Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության համար կալանավորվածների հարազատները բողոքի ցույց են անում

Մարտ 02,2020 14:10

2019-ի հունիսի 1-ին ՌԴ Կրասնոգորկ քաղաքում գարեջրատանը տեղի ունեցած վեճի եւ ծեծկռտուքի արդյունքում սպանվել էր ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Դեպքից հետո կալանավորվեցին զանգվածային ծեծկռտուքի 9-ը մասնակից։ Նրանցից չորսին առաջադրված է սպանության մեղադրանք`ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածով, մյուսները մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Սույն գործով արդեն մեկ տարի կալանավորված են ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը և Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը եւ Սահակ Սահակյանը: Կալանավորված անձինք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Գործի նախաքննությունն ավարտվել է, առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ցույց էին անում կալանավորվածների հարազատները եւ փաստաբանները, նրանք պահանջում էին`արդար դատաքննություն: Լրագրողների հետ զրույցում փաստաբանական խմբի անդամները պատմեցին, թե ինչպես է եղել դեպքը. բնակելի շենքի տակ գտնվող սրճարան-բարում այդ օրը մարդաշատ է եղել, քանի որ ֆուտբոլի եզրափակիչ խաղն էր: Սրճարանի սեփականատերը հայ է: Երկու ռուս, ոչ սթափ վիճակում, մտել են սրճարան, դուրները չի եկել, որ սրճարանում շատ այլազգիներ կան, սկսել են վիրավորել եւ իրենց շատ ցինիկ են պահել:

«Այդ օրը իմ պաշտպանյալ Հրանտ Կարապետյանի ծննդյան օրն է եղել եւ ինքն էլ բնակվել է այդ շենքի 9-րդ հարկում: Ծննդյան կապակցությամբ իր ընկերներն են հավաքված եղել, այդ թվում նրա բնակարանում է եղել նաեւ սրճարանի հայազգի Գուրգեն անունով վարձակալը»,- պատմեց Կարեն Ներսիսյանը: Ըստ փաստաբանի, երբ կոնֆլիկտը սրճարանում դարձել է անկառավարելի, սպասուհիները զանգահարել են վարձակալին. «Գուրգենը իջել է, սկսել է համոզել, որ դուրս գան, դուրս է հանել, սրանք չեն հանգստացել, նորից մտել են սրճարան եւ քանի որ ծննդյան մասնակիցները որոշել էին սրճարանում տորթը կիսեին, նրանք էլ են այնտեղ մտել ու տեսել են, որ սրճարանի վարձակալը վիճում է երկու ռուսների հետ եւ սկսում են միջամտել: Այդ ժամանակ մի ռուս է մտնում իր ընկերուհու հետ`Բելյանկինը, ով շատ կասկածելի անցյալ ուներ, կռվել է Դոնբասում, Սիրիայում… Նա ատրճանակ է ունեցել, երեք անգամ կրակել է Հովիկ Հայրապետյանի վրա` պարանոցին, կրծքին եւ ոտքին, որից հետո, երբ ատրճանակը ուղղել է ուրիշների վրա Հովիկը իր մոտ եղած դանակով հարվածել է Բելյանկինին: Ցավոք սրտի, հարվածը մահացու է եղել»:

Հովիկ Հայրապետյանն այժմ փախուստի մեջ է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ըստ պաշտպանների, քննչական մարմինները շահագրգիռ չեն նրան գտնելու համար, թեեւ գտնվելու վայրը հայտնի է, քանի որ նրա ցուցմունքները գլխիվայր կարող են շրջել գործը: Ինքը`Հովհաննես Հայրապետյանն, ինքնակամ չի ներկայանում, քանի որ նախաքննության ընթացքը ցույց է տվել կողմնակալ մոտեցումը, ուստի վստահություն չունի, որ գործի հետագա ընթացը արդար փուլ կմտնի: Փաստաբանները մտավախություններ ունեն նաեւ նրա կյանքին սպառնացող վտանգների առնչությամբ

Այլ մանրամասները`տեսանյութում

Պաշտպանի խոսքով, քննչական խմբի ղեկավարը այժմ դարձել է ՌԴ գլխավոր դատախազ եւ հնարավոր չէ, որ «ինքն իրեն սխալ հանի»: Պաշտպաններն ու հարազատները սպասվող դատավարությունից լավ բան չեն սպասում, քանի որ պնդում են` նախաքննական ողջ փուլում գործի քննությունը կանխակալ եւ ուղղորդված է եղել: Այս գործում պաշտպանները քաղաքական ենթատեքստեր են տեսում:

Պաշտպանական խմբի անդամներն ասացին, որ ավելի վաղ դիմել էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն`արդար դատաքննություն ապահովելու պահանջով: Իրենց հետ կապվել էր հյուպատոսը եւ ասել, որ հարցն իրենց իրավասության տիրույթում չէ, սակայն, մտահոգությունները կփոխանցեն պատկան մարմիններին: Նրանք պնդում են, որ ՀՀ պետական մարմինները, ՌԴ-ում մեր դեսպանատունը պատշաճ պահվածք չեն դրսեւորում`ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:

Հովիկ Հայրապետյանի հայրը, որը շատ վրդովված էր, նրա որդիներից երկուսը կալանավորված են, մեկը`փախուստի մեջ, հայտարարեց, որ տղաները կալանավորվել են, քանի որ նրանց ազգանուները «յան»-ով են ավարտվում: Նաեւ ասաց, որ դիմել է երկու կուսակցությունների պատգամավորների`արդար դատաքննության պահանջը պետական խողովակներով տեղ հասցնելու համար, արհամարհել են իրեն: Թե ո՞ր կուսակցություններին`չհստակեցրեց. «Ոչ անուն ազգանուն կտամ, ոչ կուսակցության անուն կտամ: Իրանք հիմա, որ ինձ տեսնեն`կհասկանան: Ու ամոթ իրենց, որ մի հատ չեն զանգահարում, ոչ մի պատասխան չկա»:

Aravot.am-ի հարցին`պետական մարմիններին դիմե՞լ եք, պատասխանեց. «Էս երկրում երկու կուսակցություն կա, երեւի գիտեք, չասեմ, կհարցնեք ժողովրդին`կասեն: Մի կուսակցության պատգամավորի օգնականի հետ հեռախոսով են խոսել, նա խոսք տվեց, որ Նոր տարվա տոներից հետո հանդիպում կկազմակերպի ու խաբեց: Մյուսին էլ նամակով են դիմել, արդեն երրորդ ամիսն է՝ պատասխան չկա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին հատուկջոկատայինի մահը մեծ ողբերգություն է անվանել։ Նա նաեւ ասել էր, որ հանցագործներն ազգություն չունեն, եւ այս գործը չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031