«Չեմ բացառում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ: Վստահություն չունեմ, որ դրանով կսահմանափակվի ոստիկանություն բերված անդամների թիվը»,- քիչ առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Լիկա Թումանյանը:
Կատարվողը նա որակեց որպես ընդդիմության գլխատման ջանքեր, հատկապես ՀՀ զինված ուժերի տոնակատարությունների օրը, երբ մարդիկ լիովին այլ տրամադրության մեջ են և այդքան էլ չեն հետևում ԶԼՄ-ներին:
Նշենք, որ քիչ առաջ ազատ արձակվեցին ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Դեռ ոստիկանությունում են «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:
Լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, տվյալներ կա՞ն, մյուս անձինք ինչ հիմքով են բերման ենթարկվել, Լիկա Թումանյանը պատասխանեց. «Դեռևս որևէ հստակ տեղեկություն չունեմ: Նմանատիպ մի բան էլ կնկարեն այլ տղաների վերաբերյալ: Այն հիմնավորումը, ինչ ներկայացվել է Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, անհեթեթ է: Չեմ կարծում, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը ունենար զենք, Նարեկ Մալյանը գուցե ի պաշտոնե ժամանակին որևէ զենք ունենար, բայց Կոնստանտին Տեր-Նակալյանի պարագայում չեմ կարծում, որ նման բան կարող էր լինել: Թող ոստիկանությունն իր առաջադրած մեղադրանքը հիմնավորի: Եթե չհիմնավորի, նվազագույնը երեք ժամ հետո տղաները պետք է դրսում լինեն, և մենք հանդես կգանք հայտարարությամբ, հնարավոր է, որ մենք նաև մամուլի ասուլիս հրավիրենք»:
Կարդացեք նաև

Քիչ առաջ Նարեկ Մալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 19.00-ին ՎԵՏՕ կազմակերպության գրասենյակում իրենք հանդես կգան մամուլի ասուլիսով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































