Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր պատճառը, որ այս բանաձեւն ընդունվեց, այն էր, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն չէ. ավտորիտար է»

Փետրվար 03,2020 14:00

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ կանանց ներկայացվածության առումով առաջիկայում պատվիրակության կազմում փոփոխություններ նախատեսված չեն:  

«Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ամփոփեց նստաշրջանի արդյունքները, խոսեց հայկական պատվիրակության դիրքորոշման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի հարցերով եւ անդրադարձավ ԵԽԽՎ-ում վերջին օրերի թեժ քննարկումներին:

-Ինչո՞ւ հայկական պատվիրակության անդամները չհակադարձեցին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի այն հայտարարությանը՝ ինչո՞ւ է Հայաստանը, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված, դատապարտում նախկին նախագահին, խոսում ժողովրդավարության մասին:

-Նախ քննարկումն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ էր: Այս բանաձեւը պիտի ընդունվեր, եւ այդ փաստաթուղթն էր քննարկվում: Ադրբեջանցիների մատնանշածներն ամենեւին փաստեր չէին եւ դրանք փաստարկներ էլ չէին, քանի որ իրենք այլ ասելիք ուղղակի չունեին, շատ աբսուրդային բաներ էին ասում: Օրինակ՝ ինչո՞ւ են հայերը գրանցվել եւ ելույթ ունենում կամ զեկուցողին մեղադրում էին Ադրբեջանին նվաստացնելու մեջ: Եվ բնական է, որ մեր պատվիրակության անդամները չպետք է անդրադառնային այդ աբսուրդային փաստերին: Մեր պատվիրակության անդամները խոսում էին Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին եւ անում էին ճիշտ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանություններին քննադատող՝ ԵԽԽՎ զեկույցի ընդունումից եւ Ձեր գրառումից հետո Ձեր հասցեին հնչած`ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի քննադատությունը:

-Ես անլուրջ հարցերի չեմ պատասխանում:

-Բանաձեւը, որ ընդունվեց, հայկական պատվիրակության աշխատանքի արդյո՞ւնքն էր, թե՞ Վեհաժողովում Ադրբեջանի դեմ եղած ընդհանուր մթնոլորտի:

-Հայկական պատվիրակության անդամներն, իհարկե, փոքրիկ ներդրում ունեցան ու ինչպես եւ բազմաթիվ այլ բանաձեւերի դեպքում՝ Ադրբեջանի հետ կապ ունեցող կամ չունեցող: Բայց գլխավոր պատճառը, որ այս բանաձեւն ընդունվեց, այն էր, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն չէ. ավտորիտար է:

-Այն հորդորը, որ հնչեց հայկական պատվիրակությանը՝ կապված կանանց ներկայացվածության հետ, դա ընդունելի՞ է Ձեզ համար եւ հնարավոր՞ է առաջիկայում պատվիրակության կազմում փոփոխությունների մասին մտածեք:

-Հորդորը միայն Հայաստանի հետ կապված չի հնչել. բազմաթիվ երկրներ կային: ԵԽԽՎ-ն ունի կանոններ, թե պատվիրակության նվազագույնը  քանի տոկոսը պետք է լինեն կանայք, եւ մենք այդ նվազագույնի մեջ տեղավորվում ենք: Այսինքն՝ պատվիրակությունում կանանց անհրաժեշտ ամենացածր թիվն ապահովված է: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, ցանկացած դեպքում եւ ցանկացած պատվիրակության դեպքում եւ ընդհանրապես ԱԺ-ի, մեր պետական համակարգի դեպքում, մենք պետք է հետզհետե գնանք նրան, որ կանայք հավասարապես ներկայացված լինեն տղամարդկանց հետ: Մոտ ապագայում այս առումով ԵԽԽՎ պատվիրակությունում փոփոխություններ նախատեսված չեն:

-Նաեւ եղավ քննարկում Ռուսաստանի հետ կապված. մեր պատվիրակության անդամները կողմ քվեարկեցին Ռուսաստանի՝ ԵԽԽՎ-ում աշխատանքների շարունակության առումով, մինչդեռ վրացիներն ու ուկրաինացիները դեմ էին այդ բանաձեւին: Հետագայում այդ քվեարկությունը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել ուկրաինացիների եւ վրացիների հետ հարաբերություններում:

-Բացարձակ չի կարող, քանի որ նախ մենք ունենք մեր դիրքորոշումը եւ վստահ եմ, որ մեր  գործընկերները հասկանում են այդ դիրքորոշումը եւ եթե խնդիր առաջացնելու լիներ, ապա կառաջացներ վրացի եւ ուկրաինացի պատվիրակությունների ու ԵԽԽՎ պատվիրակությունների մեծամասնության միջեւ, քանի որ ԵԽԽՎ անդամ պատգամավորների մեծ մասը քվեարկել է կողմ այդ բանաձեւին, որը  ռուսական պատվիրակությանը չի զրկում մասնակցությունից: Այնպես որ, այդտեղ որեւէ խնդիր չկա:

-Կձեւակերպե՞ք, Ռուսաստանի հարցով ո՞րն է մեր պատվիրակության դիրքորոշումը:

-Մեր դիրքորոշումը, որը համընկնում է ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնության հետ, այն է, որ սա արդյունավետ քայլ էր, եւ պետք է աշխատել միասին: Մենք դա բարձրաձայնել ենք թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա:

-ԵԽԽՎ-ն ունի նոր նախագահ, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր ընկերն է: Ի՞նչ դիրքորոշում ունի նորընտիր նախագահը մեզ հուզող հարցերում:

-Ես շփվել եմ բազմիցս ԵԽԽՎ նոր նախագահի հետ, նաեւ մինչեւ իր՝ նախագահ դառնալը, եւ նա ինձ վրա լավ տպավորություն է թողել: Նախագահ ընտրվելուց հետո էլ երեկ հանդիպել եմ նրա հետ եւ կարծում եմ՝ շատ նորմալ կստացվի մեր համագործակցությունը: Ունի բալանսավորված դիրքորոշում: Չենք քննարկել ղարաբաղյան հիմնահարցը, որպեսզի ասեմ՝ ինչպիսին է դիրքորոշումը, բայց դատելով իր նախկին պահվածքից՝ բալանսավորված:

-Հայ պատվիրակները ընտրվեցին, նշանակվեցին տարբեր հանձնաժողովների փոխնախագահներ, ներկայացուցիչներ: Ընդհանուր գո՞հ եք պատվիրակության աշխատանքից, ի՞նչ չհասցրիք անել:

-Շատ գոհ եմ, քանի որ այս մակարդակի ներկայացվածություն ԵԽԽՎ-ում տարբեր պաշտոններում երբեք որեւէ հայկական պատվիրակություն չի ունեցել: Մենք մեկ տարի ենք գործունեություն ծավալում, եւ մեկ տարի անց առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ կարող էինք  առաջադրվել տարբեր պաշտոններում, մենք փաստորեն ունեցանք մեկ քաղաքական խմբի փոխնախագահ, մեկ հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ունեցանք մեկ ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, մեկ ենթահանձնաժողովի նախագահ եւ մեկ ենթահանձնաժողովի փոխնախագահ: Սա շատ լավ արդյունք է եւ վստահաբար կօգնի մեզ առաջ տանել մեր շահերը եւ էլ ավելի մեծացնել մեր ազդեցությունը: Այս նստաշրջանի ընթացքում մենք հավաքեցինք անհրաժեշտ թվով ստորագրություններ, եւ դրա արդյունքում գրավոր հայտարարություն կհրապարակվի Ադրբեջանում Բաքվի ջարդերի հետ կապված: Այսպիսով, ես շատ արդյունավետ եմ գնահատում այս  նստաշրջանում մեր աշխատանքները եւ կարծում եմ՝ սրանից լավ գնահատական նախորդ տարվա գործունեությանը չի կարող լինել:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829