ սպառնալու դեպքում չկորչի ներուժը, եւ հետո մայրաքաղաքը չծանրաբեռնվի։

«Եթե մենք կարողանանք խելոք մարդկանց հավասարաչափ բաշխել, անխելքները հետեւներից կամաց-կամաց կգնան»,- ընդգծում է Վարդանյանը։

Մյուս սկզբունքն այն է, որ Արմաթ ընդունվելու համար չկա քննություն, գնահատական չեն նշանակում, որպեսզի երեխան հաճախի իր կամքով, սիրելով ու հաճույքով։ Նրանք իրավունք ունեն գնալ ցանկացած մարզի Արմաթ, ու խնդիր պիտի չառաջանա։

«Եթե երեխան գնում է տատիկի մոտ հանգստանալու, ասենք՝  Վարդենիս, ինքը պիտի կարողանա առանց որեւէ հարցի, առանց մեզ դիմելու գնա Վարդենիսի խմբակը եւ ասի՝ բարեւ ձեզ, ես արմաթական եմ, ես եկել եմ, ուզում եմ ձեզ մոտ պարապեմ»,- հավելում է մեր զրուցակիցը։

Երեխաները սկսում են աշխատել հայերեն՝ էկրանը, ծրագիրը հայատառ են, օպերատորները հայեր են։ Բայց հետո նրանք իրենց աշխատանքները պիտի տեղադրեն միջազգային հարթակներում, հաղորդակցվեն մյուս երկրների երեխաների հետ ու ստիպված են լինելու անգլերենով պատասխանել հարցերին։

«Երեխան գնում  իր անգլերենի դասատուին ասում է՝ կարող եք ինձ օգնել, տեսնում է, որ դա ճանապարհ չէ, սկսում է անգլերեն սովորել»,- ասում է գործադիր տնօրենը։ Արմաթականները տարբեր գաղափարներ են մշակում ու իրականացնում, որով կարողանում են լուծել տեղական խնդիրներ։ «Մեկը ռոբոտ է պատրաստում, որը իր հորը կօգնի կարտոֆիլ ցանել, մյուսի հայրը զինվորական է, ուրեմն ինքը ռոբոտ է սարքում, որը ական է նետում եւ այլն»,- պատմում է Կարեն Վարդանյանը։

Իսկ գաղափարները իրագործելու համար երեխաներին օգնում, ուղղություն են ցույց տալիս խմբակավարները։ Նրանք վարձատրվում են իրենց աշխատանքի համար, աշխատավարձերը 2014 թվականից տալիս է պետությունը։ Սարքավորումներով ապահովում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ նվիրատվությունների միջոցով։

«Մենք հիմա Արմաթը արտահանում ենք, պետությունները գնում են, լավն այն է, որ իրենք փող են տալիս, այդ փողով մենք մեր ներքին խնդիրներն ենք լուծում»,- պարզաբանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը։

Ամբողջական 4-5 Արմաթ լաբորատորիաներ կառուցվել են Վրաստանի հայաբնակ շրջաններում, երկուսը կսկսեն գործել Հնդկաստանում։ Իսկ Ռուսաստան արտահանում են ռոբոտների ուղեղները։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031