Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Սրտից պոկված ծվեններ»

Փետրվար 13,2020 13:30

Շատ է խոսվում հայ գենի, նրա տեսակի մասին: Տեսակետները տարբեր են.  բարի, չար, հանդուրժող, համբերատար, հյուրասեր, անկեղծ, արդարամիտ… Այս վերջին տեսակին է պատկանում «Սրտից պոկված ծվեններ» ժողովածուի հեղինակ, Հանրային ռադիոյի նախկին ծրագրերի տնօրեն, ռադիոժուռնալիստ (40 տարի), «Ասուպ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Մարտին Պետրոսյանը: Մարդ, որն իր իմաստալից կյանքը նվիրաբերեց ռադիոունկնդրին:

Տողերիս հեղինակը բախտ է ունեցել որոշ ժամանակ Պետրոսյանի ռադիոգործընկերը լինելու, զգալ նրա մարդկային վերաբերմունքը, ունկնդիրը լինելու նրա մտածումներին, խոհերին:

Մարտին Պետրոսյանը Լոռվա ծնունդ է՝ գեղատեսիլ Դեբեդ գյուղից: Ժողովածուն ըստ իս՝ ինքնադիմանկարային է, ինքնաճանաչման փորձ: Այն բազմաժանր է, բազմաբովանդակ. արձակ, չափածո էջեր, հուշագրություններ, քառյակներ… «Ես՝ իմ մասին…» նախաբանում հեղինակը արձանագրում է. «Ինձնից ավելի լավ ոչ մեկն ինձ չի կարող ճանաչել: Ինչ եմ արել ե՞ս… Արտակարգ ոչինչ: Հայտնագործություններով չեմ զարմացրել մարդկանց: Այսինքն, դրանցով չէ, որ պետք է հիշվեմ ես… Հապա ինչո՞վ…»: Ու ընթերցողին է ներկայացնում իր հոգու գունաշխարհը: Շրջապատից տարբերվել է չափից ավելի անկեղծությամբ: Ինչ զգացել, այն էլ ասել է ղեկավարին, ենթակային, մերձավորին, ծանոթին… Անձնայինը չի համարել առաջնայինը: Նրա համար ընդհանուր շահը, ազգայինը, պետական մտածելակերպը ավելի կարեւոր են եղել: Ասել են՝ բարի ես, անկեղծ, դու շատ ես չարաշահում դրանց սահմանները: Շատերն են խորհուրդ տվել. «Եթե շեֆերին չհակառակվես, նրանց ասածով գնաս, միշտ կշահես, դու էլ կօգտվես այն բաներից, ինչից նրանք են օգտվում… Ա՜յ քեզ բան, բա դա էլ ապրելու ձեւ է՜…»: Պետրոսյանն այդպիսի գրաստային կենսակերպը չի ընդունում, ուր քշեն գնասը չի ընդունում, այն արժանապատիվ, մարդկային, աստվածահաճո չի համարում. «Չէ՛, ես մարդ եմ ծնվել ու հենց որ աշխարհից բան եմ հասկացել, ձգտել եմ միշտ մարդ լինել, մարդու պես ապրել…»:

Պետրոսյանն ինչ գործ էլ արել, նամուսով է արել, որակով, հատկապես ռադիոլրագրության ասպարեզում. «Ունկնդրին չպետք է հիասթափեցնել, անմակարդակ, անճաշակ, կեղծիքներով լեցուն հաղորդումներ  չպետք է մատուցես նրան: Թե՛ բովանդակության, թե՛ ձեւի առումներով պետք է ունկնդրի սրտի հետ խոսես… մանավանդ, որ ռադիոյից մարդիկ սովորում են նաեւ… ինչպես ուսուցչից…»: Մի խոսքով՝ նա ռադիոհեռուստատեսությունը համարում է կարեւոր լսարան եւ կոչ է անում, որ կեղծիքը, սուտը, ստորաքարշությունը, պնակազելությունը, անարդարությունը տեղ չգտնեն մատուցվող հաղորդումներում… Նշանաբաններից մեկն էլ՝ ուրիշի  հաշվին սեփական երջանկությունը չկառուցելն է: Եվ հեղինակը հանգում է այն մտքին, որ մարդու շնորհքն ու տաղանդը հենց այստեղ պիտի երեւա. ճշմարիտ, բնականին մոտ օրենքների գերակայությամբ: Այդպես է ապրում Մ. Պետրոսյանը. կարգ ու կանոնով, թեկուզ կյանքն անցել է հոգսերի բեռան տակ:

«Ես այս եմ» ինքնակնարկում հեղինակն օրախնդիր հարցադրումներ է առաջադրում, պատասխաններ տալիս: Դիտարկումները տեղին են: Նկատում է, որ «հարցազրույցների ընթացքում, որպես կանոն, մարդիկ այնպես են ներկայանում, որ եթե դրանք ի մի բերես, ուրեմն, Հայաստանը պետք է դրախտավայր լիներ… Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանն ընդամենը ա՛յս է: Եվ՝ ոչ ավելին: Իսկ որ այն դրախտավայր է, երեւի դա էլ կա, բայց միայն մի խումբ անարժանների համար: Ճիշտ հասկացեք ինձ. այդ խմբի մեջ, այո, կան նաեւ մարդիկ, ովքեր ժողովրդի համար մի բան արել են, մի հետք  թողել են եւ իրավունք ունեն ասելու՝ «Իմ Հայաստանը», «Իմ ժողովուրդը»… Բայց մի ծաղկով, թեկուզեւ մի քանի  ծաղիկներով, հաստատ գարուն չի գա… Դա ի՜նչ գարուն կլինի… Գարունն այն է, երբ դաշտ ու այգի համատարած ծաղկունքով են պատված…»:

Պետրոսյանը խոստովանում է, որ հայտնագործություններ չի արել, սակայն իր աշխատանքով  նպաստել է հայտնագործություններ անողների, կառուցողների, շենացնողների գործին, հոգեպես ու բարոյապես նեցուկ եղել նրանց: Չի սիրել եթերում սեւացնել մարդկանց: Ձգտել է ներկայացնել ազնիվը, լավը, քանզի չարի, վատի մասին շատախոսելով, այն ցուցադրելով, ակամա նպաստում ենք դրանց արմատավորմանն ու ձեւավորմանը: «Միշտ պետք է հիշել մի բան. մարդկային կյանքը կարճ է՝ վայրկյան ժամանակի մեջ: Ուրեմն պետք է ճիշտ ապրել, որպեսզի Աստծո կողմից տրված մեր ժամանակը հնարավոր լինի օգտագործել հենց կյանքի համար, մարդո՛ւ նման ապրելու համար…»:

Ռադիոն եղել է ռադիոլրագրողի երկրորդ տունը: Օրնիբուն աշխատել է: Նրա համար հանգստյան օրեր չկային: Իր աշխատանքի գնահատականը ռադիոունկնդիրների գնահատանքն է եղել. հեռախոսազանգերը, նամակները, երախտագիտական զգացումները…

«Գյուղս՝ Դեբեդ» շարքը նվիրված է հեղինակի բնօրրանին, որտեղ  անցել է իր մանկությունն ու պատանեկությունը: Աչքի են ընկնում «Ճամփաները իմ կարոտի», «Գյուղի թաղերը», «Ժանգոտ գյոլը», զավեշտալի «Կլեկչի Ավոն», «Ճանապարհ» գործերը: «Մտորումներ. չափածո եւ արձակ էջեր»-ը գաղափարային են գեղագրական, առակատիպ, որոնցից են «Անկեղծ զրույց», «Ես զարմանում եմ», «Թե մարդ ենք ծնվել» գործերը:

«Մեր Մարալ կովը» էսսեն մարդու եւ իրենց ընտանիքի միակ սննտու՝ Մարալ կովի մասին է, որին հեղինակը երախտագիտության խոր զգացումով է հիշում. «Ու շատ եմ ափսոսում, որ ես ոչ լուսանկարիչ էի, ոչ էլ գեղանկարիչ, որ կարողանայի մի լավ գործ ստեղծել ու այդպես անմահացնել մեր Մարալ կովին…»: «Մեր տան ուրախությունը» մարդու եւ կենդանու հավերժ բարեկամության, տվյալ դեպքում փոքրիկ շնիկի՝ Կոկիի մասին է, որը նաեւ Աստծո ստեղծած արարածի հանդեպ սիրո եւ հոգատարության, կարոտի, թախծի դրսեւորում է: «Վերջին զանգը» գործում կարեւորվում է մարդ լինելը, հետո՝ մասնագիտությունը. «Կարեւորն այն է, որ ազնվորեն ծառայես հասարակությանը, շրջապատին ու ընտանիքին, լինես երկրիդ արժանավոր քաղաքացին…»:

Գիրք-ինքնադիմանկարին նոր գույներ են հաղորդում գրողների, բանաստեղծների նրան մակագրված բազմաթիվ գրքերը, ինքնագրերը: Ահավասիկ բանաստեղծ, նրա երկարամյա գործընկեր Հովիկ Հովեյանի «Արահետ» գրքի մակագրությունը. «Իմ սիրելի Մարտին Պետրոսյանին. լոռեցուն, հային, հայրենասերին՝ Հովիկից»:

Լավ մարդ տեսակի էությունը չի փոխվում: Այսօր էլ վաստակաշատ ռադիոժուռնալիստ Մարտին Դեբեդցին նույն ուղղամիտ, արդարախոս, ճշմարտախոս, սրամիտ մարդն է: Գիտեր, որ կտուժի, բայց չէ որ ինքը Մեծն Թումանյանի հայրենակիցն է ու միշտ ականջալուր է նրա խոսքին. «Ա՜խ երանի, ով մա՛րդ կգա ու մարդ կերթա անարատ…»:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829