Այսօր կառավարության արտահերթ նիստին գործադիրը հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ միջոցառումները հաստատելու մասին նախագծին:

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Ըստ նախագծի՝ այս ծրագրի աջակցությունից չեն կարող օգտվել հետեւյալ խմբի անձինք՝
Կարդացեք նաև
1) աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
2) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա:
3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել:
4) կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։
Այս աջակցությամբ սահմանված գումարները հնարավոր է առանց հավելյալ միջամտության փոխանցվեն շահառուներին, գուցե լինեն դեպքեր, որոնք դիմում գրելու հարկ լինի, այս դեպքում դիմումներն ընդունվելու են ապրիլի երկուսից:
Նախագծում նշված է՝ սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Բաթոյանը նաեւ տեղեկացրեց, որ հղի կանայք եւս աջակցության թիրախում են: Կառավարության հավանությանը ներկայացված 7-րդ միջոցառման ծրագրով հղիներին կտրամադրվի 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ շահառու կարող է լինել այն հղին, որը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ որի ամուսինն ազատվել է աշխատանքից 2020-ի մարտի 13-ից մինչեւ 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք միայնակ հղիները կարող են օգտվել այս ծրագրից: Բաթոյանը տեղեկացրեց՝ ոչ, նախագծով սահմանվում է՝ այն հղիներին է տրվում աջակցություն, որոնց ամուսիններին ազատել են աշխատանքից: Ապա Բաթոյանը նշեց՝ աշխատանքային օրենսգրքով հղիին գործատուն չի կարող ազատել աշխատանքից: Վարչապետն առաջարկեց՝ մինչեւ ստորագրումը այդ դրույթն ուսումնասիրեն եւ, եթե կարիք լինի՝ ավելացնել այդ կարգավորումը. «Որովհետեւ հնարավոր է լինի դեպք, այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ավտովթարից մահացել է ու ինքը միայնակ հղի է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































