Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էր Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դեռ նախորդ դատական նիստում։ Ըստ պաշտպանի միջնորդության հիմքի, գործի քննությունը պետք է վարեր ոչ թե ԱԱԾ-ն, այլ` ՀՔԾ-ն:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև

Մեղադրող դատախազը նիստում ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:
Լսելով այն` Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս գործը շինծու է ու չի ընդունում մեղադրանքը. «Այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ, չի համապատասխանում իրականությանը»: Նա ասաց. «Ինձ այսօր մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է ինչ-որ կազմակերպություն, գործին զուգահեռ բիզնես շահեր է հետապնդել: Ես իրեն հարցրել եմ, ասել է, որ կապ չունեմ այդ կազմակերպության հետ: Դիալեզի գործով ՊՎԾ- ում ուսումնասիրություն է արվում, չեմ լսել, որ մեկը տուժել է դիալեզից: Եթե ես այսօր էլ վերադառնամ նույն գործին, թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթներ ստանան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































