Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ որպես հավաքական ազգ, այս տարիներին կորցրել ենք ընդհանուր երազանքը կամ ճիշտ չենք սահմանել․ Դավիթ Սանասարյան

Մարտ 22,2026 14:51 Share

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ծանր զգացողությամբ դիտեցի կորեացի ճանապարհորդի՝ Արցախ կատարած շրջագայությունը։

Այդ և նման տեսանյութերը նայելով՝ ցավով հասկանում ես՝ մեր տեսած քաղաքներից ու գյուղերից քիչ բան է մնացել։ Մեզանից խլված հողի վրա այսօր լայնածավալ շինարարություն է գնում, ու հենց դա է, որ ավելի է ծանրացնում կորստի գիտակցումը։

Գիտե՞ք որն է ամենամեծ խնդիրը։

Այն, որ մենք՝ որպես հավաքական ազգ, այս տարիներին կորցրել ենք ընդհանուր երազանքը կամ ճիշտ չենք սահմանել։ Մեր էներգիան հաճախ գնում է ոչ թե ստեղծելու ու հզորացնելու, այլ ընտրությունից ընտրություն ներքին թշնամանքի խորացման վրա։ Ապրում ենք կեղծիքի ու փոխադարձ կասկածի մեջ, ու միշտ իրար վախեցնում ենք՝ մեկ «ռուսը կուտի», մեկ «թուրքը կուտի»։ Կուտեն, մի’ վախեցեք։

Ես վստահ եմ՝ մենք չենք չորացել։ Վստահ եմ՝ այս տարիները պատմության մեջ մնալու են որպես ձախորդ էջեր։ Բայց դա ինքն իրեն չի փոխվելու։ Դրա համար մեզ պետք է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ՝ ազգային արժանապատվությունից, ինքնիշխանությունից ու ստեղծագործ աշխատանքից ծնված երազանք։ Այնպիսի երազանք, որ կդառնա նպատակ ու ծրագիր՝ ոչ թե խոսք ու լոզունգ։

Ես ունեմ այդ երազանքը, և պատկերացնում եմ՝ ինչպես պետք է հասնենք դրան։

Ես պատկերացնում եմ Հայաստան, որտեղ իշխանությունը ազգային ու ինքնիշխան է՝ ոչ արտաքին կախվածության, ոչ ներքին կեղծիքների գերի։

Որտեղ գործարարությունը ոչ թե քաղաքական թշնամություն է հրահրում, կամ դրսից թելադրվում, այլ ֆինանսավորում ու իրականացնում է երկրի համար մեգա ծրագրեր։

Որտեղ քաղաքական ուժերը կարող են կոշտ վիճել ներքին հարցերում, բայց օտարի հետ խնդիրների պահին իրար թև ու թիկունք են։

Որտեղ քաղաքացին հարկ է վճարում, ու պետությունը այդ հարկով ոչ թե կեղեքում է, այլ աճեցնում է մարդկանց աշխատանքի պտուղը։

Որտեղ հոգևորականը օրհնում է ոչ թե պառակտումը, այլ հանրային համերաշխությունը ու բարոյական պատասխանատվությունը։

Եկեք միասին ունենանք այդ երազանքը։ Թշնամանալը մեզ վատ տեղ է հասցնում։ Մենք արնակից ենք՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ։

Խավարին ու թշնամուն հաղթելու համար պիտ սիրենք, ծլենք, ծաղկենք ու զորանանք, այլ տարբերակ չկա։

Ասեք, որ կարող ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031