Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ գնդակահարենք 2040 թվականին

Հունվար 30,2020 12:30

Հանրության որոշ անհատների և ուժերի մոտ կար և կա մի համոզում, որ Հայաստանը ղեկավարելը շատ հեշտ է, քանի որ այն փոքր պետություն է` ավելի փոքր, քան Մոսկվայի, Թեհրանի կամ Նյու Յորքի մի թաղամաս: Սույն պարզունակ մոտեցումը թույլ չի տալիս հանգել ճիշտ եզրակացության` Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, սակայն որպես պետություն ունի բազմաթիվ խնդիրներ և լուծման ենթակա հարցեր, որոնք չունեն նույնիսկ ԱՄՆ կամ ՌԴ ամենամեծ նահանգներն ու երկրամասերը:

Ցանկացած պետության զարգացման ու առաջընթացի համար հարկավոր է ունենալ պետական քաղաքականություն, որն իրականում մի շարք ոլորտային քաղաքականությունների միասնականություն է: Պետությունն ունի էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսական, կրթական, սոցիալական, կենսաթոշակային, անվտանգության և բազմաթիվ այլ խնդիրներ, իսկ Հայաստանի պարագայում այդ ամենին գումարվում է եռացող տարածաշրջանը, երկու հարևանի հետ փաստացի պատերազմական վիճակը և նրանց կողմից Հայաստանը վերացնելու անթաքույց ձգտումը: Մեր երկրի առջև փաստացի կանգնած և հրատապ լուծում պահանջող խնդիրներն ավելի բարդ են, քան Հայաստանից չափերով մի քանի անգամ մեծ եվրոպական միջին վիճակագրական պետությունում:

Հայ հանրության (ներառյալ` արտերկրում ապրող հայրենակիցների) շրջանում ընթացող ողջ բանավեճը կառուցվում է իրական բովանդակային քաղաքական դիսկուրսից դուրս` զգացմունքային դաշտում, իսկ հանրության բաժանումն անցնում է հիմնականում վիրտուալ տիրույթում նախկինների ու ներկաների նկատմամբ վերաբերմունքի գծով: Հայաստանի` որպես պետության, իրական խնդիրները, որոնց մի քանի օրինակ կներկայացնենք ստորև, կարծես ոչ մեկին չեն հետաքրքրում:

Էներգետիկ անվտանգություն: Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը կախված է ատոմակայանի գործունեությունից: Ենթադրենք մի քանի տարուց մի անգամ էլ երկարացնենք ատոմակայանի գործունեության ժամկետը: Հետո՞: Ուզենք, թե չուզենք, բայց նույնիսկ լավագույն սցենարի դեպքում 15 տարի հետո պետք է ունենանք նոր ատոմակայան կամ էներգիայի մի այնպիսի աղբյուր, որը կապահովի ներկայիս պահանջարկի 40-50 տոկոսը: Իսկ որպեսզի դա ունենանք 2030-ականներին, ապա առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է իրականացվի մեծածավալ աշխատանք: Որևէ մեկը Հայաստանում զբաղվո՞ւմ է կամ ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը կամ ումի՞ց ենք ակնկալում այդ խնդիրների լուծումը:

Տրանսպորտային անվտանգություն: Հանրության կարճ հիշողությունը թույլ չի տալիս հիշել 1990-ականների առաջին կեսին` պատերազմի և շրջափակման տարիներին, հայկական ավիացիայի գործած անթիվ, անհամար սխրանքները (փախստականների տեղափոխում, վառելիքի, պարենի, զենքի մատակարարում, դեսպանատների բացակայության պայմաններում ավիաընկերության ներկայացուցչությունների միջոցով արտաքին աշխարհի հետ բոլոր տեսակի կապերի ապահովում և այլն): Տարածաշրջանային թեթև լարվածությունը, էլ չասենք` պատերազմը, հանգեցնելու է օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքների էական մասի դադարեցմանը: Ո՞վ է ապահովելու երկրի տրանսպորտային անվտանգությունը: Վերջերս օրերով չէինք կարողանում մոտակա երկրներից Հայաստան տեղափոխել ծանր կացության մեջ հայտնված ընդամենը 100 հայրենակցի:

Չմոռանանք, որ այն հզոր ավիացիան, որը մենք ունեինք անկախության սկզբում, մեծ հզոր պետության կազմում կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունք էր: Երկրի իրական կարիքները բավարարող մրցունակ ազգային ավիացիա ունենալու համար այսօրվանից պահանջվելու է տարիների աշխատանք: Իսկ տրանսպորտի մնացած ուղղությունները կարելի է բնութագրել որպես համակարգի բացակայություն և տոտալ տրանսպորտային քաոս:

Որևէ մեկը Հայաստանում զբաղվո՞ւմ է կամ ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը: Եթե հաշվի առնենք, որ սույն ոլորտին երկրում խորքային տիրապետում են 4-5 հոգի, որոնք ոչ միայն պատասխանատու պաշտոնի չեն, այլ ընդհանրապես քաղաքական գործընթացներից դուրս են, ապա պատկերը պարզ է դառնում:

Ժողովրդագրական հիմնախնդիր: Կողմ դնելով լավատեսական ռոմանտիզմը, արձանագրենք, որ սույն հարցով էական տեղաշարժի բացակայության դեպքում, իսկ ժողովրդագրությունը պահանջում է քաղաքաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական և, իհարկե, զբաղվածության խնդիրների համալիր լուծում տասնամյակների կտրվածքով, ապա 2040 թվականին բնակչության թիվը լինելու է 2.5 միլիոնից պակաս: Դա ոչ միայն բացառելու է կայուն զարգացման հնարավորությունը, այլ ինքնին օրակարգային է դարձնելու պետության ու ազգի ֆիզիկական գոյությունը:

Կենսաթոշակային: Կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու է պետական բյուջեի և բնակչության օրինականացված հարստահարումը, պետական բյուջեի միջոցների վատնումը և պետությունից դուրս ոչ միայն պետությանը չծառայող, այլ փաստացի վնաս հասցնող ֆինանսական համակարգի սնուցումը: Արդեն հիմա միայն պետական մասհանումը կազմում է տարեկան մոտ 60 միլիարդ դրամ, որն ամեն տարի աճելու է` չհաշված բնակչության մասհանումները: Քսան տարի հետո հանրությունը ոչ միայն կանգնելու է միլիարդավոր դոլարներին տիրություն անելու, այլ նաև սեփական կենսամակարդակը փրկելու խնդրի առջև: Իսկ եթե հաշվի առնենք կորցրած տարիները և տնտեսական զարգացման սխալ ուղղությունը, ապա կորուստները շատ ավելի ցավալի են լինելու: Պետությանը և բնակչությանը ծառայող նոր կենսաթոշակային համակարգի ձևավորումը և ներկայիս խայտառակ համակարգից հրաժարվելը պահանջելու է տարիներ, մասնագիտական մեծածավալ աշխատանք, ինչպես նաև քաղաքական կամք և վճռականություն:

Աղքատություն և զբաղվածություն: Հայտնի է, որ հեշտ է անցնել պրիմիտիվ համահարթ հարկահավաքմանը և բազմակի անգամ բարդ` անցնել իրականում առաջադիմական և ճիշտ պրոգրեսիվ հարկմանը` եկամուտների գրագետ վերաբաշխմամբ ու տնտեսությունում ֆինանսական հոսքերի արդյունավետ կարգավորմամբ: Հարկային վերջին համահարթեցումը միանշանակ առաջիկա տարիների կտրվածքով խորացնելու է անդունդը բնակչության ապահով և անապահով խավերի, հարուստների և աղքատների միջև` բոլոր իր հետևանքներով: Իսկ զբաղվածության խնդրի լուծումը առանց պետական ներդրումային քաղաքականության, ապավինելով բացառապես ազատ շուկայական հարաբերություններին և մասնավոր ներդրումներին, դա տիպիկ նաիվ նեոլիբերալիզմ է, որը բնորոշ է մեր քաղաքական դաշտի գրեթե բոլոր մասնակիցներին անկախության առաջին օրերից մինչ օրս:

Այս ամենի մասին նույնպես կարծես թե հանրային դիսկուրս չկա:

Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն: Որքան խոցելի ենք որպես պետություն պարենային անվտանգության մասով և որքան խնդիրներ են կուտակված գյուղատնտեսության ոլորտում, որտեղ զբաղված է (կամ ավելի ճիշտ` գոյատևում է) բնակչության մեկ երրորդը, ի հայտ է գալիս ամեն օր: Իսկ ոռոգման համակարգի ծանրագույն խնդիրը իր կորուստներով, արդյունավետության բարձրացման և մեծածավալ ներդրումների անհրաժեշտությամբ և այլն, պահանջում է տարիների երկարաժամկետ աշխատանք, մեծ գումարներ, համբերություն և խնդրի կատարյալ տիրապետում: Գյուղատնտեսությունը նույնպես այն ոլորտներից է, որտեղ մեկ կամ երկու տարում շոշափելի և որակական փոփոխություններ չեն լինելու: Իսկ տասը տարի հետո արդյունք ունենալու համար հարկավոր է աշխատել արդեն այսօր:

Բնապահպանությունը ավելի լայն խնդիր է, քան բնության պարզ պահպանություն: Սա մարդու կենսագործունեության և երկարաժամկետ կտրվածքով տվյալ տարածքում բնության հետ ներդաշնակ ապրելու ունակությունն է: Եվ տվյալ ոլորտի խնդիրները տարածվում են առողջապահությունից մինչև քաղաքաշինություն և հանքարդյունաբերություն: Այստեղ արդյունավետ քաղաքականությունների իրագործումը նույնպես պահանջում է պետական մտածելակերպի առկայություն և հաջորդ սերունդների մասին մտածելու ունակություն: Բնապահպանական ցածր գիտակցությունը, նյութապաշտությունը և ապագայով ապրելու փոխարեն բացառապես այսօրվա մասին մտածելով մայրաքաղաքը շարունակելու ենք դարձնել բնակության համար անբարենպաստ քաղաք, իսկ մարզերը` ավելի ու ավելի ոչ գրավիչ շարքային քաղաքացու համար:

Իրական մարտահրավերները շատ-շատ են: Հատուկ վերը նշված ցանկում չեն ավելացվել տեղեկատվական անվտանգության խնդիրը՝ հանրության խոցելիությունը լավագույնս ապացուցվեց վերջին տարիներին, ինչպես նաև ռազմական և անվտանգությանն առնչվող այլ հարցեր, ենթադրելով, որ միայն իրականությունից կտրվածը կարող է մտածել, որ նման հարցեր չկան: Եթե այս ամենին գումարենք Թուրքիայի անթաքույց ցանկությունը ավարտին հասցնել կիսատ գործը և հայ ժողովրդին վերացնել սեփական հայրենիքում, ապա ակնհայտ է, որ երկրի առջև կանգնած խնդիրները ոչ միայն պահանջում են հենց այսօրվանից ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանք, այլ նաև երկարաժամկետ ռազմավարությունների իրականացում, որոնց արդյունքը լինելու է 10, 15 կամ 20 տարի անց: Սակայն իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ նույնիսկ արտաքին քաղաքականության կարևորագույն օրակարգերի վերաբերյալ իսպառ բացակայում են համակարգային լուծումները և դրանց շուրջ հանրային բանավեճը: Եվ խոսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ:

Վերջինս այն հասարակության արտացոլումն է, որն իր հերթին ադեկվատ չի երկրի մարտահրավերներին և ժամանակակից ու արդյունավետ պետություն ունենալու հրամայականին:

Անշուշտ իրավացիորեն կասեն, որ այս հիմնախնդիրները մեծամասամբ ժառանգվել են նախկիններից կամ կուտակվել են նախկինում դրանք չլուծելու պատճառով: Դա իսկապես այդպես է: Բայց նաև փաստ է, որ այսօր նույնպես շարունակում ենք գտնվել նույն` պետական իրական կառավարումից և պետության իրական հոգսերից կտրված վիճակում:

Եվ նախկինից կուտակված կամ լուծված չլինելու հանգամանքի արձանագրումից այս խնդիրները չեն դադարում գոյություն ունենալ:

Ապագայի դիսկուրսը եւ երկրի իշխանության ձեւավորումը պետք է կայանա բացառապես այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման հարցի շուրջ։ Կարելի է քաղաքական պայքարի հայտ ներկայացնել քննադատելով: Նույնիսկ քաղաքական պայքարի հայտ կարելի է ներկայացնել պարբերաբար խրոխտ ստատուսներ գրելով կամ ինստագրամյան ոճի լուսանկարներ հրապարակելով: Այս ամենը գուցե շատ հետաքրքիր է լրահոսը կամ շարքային քաղաքացու առօրյան լցնելու համար, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե ինչ են առաջարկում կամ պատրաստվում անել հավակնություններ ներկայացնողները: Ինչի՞ համար են այդ հավակնությունները: Ինչի՞ համար են մարդիկ ուզում գալ իշխանության: Քաղաքացիները միշտ մտածել են «կարևորը սրանց փոխենք»: Սակայն 2018-ը հերթական անգամ ապացուցեց այն, ինչը շատերը չեն գիտակցում` կարևոր է ոչ միայն իշխանափոխությունը, այլ նաև այն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը և ինչ է այն անելու:

Եթե կարևորագույն հարցերի պատասխանները չկան, ապա «քաղաքական պայքար» կոչվող այս երևույթը պարզապես կնշանակի հերթական անթաքույց մոլուցքը ամեն գնով հասնել պետության հաշվին առանձնատանը ապրելու և պետական բյուջեն վատնելու հնարավորությանը։ Իսկ նման շռայլություն մեզ թույլ տալ այլևս չենք կարող։ 10-15 տարիները նույնպես արագ թռչելու են, իսկ մենք կանգնած ենք լինելու բոլորովին այլ` արդեն լինելիության եզրին։

Անշուշտ, 2040 թվականին սերունդները նույնպես կարող են ասել, որ բազմաթիվ պրոբլեմներ ծնունդ են առել առաջին նախագահի իշխանության տարիներին, մատնանշել երկրորդ կամ երրորդ նախագահների տարիների սխալներն ու կորցրած հնարավորությունները, չորրորդ իշխանության մանկամտության ու ամբարտավան դիլետանտիզմի պատճառով բարեփոխումներ իրականացնելու ռեսուրսի մսխումը և այլն: Եվ ճիշտ են լինելու:

Ասեմ ավելին, քսան տարի հետո նույնիսկ կարող են որոշել, թե ով է արժանի գնդակահարության կուտակային կենսաթոշակային կոլափսի համար` Կենտրոնական բանկի այն թիմը, որը նախաձեռնեց, սակայն դիմադրության հանդիպելով չկարողացավ ամբողջությամբ ներդնել կուտակային համակարգը, թե «հեղափոխական»թիմը, որն ամբողջությամբ ներդրեց և իրագործեց իր կողմից «հանցավոր» բնութագրվող ռեժիմի խիստ վիճահարույց ծրագիրը:
Շատ մարդկանց վրա կարելի է մեղքը բարդել 2040-ին, բայց դրանից ոչ երկրի վիճակն է լավանալու, ոչ էլ այդ խնդիրներն են լուծվելու:

Մարդիկ, լավ, թե վատ, ինչ-որ բան անում են և դուրս գալիս ասպարեզից: Սա է ժամանակի և պատմության օրենքը: Բոլոր մեր նախկին ղեկավարների օրոք ունեցել ենք թե նվաճումներ, թե սխալներ, թե հաղթանակներ, թե կորուստներ: Բայց այդ ամենն այլևս պատմություն է: Գուցե արդեն ժամանա՞կն է մտածել ապագայի մասին, որը գալու է շատ ավելի արագ, քան կարծում ենք:

Թեև չեմ բացառում, որ հաջորդ սերունդները, այնուամենայնիվ, կդիմեն գնդակահարության մեթոդին` առանց անկախության հիսունամյակի կապակցությամբ համաներում կիրառելու: Չէ՞ որ ի վերջո իսկական հեղափոխությունն այլ կերպ չի լինում:

Արա ՆՌԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031