Իմքայլական պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը եւ Վարազդատ Կարապետյանն առաջարկ են ներկայացրել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Արտակ Մանուկյանն ասաց, որ սրանով ուզում են կանոնակարգում մտցնել եւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, եթե սակագի մեջ ներառում են աշխատավարձի ֆոնդը, վերին շեմ սահմանեն. «Եթե սեփականատերը կամ խորհուրդը կորոշի, որ իրենց մենեջերին պետք է ավելի շատ փող տա, խնդիր չկա, բայց դա պետք է անեն շահույթի հաշվին»:

Սա հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել: Առաջարկը որեւէ ազդեցություն սակագնի վրա չունի, եւ միմիայն ենթադրում է վերին եւ ստորին շեմերի միջեւ խզվածության մեղմում, ինչպես նաեւ վերին շեմի մասով կանոնակարգում:
Հարցրեցին՝ այլեւս պարգեւավճար չե՞ն կարող տալ՝ Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ն սահմանում է աշխատավարձի ֆոնդ, իրենք առաջարկում են, որ աշխատավարձի մեծության շեմը կանոնակարգել. «Եթե դուք կուզենաք աշխատավարձի ֆոնդից ավելի տալ, ասենք, մասնագետ է, արժանի է, էլի ձեր մոտեցումների հաշվին արեք»:
Կարդացեք նաև

Բաբկեն Թունյանն ասաց. «Եթե սրա հետեւանքով այնպես է լինելու, որ ինքը նվազեցնի աշխատավարձերը, դա ընկերության իրավունքն է, բայց իրենք ձգտելու են ամեն դեպքում իրենց շահույթը մաքսիմալացնել: Ցավոք, երբ մենք նայում ենք որոշ ընկերությունների գործելաոճը, իրենց կատարած ներդրումները, մենք հասկանում ենք, որ, մեղմ ասած, խնդիրներ կան: Երբ խոսում ենք, օրինակ, հանրային ծառայությունների մասին, ես կողմ կլինեի, որ այնտեղի թոփ մենեջմենթը պաշտոնյաների նման հայտարարագիր ներկայացնեն, որովհետեւ իրենք համարյա պետություն են պետության մեջ, թող ներկայացնեն, բոլորը տեսնեն իրենք ինչքան աշխատավարձ ունեն: Ես հասկանում եմ, որ սա կարող է սոցիալական դժգոհության թեմա դառնալ, բայց եթե իրենք համարում են, որ իրենք արժանի են այդ աշխատավարձը ստանալ, ուրեմն թող հանրությունը տեսնի, որովհետեւ հանրային ծառայություններով զբաղվող խոշոր կազմակերպությունը շաուրմայանոց չի, որ հազիվ ծայրը ծայրին հասցնի»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր նայել տնտեսվարողի շահի տեսանկյունից:

Նախագիծը առայժմ հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































