Լրահոս
Օրվա լրահոսը

Ու այս ամենը նախընտրական արշավ է անվանվում ու ընթանում է «ես ձեզ սիրում եմ» կարգախոսով։ Սերը, որ չկա իրականում, որ չի էլ եղել, Փաշինյանի դեպքում. Վարդան Հարությունյան

Մայիս 19,2026 12:46 Share

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում օրենքը միշտ է անհավասար գործել։ Այնպես չէ, թե սա նորություն է։ Միշտ են իշխանավորներն ու իշխանամերձները եղել պաշտպանված եւ միշտ են իշխանության քննադատները եղել խոցելի։ Քաղաքական մրցակցությունը միշտ է թշնամություն հիշեցրել ու դաժան բռնությունների, անգամ արյունահեղության վերածվել։ 2008-ի մարտի մեկը, դրան նախորդած ու հաջորդած զարգացումները վկա։ Բայց այն, ինչ Փաշինյանի անձնական մասնակցությամբ ու գլխավորությամբ տեղի է ունենում այսօր, չի եղել երբեք։ Բարձրագույն իշխանավորը, կլինի Ռոբերտ Քոչարյանը, կլինի Սերժ Սարգսյանը, միշտ էլ իրեն դուրս է դրել իշխանական կամայականությունների համատեքստից, միշտ էլ փորձել է արդարանալ, թե այն ամենն, ինչ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում՝ իր ցուցումով չէ, որ տեղական նախաձեռնություններ են, որ մեղավորներն, անկասկած, կպատժվեն։ Դեպքերն, իհարկե, չեն հետաքննվել, «նվիրյալներն» էլ չեն պատժվել, ձեւական առումով, բայց, առաջին դեմքերը հանցագործություններից, հանցագործներից ու օրինախախտներից տարանջատել են իրենց։

Իսկ Փաշինյանը տարանջատվելու խնդիր չունի։ Նա է առաջատարն ու առաջամարտիկը։ Ինքն անձամբ է հատում չիկարելիի սահմանը, ինքն է հարձակվում ու ինքն է հայհոյում։ Նա քաղաքական մրցակցությունը, քաղաքական բանավեճը, ընդդիմություն-իշխանություն պայքարը դարձրել է անսահման ագրեսիվ, քրեական պարզաբանումների բնույթ է հաղորդել, համեմել է սպառնալիքներով ու հայհոյախոսությամբ, փողոցային կռվի է վերածել, որտեղ երկու խուլիգան՝ անվայել վարքագիծ դրսեւորելով՝ իրար են հայհոյում ու իրար են ծեծում։

Նա չի էլ թաքցնում իր մասնակցություն այս ամենին, չի էլ թաքցնում, որ իր մրցակիցները, իր մրցակիցների կողմնակիցները, բոլոր նրանք ովքեր իր հետ անհամաձայն են՝ ուժային կառույցների թիրախում են ու պատժվելու են։

Ընտրարշավի ժամանակ նրան հետ բանավիճող քաղաքացուն ձերբակալում ու խուլիգանության մեղադրանք են ներկայացնում (Արթուր Օսիպյան), նրա նախընտրական պաստառը պոկած Արցախից տեղահանված գյուղացուն (Արմեն Հովհաննիսյան) նույնպես ձերբակալում են, իսկ երկու օրից նրա դին են հարազատներին հանձնում, նրան քննադատած, նրա հետ բանավեճի մեջ մտած մարդիկ գռեհիկ հայհոյանքների են արժանանում, իրենց աշխատանքի վայրում խնդիրներ են ունենում, ընդդիմադիրների նախընտրական գրասենյակներում ներգրավվածների հեռախոսներն ու անձնական կյանքը տոտալ վերահսկվում ու կասկածելի ցանկացած հեռախոսային զրույց քրեական հետապնդման ու կալանավորման առիթ է դառնում։ Թվարկելն անիմաստ է։ Բոլորիս աչքի առաջ է ու տեսնում ենք բոլորս։

Ու այս ամենը նախընտրական արշավ է անվանվում ու ընթանում է «ես ձեզ սիրում եմ» կարգախոսով։ Սերը, որ չկա իրականում, որ չի էլ եղել, Փաշինյանի դեպքում, որ, լինել չէր էլ կարող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031