Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝  Հոկտեմբերի 27-ի մասին. «Գլխավոր ահաբեկիչը ԱԱԾ գործակալ է եղել,  ԱԱԾ-ն ի՞նչը պիտի բացահայտի»

Փետրվար 02,2020 12:00

«Ահաբեկիչների ղեկավարը, գլխավոր ահաբեկիչը ԱԱԾ գործակալ է եղել: Սա փաստ է: Ուրեմն ԱԱԾ գործակալը դառնա ահաբեկչության կազմակերպիչ իր բոլոր հետեւանքներով, եւ այսօր փորձեն ինձ համոզել, որ ԱԱԾ-ն  պիտի կազմակերպիչներին, դրդիչներին, հովանավորներին բացահայտի՞… Սա տրամաբանակա՞ն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որն անընդունելի է համարում Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը ԱԱԾ-ին վստահելը:

Ի դեպ, տիկին  Բախշյանը հունվարի կեսերին դիմել էր դատախազություն առաջարկով՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմնին տուժողի իրավահաջորդ հայտարարել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության, սակայն մերժում էր ստացել:

«ԱԱԾ-ի հետ կապված իմ անվստահությունից կամ մտահոգությունից չի հետեւում, որ  մնացածներին վստահում եմ եւ հալած յուղի պես եմ ընդունում: Լավ ծանոթ եմ գործից անջատված մասով հատորներին եւ կարդացել եմ, թե ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ, տարբեր մարդիկ ինչպես են, մեղմ ասած,  անտարբեր աշխատել, ինչպես «չեն տեսել» վտանգը, շրջանցել են, ԱԱԾ-ն, ըստ էության իմացել է այդ ամենը ու չի կանխել: Եվ գործի մեջ այդ կետերի վրա ոչ մի ուշադրություն չկա դարձված… Չեն ասել՝ ԱԱԾ մայոր էսինչ, ԱԱԾ աշխատակից էսինչ, դուք որ ասել եք՝ տեղեկացել եմ, գիտեի, ինչո՞ւ հետեւից չեք գնացել, չեք կանչել հարցաքննել, չեք կանխել Հոկտեմբերի 27-ը:

ԱԱԾ-ն չի ցանկացել կանխել, ու հիմա  այդ նույն գործը վերաբացելուց հետո պետք է այդ նույն մարդկանց հարցաքննեն, այս անգամ մեկ ուրիշ մարդ պետք է հարցաքննի…Եվ եթե անգամ իրենք իրար նախկինում չեն ճանաչել, բայց մեկ է՝ նրանց գլխում ԱԱԾ հիշողություն կա: Նախկինում այդպես է արվել, հիմա դա բացահայտելու համար պետք է ԱԱԾ-ին հակառակ աշխատեն, իսկ ես իմանալով իրականությունը՝ ոչ մեկին չեմ վստահում, որովհետեւ մեկի պոչը մյուսի տակ է»,-ասում է Անահիտ Բախշյանը:

«Ես տուժողի իրավահաջորդն եմ, եւ մի շատ կարեւոր միտք ինձ տանջում է՝ իմ ո՞ր շահերն է պաշտպանելու դատարանը, ես պաշտպանվելու ոչ մի բան չունեմ, այն մարդը, որը սպանել է իմ ամուսնուն, նստած է: Դրա համար ես իմ շահերը չեմ ուզում պաշտպանվեն, ուզում եմ՝ պետության շահը պաշտպանեն, որովհետեւ պետությունն է տուժող, ԱԺ-ն ու Կառավարությունն են տուժել:

Տուժել են, որովհետեւ գլխատվել է երկրի գլուխը: Ես բարձրաձայնեցի այն մասին, որ տուժող ճանաչեք ԱԺ-ն ու Կառավարությունը, իրենք են տուժել, իմ շահերն այլեւս պաշտանել հնարավոր չէ, ասում են՝ չէ, օրենքով չի կարող այդ բանը լինել… Ախր այս դեպքում պետությանն ահաբեկչությամբ վնաս են տվել, գլխատել են… Ես հարց եմ տալիս նորից՝  իմ որ շահն է պաշտպանելու դատարանը, չէ՞ որ պետություն դու ես տուժել, իմ շահերը պետք չի պաշտպանել»,- պնդում է մեր զրուցակիցը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829