Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վաուչերներ՝ սոցիալական աջակցություն ունեցող քաղաքացիներին. Կառավարությունը որոշել է մարդկանց վկայագրեր տալ, որով կընտրեն, թե որտեղից ինչ ծառայություն ստանան

Փետրվար 24,2020 14:50

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց սոցիալական աջակցության ոլորտում բարեփոխումների նախագիծը: Նա նախ հիշեցրեց, որ կառավարության ծրագրով պետք է ձգտեն մինչեւ 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ էապես նվազեցնել աղքատությունը եւ այդ նպատակի իրագործման համար առանձնակի նշանակություն պետք է ունենա բնակչության շրջանում կրթության եւ աշխատանքի խթանումը»:

Դրա համար, ըստ փոխնախարարի, մարդկանց սոցիալական աջակցություն տրամադրելու համակարգը պետք է էապես փոխվի: Նա ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Համայնքներում սոցիալական ծառայությունների տրամադրումը նախատեսվում է իրականացնել պետական վկայագրերով՝ վաուչերներով. «Կառավարության որոշում է արդեն եղել, 2021-ի բյուջետային հայտում դա պլանավորում ենք: Ֆինանսավորումը տրվելու է ոչ թե հաստատությանը, այլ՝ անձին ու անձը կարող է ընտրել, թե որտեղ կարող է ստանալ այդ ծառայությունը: Սկզբում սա նախատեսել ենք խոշոր համայնքներում: Սա լինելու է մեր հիմնական ֆինանսավորման ձեւը»:

Համայնքներում, ինչպես հայտնի է, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ կան՝ «Փարոս» կոչվածը, դրանից բացի, նախարարության ներքո գործում են զբաղվածության կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, որը անձի հաշմանդամության հետ կապված կարիքի գնահատում է իրականացնում: Հիմա կառավարությունն ուզում է միասնական համակարգ ձեւավորել՝ մեկ գրասենյակի կողմից կառավարվող: Բացի այդ, կարիքի գնահատման բովանդակային փոփոխություններ են սպասվում: Նպաստների համակարգի բարեփոխման նպատակով արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն այս սկզբունքով է առաջնորդվում. պետք է գնահատվի քաղաքացու ունեցած նվազագույն երաշխավորված եկամտի որոշակի չափը, եթե մարդու եկամուտը դրանից ցածր է, պետությունը տարբերությունը պետք է լրացնի:

Անդրեասյանն ասաց, որ պետք է հաշվի առնեն, թե ընտանիքից քանի հոգի են աշխատում, գնահատելու են նաեւ աշխատող աղքատների հարցը, կախված ընտանիքում երեխաների քանակից՝ աջակցությունը ավելի մեծ է լինելու:

Հաջորդ խնդիրը «Փարոսի» աշխատողներին կրթելն է: Անդրեասյանն ասաց, որ «Սոցիալական աշխատողի մասին» օրենք են մշակել, առաջիկայում կբերվի ԱԺ: Ոլորտի աշխատողներից մեծ մասը՝ 85%-ը սոցիալական աշխատողի կրթություն չունեն ու «Փարոսի» տեսուչների մի մասը վերափոխվել են սոցիալական աշխատողի ու ակնհայտորեն որակյալ ծառայության սա չէր կարող բերել: Հիմա նախատեսում են վերապատրաստումներ: Բուհերը շրջանավարտների տվյալներ են տալու, որ նրանց վերապատրաստեն ու ներգրավեն նախարարության միասնական գրասենյակի աշխատանքներում:

Հիմա հարց է առաջանում՝ եթե այս ամենը համայնքներն էին անում, ինչո՞ւ է նախարարությունն ուզում համայնքներին վերապահված գործառույթը իրենով անել: Անդրեասյանն ասաց, որ համայնքներում սոցիալական պաշտպանության բնագավառում գործիքների մեծ ծավալ է տրված. «Մեր պատկերացրած սոցիալական պաշտպանության համակարգում պետք է ունենանք կարիքի միասնական գնահատում ու համայնքային սոցծրագրերից օգտվելու հնարավորություն: Սա հնարավոր է անել միայն, երբ ունենք հզոր համայնքներ»:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ անգամ Երեւանի պարագայում, որն ունի հսկայական բյուջե սոցիալական աջակցությանն ուղղված, այդ բյուջեն արդյունավետ չի կարողացել ծախսել. «Երբ նայում ենք, թե նախորդ տարիներին ոնց է այդ բյուջեն օգտագործվել, ապա տեսնում ենք, որ սոցիալական բյուջեները օգտագործվել են հիմնականում միանվագ աջակցության վրա, որը որեւէ խնդիր չի լուծել: Այսինքն, միանվագ մարդուն 10-20 հազար դրամ են տվել կամ որեւէ կենցաղային իր են տվել, որը որեւէ կերպ չի պաստել մարդու կենսական պայմանների բարելավմանը, ավելին՝ մարդը անընդհատ կախվածության մեջ է ընկել այդ աջակցության ստացումից»:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարցրեց՝ երկու մոդել կա՝ անհատների վրա կառուցվող հանրություն, մյուսը՝ համայնքների վրա կառուցվող հանրություն, երբ անհատին ասում ենք՝ մենք կգնահատենք քո կարիքները եւ քեզ կտանք վաուչերներ, ստացվում է, որ կենտրոնում անհատն է, ոչ թե պատմականորեն ձեւավորված ինստիտուտները: Բացի այդ, նա նշեց, որ նախարարությունը քաղաքականություն պետք է մշակի, ոչ թե իրականացման գործառույթն էլ իր վրա վերցնի, իրականացման գործը պետք է անեն համայնքները, այդ վաուչերները պետք է տան համայնքները:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ իրենք հավատարիմ են մնում ապակենտրոնացման քաղաքականությանը, բայց ինստիտուտները կայացնելու համար ժամանակ է պետք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829