Լրահոս
Օրվա լրահոսը

«Համանախագահները գուցե գնացել են Թուրքիա մատ թափ տալու, թե Մերձավոր Արևելքում հանկարծ չփորձեք սրացումների տանել»

Մարտ 07,2020 10:25

Իդլիբի հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպման առիթով՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է գիտակցել՝ տեղի ունեցող զարգացումներն այսպես թե այնպես մեզ վրա ունենալու են ազդեցություն, իսկ դրանք չեզոքացնելու համար մենք պետք է կարողանանք զգոն հաշվարկել և ճիշտ սցենարներ ունենանք մեր շահերն առաջ տանելու համար:

Առաջիկա զարգացումների մասին խոսելով՝ Թևան Պողոսյանը թերահավատություն հայտնեց, թե ռուս-թուրքական այս պայմանավորվածությունները արդյոք ամենավերջի՞նը կլինեն, թե՞ ապագայում նորից խախտումներ կլինեն և ասաց. «Ամեն ինչ կախված է լինելու այդ երկրների շահերի ձևավորման դաշտից: Ռուսաստանը ձգտելու է, որ հարց լուծողը միշտ ինքը լինի, Թուրքիան փորձելու է իր շահերն առաջ տանել, և այդ առճակատմանը նաև մասնակցելու են միջազգային այլ խաղացողներ՝ ԱՄՆ, ԵՄ, Մերձավոր Արևելքի տարբեր խաղացողներ: Մեր գլխավոր խնդիրն է այն, որ ՀՀ-ն, հետևելով, մասնակցելով, քանի որ ունի այդ տարածաշրջանում հայկական համայնքների հետ կապված շահեր, ունակ լինի այնպես անել, որ չներգավվի այլ խաղերի դաշտում»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ ինչպես Թուրքիան է ասում, որ փորձում է իր երկրի անվտանգությունը պաշտպանել, մենք էլ պետք է ասենք, որ ամեն ինչ հնարավոր անելու ենք, որ ՀՀ-ի առջև վտանգներ չլինեն:
Այս մոտեցումն առաջ տանելու համար ըստ Թևան Պողոսյանի՝ Հայաստանը պետք է ներքին պաշարներ ձևավորի:

Հիշեցմանը՝ մարտի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը, որտեղ նա հայտարարություններ էր արել, որոնք հակասում էին Մինսկի խմբի գործունեությանը, սակայն Մինսկի խումբը հայտարարություն չտարածեց և հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն ունի նաև իր պարտականությունները կատարելու խնդիր՝ եթե նույնիսկ տարածաշրջանում հակամարտության լուծում չգտնել, ապա թույլ չտալ, որ իրավիճակը փոփոխվի այնպիսի սրացումների, որտեղ կլինեն գլխացավանքներ, բայց իրականում իրենց երկրների խնդիրները ձևավորվեն: ՌԴ-ին, ԱՄՆ-ին պետք չէ, որ այստեղ իրավիճակը փոխվի: ԵՄ-ին էլ պետք չէ, Ֆրանսիային էլ. այդ խաղացողներին պետք չէ, որ իրավիճակն այնպես փոխվի, որտեղ իրենք ստիպված պիտի ներգրավվեն: Իրենց խնդիրն այն է, որ նրանք դաշտ ձևավորեն, որտեղ երեք կողմերը՝ Արցախի Հանրապետությունը, ՀՀ-ն, Ադրբեջանի Հանրապետությունը ներգրավվեն ինչ-որ սրացումների մեջ: Նրանցից մեկը նավթային խնդիրների պատճառով, մյուսը տարածաշրջանային շահերից ելնելով, մյուսը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն՝ եղած իրավիճակի խնդիրը պահելու համար: Այս մարդիկ, դրանով առաջնորդվելով, դասեր են քաղել: Դասն այն է, որ 2016-ի սրացումներից առաջ նմանատիպ իրավիճակ է եղել, երբ թուրք- ռուսական հարաբերությունները լարվել էին, հետո տեղի է ունեցել Էրդողանի այցը Բաքու: Մի քանի օր հետո Ադրբեջանը Թուրքիայի խնդրանքով կամ համագործակցությամբ փորձեց գնալ ռազմական մոտեցումների: Բոլորս հասկանում ենք, որ ապրիլի 2-5-ի ընթացքում եղել է ավելի շատ թուրք-ադրբեջանական նախաձեռնություն, ինչի հետևանքով, երբ սկսեցին կորուստներ ունենալը, միանգամից խնդրեցին, որ ՌԴ-ն միջամտի»:

Ըստ նրա՝ թուրք -ռուսական հարաբերությունները նորից լարվում էին, և Մինսկի խմբի համանախագահները ավելի շուտ ոչ թե սպասեցին, որ իրավիճակը լարվի, սրվի, խնդիրներ լինեն, այլ իրենք իրենց կանխարգելիչ գործողություններով նման խնդիր լուծեցին: Այնուհետև ամփոփեց. «Չեմ էլ զարմանա, եթե վերջում պարզվի, հատկապես հաշվի առնելով Կասպրշիկի հայտարարությունը, որ այս այցերի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գնացել են նույն թուրքական կողմի վրա մատ թափ տալու, որ հանկարծ մտքերովդ չանցնի ձեր այս շահերը փորձեք կովկասյան տարածաշրջանում կամ Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում ձևավորել, կամ փորձեք անել այնպես, որ Ադրբեջանը ինչ-որ ձևով ներգրավվի կամ նպաստի նոր սրացումներ ձևավորելուն, քանի որ երեք երկրներին պետք չէ, որ մենք տեսնենք սրացումներ այս հակամարտության մեջ»:

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ նման հանդիպումներ առաջին անգամ տեղի չեն ունեցել: Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են 11 երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումների, այդ այցերը կարող են լինել նրա համար, որ այդ երկիրը ԵԱՀԿ գործող նախագահն է, այլ շահերից ելնելով, որ կարողանան ներկայացնել իրենց նկատողությունները նրանց, որ ֆորմատ մի փորձեք փոխել. սա առանձին հարց է, և որևէ մեկի ներգրավվածությունն այստեղ ցանկալի չէ:

Այս առիթով Թևան Պողոսյանն ամփոփեց. «ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ունեն իրենց շահերը, և դրանք առաջ տանելու համար որևէ մեկին ձեռնտու չի լինելու Մինսկի խմբի համանախագահների, բանակցային ֆորմատի փոփոխությունը: Դա նաև նրանց համար պատվի հարց է: Եթե զգում են, որ կարող է որևէ երկիր փորձի ինչ-որ բաներ անել, եթե նախկին դասերը քաղել են, ապա փորձելու են կանխարգելիչ գործողություններ անել: Եթե նույնիսկ եղել են նախնական պայմանավորվածություններ տարիներ առաջ, որ մի օր պետք է նաև Թուրքիա այցելեն, այդ այցի օրերը կոնկրետ գնացել են մատ թափ տալու Թուրքիային՝ ասելու, որ ձեզ տեղին կպահեք, որ Մերձավոր Արևելքում հանկարծ չփորձեք սրացումների տանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07․03․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մենք մեզ ,,բաբայիկ,,ենք անում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031