Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը քիչ առաջ դուրս գալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն տեւական ժամանակ է Հատուկ քննչական ծառայության քննիչները եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:
Մոտ երեք ժամ առաջ Հրայր Թովմասյանի պաշտպանները իրենց ֆեյսբուքյան էջերում գրառում էին արել, որ ՍԴ նախագահի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում:

Ամրամ Մակինյանն ասաց, որ այն գործով է խուզարկությունն իրականացվում, որ գործով որ պարոն Թովմասյանը ներգրաված է որպես մեղադրյալ: Ասաց նաեւ, որ քննչական գործողություններն այս պահին դեռ չեն սկսվել. «Պաշտպանական մեր իրավունքը պետք է իրացվի, մենք թե՛ գրավոր թե՛ բանավոր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին՝ հնարավորություն տալ ծանոթանալ այդ որոշմանը, հնարավորություն տալ պատճեն ստանալ: Մենք իրավունք ունենք, օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշումը բողոքարկել, բայց ո՞նց կարող ենք բողոքարկել մի դատավարական փաստաթուղթ, որի պատճենը մենք չունենք: 4-5 թերթ փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու, այս ի՞նչ պրակտիկա է»:
Կարդացեք նաև
Ըստ Ամրամ Մակինյանի, քննիչը դատարանի որոշումը պահում է ձեռքին՝ իրենք ընթերցեցին. «Չկա այդպիսի դատավարական ընթացակարգ, ինչ փաստաթղթի դատավարական կողմը կարող է ծանոթանալ, կարող է ստանալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































