Ապրիլի 2-ի առավոտյան տվյալներով՝ կորոնավիրուսով հաստատված ծայրահեղ ծանր վիճակում 5 բուժառու կա, նրանց արհեստական շնչառության սարք է միացված: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի, 5 հիվանդներից 4-ը բավական տարեց քաղաքացիներ են, ունեն քրոնիկ հիվանդություններ, 1-ը երիտասարդ է, պարզվում է նրա հիվանդությունների շրջանակը: Այս երիտասարդը թոքաբորբ է տանում, նախարարն ասաց, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է. «Մենք տեսում ենք տարիքի եւ քրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապը»:
Լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ վարակի դեպք չի գրանցել, երեկ Մարտունու բնակիչներից մեկի մոտ վարակի առկայության կասկած է եղել, արդյոք թեստի պատասխանը դրական է, քանի որ քաղաքում խուճապ կա, նախարարը պատասխանեց. «Նախ մենք անձնավորված տվյալներ չենք հայտնելու եւ Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելն առավելություն չէ: Կարելի է սպասել, որ թե նշված անձնավորությունը կամ մեկ այլ քաղաքացի ունենա դրական թեստ եւ դա որեւէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տարածք չի դարձնում: Հակառակը. դրդում է, որ շարունակեն պահպանել այն բոլոր կանոնները, որ մենք խնդրում եւ կոչ ենք անում, որպեսզի դեռ չարձանագրված մարզերում դեպքեր չարձանագրվեն, կամ արձանագրվածներում էլ լինեն ավելի ցածր: Իսկ մարզային վիճակագրությունը տվյալների ամփոփումից հետո կթարմացնենք: Մտածում ենք, որ տվյալներ կներկայացնենք նաեւ գյուղերի ու քաղաքների մասով»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ զբոսաշրջային ավելի մեծ հոսք ունեցող հարեւան Վրաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելի քիչ են, քան Հայաստանում, նախարարը պատասխանեց. «Վրաստանում երջանիկ պատահականություն էր, որ իրենց մոտ 500 հոգանոց արտադրամասում կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ վարակ չի եղել: Դեպքերի թվերը մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց համաճարակաբանական հետքի եւ պատահականության խնդիր կա: Այդ պատճառով էլ նրանց թվերը փոքր են, ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի մեր հարեւան երկրում»:
Կարդացեք նաև

Վարակված բուժաշխատողների թիվն, ինչպես նախարարն ասաց, ավելանում է, կոնկրետ թիվ դժվարացավ ասել. «Դա ցավալի է, եւ անխուսափելի: Նաեւ հետաքրքիր եւ զավեշտալի դեպքեր կան՝ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակվում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են եւ մեկուսացումներ են լինում: Մենք պետք է պաշտպանենք մեր բուժաշխատողներին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































