Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց սոցիալական աջակցության ոլորտում բարեփոխումների նախագիծը: Նա նախ հիշեցրեց, որ կառավարության ծրագրով պետք է ձգտեն մինչեւ 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ էապես նվազեցնել աղքատությունը եւ այդ նպատակի իրագործման համար առանձնակի նշանակություն պետք է ունենա բնակչության շրջանում կրթության եւ աշխատանքի խթանումը»:

Համայնքներում, ինչպես հայտնի է, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կան՝ «Փարոս» կոչվածը, դրանից բացի, նախարարության ներքո գործում են զբաղվածության կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, որը անձի հաշմանդամության հետ կապված կարիքի գնահատում է իրականացնում: Հիմա կառավարությունն ուզում է միասնական համակարգ ձեւավորել՝ մեկ գրասենյակի կողմից կառավարվող: Բացի այդ, կարիքի գնահատման բովանդակային փոփոխություններ են սպասվում: Նպաստների համակարգի բարեփոխման նպատակով արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն այս սկզբունքով է առաջնորդվում. պետք է գնահատվի քաղաքացու ունեցած նվազագույն երաշխավորված եկամտի որոշակի չափը, եթե մարդու եկամուտը դրանից ցածր է, պետությունը տարբերությունը պետք է լրացնի:
Անդրեասյանն ասաց, որ պետք է հաշվի առնեն, թե ընտանիքից քանի հոգի են աշխատում, գնահատելու են նաեւ աշխատող աղքատների հարցը, կախված ընտանիքում երեխաների քանակից՝ աջակցությունը ավելի մեծ է լինելու:
Կարդացեք նաև
Հաջորդ խնդիրը «Փարոսի» աշխատողներին կրթելն է: Անդրեասյանն ասաց, որ «Սոցիալական աշխատողի մասին» օրենք են մշակել, առաջիկայում կբերվի ԱԺ: Ոլորտի աշխատողներից մեծ մասը՝ 85%-ը սոցիալական աշխատողի կրթություն չունեն ու «Փարոսի» տեսուչների մի մասը վերափոխվել են սոցիալական աշխատողի ու ակնհայտորեն որակյալ ծառայության սա չէր կարող բերել: Հիմա նախատեսում են վերապատրաստումներ: Բուհերը շրջանավարտների տվյալներ են տալու, որ նրանց վերապատրաստեն ու ներգրավեն նախարարության միասնական գրասենյակի աշխատանքներում:
Հիմա հարց է առաջանում՝ եթե այս ամենը համայնքներն էին անում, ինչո՞ւ է նախարարությունն ուզում համայնքներին վերապահված գործառույթը իրենով անել: Անդրեասյանն ասաց, որ համայնքներում սոցիալական պաշտպանության բնագավառում գործիքների մեծ ծավալ է տրված. «Մեր պատկերացրած սոցիալական պաշտպանության համակարգում պետք է ունենանք կարիքի միասնական գնահատում ու համայնքային սոցծրագրերից օգտվելու հնարավորություն: Սա հնարավոր է անել միայն, երբ ունենք հզոր համայնքներ»:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ անգամ Երեւանի պարագայում, որն ունի հսկայական բյուջե սոցիալական աջակցությանն ուղղված, այդ բյուջեն արդյունավետ չի կարողացել ծախսել. «Երբ նայում ենք, թե նախորդ տարիներին ոնց է այդ բյուջեն օգտագործվել, ապա տեսնում ենք, որ սոցիալական բյուջեները օգտագործվել են հիմնականում միանվագ աջակցության վրա, որը որեւէ խնդիր չի լուծել: Այսինքն, միանվագ մարդուն 10-20 հազար դրամ են տվել կամ որեւէ կենցաղային իր են տվել, որը որեւէ կերպ չի պաստել մարդու կենսական պայմանների բարելավմանը, ավելին՝ մարդը անընդհատ կախվածության մեջ է ընկել այդ աջակցության ստացումից»:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ իրենք հավատարիմ են մնում ապակենտրոնացման քաղաքականությանը, բայց ինստիտուտները կայացնելու համար ժամանակ է պետք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































