Լրահոս
Օրվա լրահոսը

‹‹Յուրաքանչյուրս մեր գործով կարող ենք ծառայել հայրենիքին››. Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան

Հունվար 22,2020 18:16

Հակոբի և Արմենի նախագիծը ծնվել է Քառօրյա պատերազմի շրջանում, երբ  տղաները գործիքավորելով «Ախպերս ու ես» երգը, մեքենայում երգելու ընթացքում նկարահանված հոլովակը տեղադրեցին ֆեյսբուքում: Արդեն մեկ օր անց անսպասելի մեծ և դրական արձագանքը վկայեց, որ հաջորդ երգը շատ սպասված պիտի լինի: «Ով հայոց մայրեր», «Կարմիր կակաչներ», Կոմիտասի «Հաբրբան» երգերը՝ դարձյալ յուրովի գործիքավորմամբ, ունկնդիրները սիրով ընդունեցին:

Ծնվեցին նաև ժամանցային, ուրախ երգեր՝ «Ախպերներով», «Տաքա-տաքա», «Լավն ես» և այլն: Երգիչների խոսքով՝ տարբեր ոճերում ստեղծագործելը մեծ լսարան ունենալու, նաև ինքնաբացահայտման, կատարելագործվելու հնարավորություն է:

Հակոբը և Արմենը մեզ հետ զրույցում պատմում են իրենց կարիերայի, երգացանկի,  ծրագրերի և ապագա կողակցի մասին:

Ի՞նչ եք նախատեսում ներկայացնել հանդիսատեսին այս տարում:

Հակոբ. «Կունենանք երկու նոր տեսահոլովակ: Թերևս չի ստացվի նկարահանել ևս մեկը, որ հայրենասիրական թեմայով պիտի լինի, քանի որ նախապատրաստական փուլեր պիտի հաղթահարենք: Երգը նվիրված է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանին, ում պատմությունն ենք ուզում տեսահոլովակ-ֆիլմի տեսքով ներկայացնել, որպեսզի նոր սերունդը ճանաչի հերոս տղաներին, ովքեր մեզ նվիրել են մեր այսօրվա խաղաղ երկինքը»:

Արմեն. «Այն շատ կարևոր և սպասված աշխատանք է մեզ համար՝ նվիրված մեր հայ քաջերին»:

Ձեր երգացանկում յուրահատուկ տեղ են զբաղեցնում հայրենասիրական երգերը, կխնդրեի խոսել դրանց կարևորության մասին:

Արմեն. «Հակոբը սկզբում նույնիսկ ուզում էր, որ մեր նախագիծը միայն հայրենասիրական երգերից կազմված լինի, սակայն որոշեցինք անդրադառնալ մարդուն հոգեհարազատ այլ թեմաների ևս, իհարկե, միշտ շարունակելով հայրենասիրական ուղղվածությունը»:

Հակոբ. «Հայրենասիրական երգերը, որոնք մեր արյան մեջ են, պիտի անպայման միշտ լինեն մեր երգացանկում»:

««Արդյոք ովքեր են» երգը լսում է նաև փոքր սերունդը. երեխաները, որոնք, միգուցե, դեռ չեն գիտակցում, թե ինչ է հայրենասիրությունը, բայց նման երգերի միջոցով արդեն ճանաչում են հայրենիքը: Դա ուրախացնող, միաժամանակ, հպարտանալի է, որ կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մանուկներին հայրենիքը ճանաչել և սիրել սովորեցնելու նվիրական գործում»,- հավելում է Արմենը:

Հակոբ. ««Հով արեք» երգի տեսահոլովակով, օրինակ, փորձել ենք ներկայացնել մեր ողջ պատմությունը… այս, նաև «Շարան» և մեր հայրենասիրական մյուս ռիթմիկ երգերի պարային բեմադրություններ կան, ինչն, իհարկե, մեզ շատ է ուրախացնում»:

Արմեն. «Ուրեմն հասել է այն ուղերձը, որ փորձել ենք հղել»:

Հակոբ. «Իսկ զոհված տղաների հիշատակը պետք է միշտ վառ և անմահ պահել: Եթե կան մարդիկ, որ մոռանում են, հիշեցնում ենք անընդհատ, փորձում ենք մեր ելույթները միշտ եզրափակել հայրենասիրական երգերով»:

Արմեն. «Յուրաքանչյուրս մեր գործով կարող ենք ծառայել հայրենիքին: Չունենալ հայրենիք, նշանակում է չունենալ սեփական ազգանուն. հայրենիքը, լեզուն կորցնելիս կկորցնենք նաև մեր ինքնությունը»:

Ձեզ լսում են նաև օտարազգիները, որոնք, լեզուն չհասկանալով, ռիթմերն ընկալում են: Առհասարակ, ունկնդիրների սերը վկայում է, որ ձեր դուետը ստացված է: Իսկ  աշխատանքային առօրյայում լինո՞ւմ են տարաձայնություններ:

Արմեն﹣«Իհարկե, ինչպես բոլոր ընտանիքներում, լինում են վեճեր, անհամաձայնություններ, բայց խնդիրներ երբեք չեն առաջանում: Մենք իրար երբեք չենք խանգարում, միայն լրացնում ենք»:

Կմտաբերե՞ք որևէ զվարճալի կամ հիշարժան դեպք ստեղծագործական առօրյայից:

Արմեն. «Հակոբի հետ արկածներ շատ են լինում, և եթե իր հետ ճանապարհ ես գնում, վերջում մի «փորձանքի» անպայման կհանդիպես, քանի որ ինքն ակտիվ ու շատ հետաքրքրասեր է…»:

Եթե հանդիսատեսին ձեր մատուցածը բնորոշեիք մի ճաշատեսակով, ի՞նչ կանվանեիք այն:

Արմեն. «Ես իմ սիրած ուտելիքի՝ տոլմայի հետ կհամեմատեմ»:

Հակոբ. «Ես նաև թարմ ամառային աղցանի հետ կհամեմատեի, քանի որ փորձում ենք անընդհատ նորովի ներկայանալ»:

Ապագա կողակիցը…

Արմեն. «Մարդ, ում ներքինը ինձ համապատասխան կլինի»:

Հակոբ. «Նա պետք է լինի, ամենակարևորը, ներքին գեղեցկությամբ, դրական էներգիայով: Նաև այլ հատկանիշներ՝ զարգացվածությունը,  տեսքը, հոգատարությունը, ջերմությունը, հավատարմությունը…ամեն ինչ, ամեն մանրուք շատ կարևոր է ինձ համար: Դրա համար մինչև այսօր չեմ ամուսնացել» (ժպտում է.- հեղ.):

Հակոբի և Արմենի նախագիծը, կարելի է ասել, «ստեղծել» է հանդիսատեսը, քանի որ, ինչպես իրենք են նշում, ոչ Արմենն էր պատրաստ դուետով հանդես գալու, ոչ էլ, առավել որպես հեռուստահաղորդավար հայտնի Հակոբը՝ ընդհանրապես երգելու: Երգիչները հետագա տարիների համար ևս արդեն շատ ստեղծագործություններ ու պլաններ ունեն: Նախատեսվում է երեք ձայնասկավառակ, որոնցից մեկում ընդգրկված են լինելու  հայրենասիրական երգերը և կոչվելու է երգերից մեկի անունով՝ «Մի փամփուշտ»: Մյուս երկուսում տեղ կգտնեն ժամանցային և էստրադային ստեղծագործությունները:

Հակոբ.«Մենք սիրում ենք, ինչ անում ենք, և երկրպագուներից ստացած լավ էմոցիաները, դրական էներգիան, որի համար շնորհակալ ենք, ոգեշնչում է մեզ, ամեն մեկն իր տեսակով, իր ներկայությամբ մեզ համար շատ կարևոր է»:

Արմեն.«Երկրպագուների սերը մեծ գնահատական է մեր երգարվեստին. եթե այն չլինի, նշանակում է՝ անիմաստ է մեր աշխատանքը, նշանակում է, որ չպետք է լինի հաջորդը: Եթե մի օր զգանք, որ անհետաքրքիր ու հոգնեցնող ենք, կթողնենք և կհեռանանք:

Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր «ստեղծեցին» այս նախագիծը: Ինչ որ սրտով ես անում, սրտով մատուցում, իր լսարանն անպայման գտնում է»:

 Հարցազրույցը՝  Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031