ԱԺ նիստում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում պարտադիր կերպով նշել նաեւ նրա սեռը:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանն էլ մեկ այլ խնդիր մատնանշեց. երբ ինքը փաստաբանական գործունեությամբ էր զբաղված, առնչվել է դեպքի, երբ զինկոմիսարիատից զանգել են ՀՀ քաղաքացու մորը եւ ասել, որ որդին ներկայանա, մինչդեռ զավակն աղջիկ է եղել. նրա անունը կրում են թե աղջիկները, թե տղաները:
Կարդացեք նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասվածի առիթով ելույթ ունեցավ՝ նախ ասելով, որ երկու երեխայի մայր է. «Վերջին անգամ 2007թ.-ին եմ եղել ծննդատանը, եթե դրանից հետո բան է փոխվել…վստահ եմ, որ չի փոխվել: Երեխային գրկելու եւ զագս գնալու անհրաժեշտություն երբեւէ չի եղել»:
Մելքումյանը տեղից պնդեց՝ «եղել է»:
Լուսինե Բադալյանը շարունակեց, որ չի եղել. «Ես երբեք չեմ եղել որեւէ բյուրոկրատական քաշքշուկի մեջ, որովհետեւ բոլոր հարցերով զբաղվել է երեխայի հայրը: Այսինքն, ծննդատնից տեղեկանք ես վերցնում եւ գնում ԶԱԳՍ, գրանցում երեխայի անունը եւ փաստաթուղթը բերում ծննդատուն ու երեխային դուրս տանում»:
Մելքումյանը կրկին համաձայն չէր. «Ես կարող եմ հիմա մի հատ «էքսպերիմենտ» անել»: Լուսինե Բադալյանն էլ ժպտալով արձագանքեց. «Ես կարող եմ կրկին գնալ ծննդաբերելու, խնդիրը դա չէ, բայց…»: Նիստերի դահլիճում ծիծաղ լսվեց: «Բյուրոկրատիա, իհարկե, կա, դա տհաճ է, բայց ծննդկանն ու նորածինը երբեւէ չեն խառնվել դրան: Այո, պետք է գործընթացն ավտոմատացնել, բայց ծննդկանը չի գնում որեւէ տեղ: ԶԱԳՍ-ի աշխատակիցը իրավասություն չունի նորածնին տեսնելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































