radar.am. 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է ավելի քան քառորդ դար։ Սակայն Հայաստանի նորագույն պատմության ամենամութ էջերից մեկի շուրջ դեռ հարցեր կան։ Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում վերահսկողության տակ է եղել «Հոկտեմբերի 27»-ի գործը, նոր փաստեր է բացահայտում․
«Ես այս վերջերս էլի վերանայում էի իմ հին գրառումները, քրեական գործի այն փաստաթղթերը, որոնք ինձ մոտ մնացել են, և հայտնաբերեցի մի բան․ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել»։
Նաիրի Հունանյանը, որ 2003 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության ակտ իրականացնելու գործով, վերաքննիչ բողոք չի ներկայացրել։
Իսկ եթե ներկայացրել է, որտե՞ղ է այն, ինչո՞ւ չի հասել դատարան, և, որ ամենակարևորն է, ի՞նչ կարող էր գրված լինել այդ փաստաթղթում։ Սրանք հարցեր են, որ բարձրացնում է նախկին զինդատախազը՝ պնդելով նաև, որ սա պարզապես դատավարական դրվագ չէ․
Կարդացեք նաև
«2003 թվականին փորձում է նաև առաջադրվել նախագահի թեկնածու, խնդրում է հորը և դրսում գտնվող ընկերներին, որ նախաձեռնող խումբ կազմակերպեն, որպեսզի իրեն առաջադրեն նախագահի թեկնածու»։
Բայց եթե Հունանյանը նպատակ ուներ իրեն ներկայացնել որպես քաղաքական համակարգի դեմ պայքարող մարդ, ինչո՞ւ չէր բողոքարկել ցմահ ազատազրկման դատավճիռը։
Այս հարցադրումը Ջհանգիրյանը համարում է փաստաթղթի հնարավոր գոյությունը պարզելու բավարար հիմք․
«Ես վստահ եմ, որ նա բերել է այդ բողոքը․ այն ԱԱԾ որևէ պաշտոնյայի կամ մեկուսարանի աշխատակցի գզրոցում ընկած է։ Ուղղակի այդ բողոքը, երևի, պարունակել է այնպիսի բաներ, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում հրապարակայնացնել, վտանգավոր են համարել դրա քննությունը վերաքննիչ ատյանում»։
Ջհանգիրյանը ենթադրում է, որ բողոքներ կարող էին գրված լինել, սակայն չհասնել դատարան, ընդ որում՝ Հունանյանը դրանք կարող էր գրել ոչ միայն իր, այլև եղբոր ու հանցախմբի մյուս անդամների անունից։
Ջհանգիրյանը կասկածներ է հայտնում, որ փաստաթղթերում կարող էին հիշատակվել ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի միջև բանակցություններն ու դրանց ընթացքում հնարավոր պայմանավորվածությունները․
«Կարծում եմ՝ այդ բողոքում անպայման պետք է խոսք գնացած լիներ իր էդ գիշերային՝ լույս 28-ի հանդիպումների և խոսակցությունների մասին․ ում հետ ինչ են խոսել, ինչ են քննարկել, ինչ երաշխիքներ են տվել Նաիրի Հունանյանին ու մնացածին, այդ երաշխիքների ո՛ր մասն է կատարվել, որը՝ ոչ, ինչու չի կատարվել»։
Ջհանգիրյանի պնդմամբ՝ այս տեղեկությունը ստուգելու հնարավորությունը ներկայումս իրավապահ մարմինների ձեռքում է։ Ինքը, որպես նախկին պաշտոնյա, քրեական գործի նյութերին պաշտոնական հասանելիություն չունի և չի կարող ինքնուրույն պարզել՝ բողոքները պահպանվե՞լ են, թե՞ ոչ։
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ մանրամասներ հայտնելով քննչական գործողությունների մասին․ մասնավորապես, մեկ տասնյակից ավելի հարցաքննություններ են արվել։ Իսկ արդյո՞ք գլխավոր դատախազությունը տեղեկություններ ունի Հունանյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու վերաբերյալ, և, ընդհանրապես, այս թեման քննարկման առարկա կդառնա՞․ այս հարցերի պատասխանն առայժմ չկա։ ՀՀ գլխավոր դատախազությունից Radar Armenia-ին խնդրեցին գրավոր հարցում ներկայացնել։
Եվս մեկ կարևոր փաստ․ Ջհանգիրյանը պնդում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ անվտանգության մարմիններին կարող էին հայտնի լինել Նաիրի Հունանյանի մտադրությունների մասին տեղեկություններ։ Որպես օրինակ՝ նախկին դատախազը հիշատակում է ազգային անվտանգության նախկին աշխատակիցներից մեկի և Նաիրի Հունանյանի հանցախմբի անդամ Էդիկ Գրիգորյանի ցուցմունքները։
Ըստ Ջհանգիրյանի՝ Գրիգորյանի ծննդյան միջոցառմանը Հունանյանն անվտանգության աշխատակցի ներկայությամբ խոսել է Ազգային ժողով մտնելու և իշխանությունը վերցնելու մասին։ Ըստ նախկին զինդատախազի՝ ԱԱՆ-ն ունեցել է այդ տեղեկատվությունը․
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Մելքոն Մելքոնյանը զեկուցել է իր ղեկավարությանը՝ գլխավոր վարչության պետին, վերջինս էլ նրան ուղարկել է համապատասխան օպերատիվ գլխավոր վարչություն, որը պիտի զբաղվեր կանխումներով»։
Թե ինչու այդքանից հետո չի կանխվել, կրկին հարց է, որը ևս նախաքննական մարմնի ուսումնասիրության առարկա պետք է դառնա։
Մանրամասները՝ տեսանյութում։



















































