Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ցուցմունքն էլ չկա, միայն ցուցմունքի՝ գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի». պաշտպանը՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքի մասին

Փետրվար 25,2020 20:50

«Ես խոստացել եմ, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում մենք հանրությանը ներկայացնելու ենք, թե այս քրեական գործը ոնց է կառուցվել, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Սա զավեշտ է, որ կարող է համարվել քրգործ»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հարցին՝ քաղաքական ենթատե՞քստ կա՝ նա պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստ չկա, ուղղակի քաղաքական հետապնդում է: Դա ամենամեղմ գնահատականն է, որ դուք տվեցիք»:

Ըստ նրա, դա ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելու հետ: Մենք հարցրեցինք՝ վտա՞նգ են զգում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժից՝ Մակինյանը պատասխանեց, որ ոչ մի քաղաքական ուժ վտանգ չի ներկայացնում:

Լրագրողները Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը մեջբերեցին, թե «գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»: Ի պատասխան՝ Մակինյանն ասաց. «Ո՞ւմ մասին եք դուք խոսում, ես նրան չեմ ճանաչում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դատավարության ընթացքում Սերժ Սարգսյանը դատավորի հարցին պատասխանում էր չկանգնելով, դա ի՞նչ էր նշանակում ու ինչո՞վ էր պայմանավորված՝ Մակինյանը պատասխանեց, որ երբ իրենք կանգնում էին, իրենց հուշում էին, որ դահլիճում գտնվողները ձայնը չեն լսում, բարձրախոսները սեղանի վրա էին, դա էր պատճառը ու դատավորը թույլ է տվել խոսել ե՛ւ կանգնած, ե՛ւ նստած, դատարանին դիմելու ձեւը որոշում է դատարանը:

Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ մի հանգամանքի վրա, որն այս գործի կռվաններից մեկն է. «Կազմակերպությունը, ըստ քրգործում առկա նյութերի, որը քննչական ծառայությունը չի նկատել, դիզվառելիքը գնել է 430 դրամով հարյուրավոր տոննաներով ու սկսել է վաճառել 330-340 դրամով, ավելի էժան: Երբ նախաքննական մարմիններին գոռում ենք, ասում ենք, որ պետք է դատահաշվապահական փորձաքննություն նշանակել ու մի շարք հանգամանքներ պարզել, այդ կազմակերպությունը առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզելային վառելիք մատակարարել առնվազն այն պատճառով, որ նույն ժամանակահատվածում ձեռք էր բերում 440-460 դրամով: Ես խոսում եմ «Մաքսհուր» ընկերության մասին, բաց ասեմ: Սա ինչի՞ մասին է հուշում, որ այստեղ պետք էր բազմակողմանի, օբյեկտիվ, 17 հոդվածի պահանջները բավարարել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, այլ նաեւ արդարացնող ապացույցներ»:

Պաշտպանն ասաց, որ ՊԵԿ-ից իրենք հարցումներ են արել՝ որոշակի հանգամանքներ պարզելու, որոնք վերաբերում են վառելիքի ձեռքբերման, իրացման պայմաններին, իսկ ՊԵԿ-ից պատասխանել են, որ ձեր հայցած տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք է պարունակում: Թե ինչո՞ւ պետք է առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրեր ՊԵԿ-ը, ըստ պաշտպանի, այդ տեղեկությունները բիզնեսի համար պետք չեն, իրենք մրցակից ընկերություն չեն, որ չտրամադրեին, իրենց դա պետք էր քրգործի համար՝ անձի պաշտպանությունը իրականացնելու նպատակով. «Մենք պետական գաղտնիք չենք պահանջում»:

Պաշտպանական կողմը դատարանում ասաց, որ մեղադրանքում միայն մեկ ցուցմունք է, դատախազը հերքեց: Մակինյանն այս առնչությամբ ասաց. «Կզարմանայի, որ գործող դատախազն այլ պատասխան տար: Դուք այդ հարցի պատասխանը կունենաք, մենք այդ հարցի մասին կխոսենք հաջորդ դատական նիստերում: Այդ ցուցմունքն էլ չկա: Միայն ցուցմունքի՝ գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի»: Թե ո՞ւմ ցուցմունքի մասին է խոսքը, Սերգո Կարապետյանի՞՝ պաշտպանն արձագանքեց, որ անուններ դեռեւս չի ուզում տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829