Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը՝ եթերում ատելության խոսքի, ֆինանսական պատժամիջոցների ու դաշտի անկատարության մասին

Հունվար 29,2020 14:32

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ամփոփեց 2019թ-ը, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: «Ցավոք, լրատվական դաշտը հաճախ խորությամբ չի պատկերացնում մեր անելիքները, իրավունքները, եւ ըստ մամուլի հրապարակումների շատ ժամանակ ոչ ճիշտ են ներկայացվում մեր գործառույթներն ու առաքելությունը»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը գործում է ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների եւ իր պարտավորությունների մեջ է՝ նախ երաշխավորը լինել եթերային լրատվամիջոցների ազատության եւ անկախության եւ հետեւել նրանց՝ օրենսդրությանը համապատասխան լինելուն: Նա թվարկեց մնացած այն օրենքները, որոնք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին թույլ են տալիս կարգավորել դաշտը;

Ի թիվս այլնի, հանձնաժողովի նախագահը խոսեց նախորդ տարի կիրառված աննախադեպ մեծ թվով տուգանքների մասին: Հայտնեց, որ 2019թ արդյունքում տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերությունների նկատմամբ՝ 6 միլիոն 200 հազար դրամի չափով: «Համեմատության համար 2011- 2018 թթ տուգանվել է 10 հեռուստաընկերություն 5 մլն դրամի չափով…Շատերի մոտ հրապարակումներ են հանդիպում, որ սկսել ենք ավելի կոշտ պատժել, մամլիչի կամ դահիճի դեր ենք կատարում: Հավատացնում եմ՝ դա այդպես չի: Պարզապես մենք սկսել ենք լիարժեք իրականացնել մեր պարտավորությունները: Եվ եթե առաջ որեւէ անգամ հեռուստաընկերությունը չի տուգանվել, օրինակ, սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի մենք հեռուստաընկերություններից մեկին տուգանեցինք ժամը 12-ից շուտ նման տեսարաններ ցուցադրելու համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ նախկինում հեռուստաընկերությունների հանդեպ պատժամիջոց չի կիրառվել, օրինակ, կրոնական խտրականության համար, իսկ հիմա հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է իսլամը սխալ եւ կոշտ լուսաբանելու համար: «Դա քաղաքական հարց է, իսլամական մի շարք երկրներում գործում են հայկական համայնքներ, որոնք օգտվում են այն իրավունքներից, որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար»,-նշեց Տիգրան Հակոբյանը: Հավելեց, որ տուգանքներ են եղել նաեւ հեղինակային իրավունքների խախտման հետ կապված:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ օրերս երկու հեռուստաընկերություն եւ մեկ ռադիոընկերություն դատական հայց են ներկայացրել հանձնաժողովի դեմ, ինչն իրենց ուրախացնում է, քանի որ դա փաստում է, որ ամեն ինչ իրագործվում է իրավական դաշտում, եւ իրենք ճիշտ ուղու վրա են. «Եթե անգամ պարտվենք, դրանից ողբերգություն չենք սարքի: Կնշանակի՝ որոշումը սխալ է եղել, եւ դա նախադեպ կդառնա, որ այդ խախտման համար այլեւս տուգանք չներկայացնենք հեռուստառադիոընկերությանը»:

Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ անցյալ տարի բավականին լավ են աշխատել, նաեւ շատ կոշտ են ներկայացել միջազգային ասպարեզում՝ կապված ադրբեջանական հեռարձակողների հակահայկական քարոզչության հետ. «Հույս ունեմ, որ Եվրոպական հեռարձակողների պլատֆորմի առաջիկա նիստի ժամանակ մենք կներկայացնենք մեր պրեզենտանցիան, թե ինչպես են ադրբեջանցի հեռարձակողները խախտում գրված, չգրված օրենքները եւ եվրոպական հեռարձակողների կանոնադրությունը»:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ եղել են տասնյակ հյուրանոցային համալիրներում եւ պարտադրել իրենց մոտ կաբելային ցանցով հեռարձակել միայն այն հեռուստահաղորդումները, որոնց հեռարձակման համար թույլտվություն ունեն. «Պատահում էր, որ օրինակ CNN-ի ներկայացուցիչը գալիս էր «Մարիոթ» կամ մի ուրիշ հյուրանոց, միացնում էր, տեսնում, որ CNN է գնում, բայց հետո պարզում էր, որ այդ հյուրանոցը CNN հեռարձակելու թույլտվություն չունի: Մենք փորձել ենք այդ խնդիրը հարթել գոնե խոշոր ցանցային հյուրանոցներում»: Ասաց նաեւ, որ նախորդ տարվա հունիսին էլ խախտումների տարափ է եղել՝ կապված գովազդի մասին օրենքի հետ:

Տիգրան Հակոբյանը կարծում է, որ բոլորի համար այժմ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել, նաեւ եթերում պակասել են տարբեր խախտումները՝ անկախ սեփականատերերից: «Մեզ համար բոլորը սիրելի են, եթե աշխատում են իրավական դաշտում, այլ բան է, որ իրավական դաշտն առայժմ անկատար է»,-շեշտեց նա:

Ասաց, որ ատելության խոսքի հստակ սահմանում ՀՀ-ում չկա, ինչը մանիպուլյացիայի հնարավորություն է ստեղծում եթերում. «Աշխարհում ամեն մի վիրավորանք ատելության խոսք չի համարվում… Մեզ մոտ կարող են ասել՝ դու հիմար ես, ու դա ընկալվի որպես ատելության խոսք: Իրականում, ատելության խոսքը այն խոսքն է, որը միտված է ասենք սեռական, հասարակական, ռասայական տարբեր խմբերի վերաբերյալ թշնամանք տարածելուն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031