«Մեր հասարակության մեջ խոցելի խավեր են դարձել ոչ միայն գյուղատնտեսության համար առավոտից իրիկուն քրտնաջան աշխատող գյուղացիները, այլ մարտական հերթապահություն կատարող սպաները, որոնք հայտնվել են վարկային շրջապտույտի մեջ»,-այսօր Արմավիր քաղաքում բանկային համակարգի դեմ կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ ասաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Գեւորգ Հովհաննիսյանը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մանվել Մանուկյանը երթ իրականացրեց՝ արմավիրցիներին կոչ անելով չվճարել վարկերը, քանի որ դրանք շատ մեծ տոկոսներով են տրվել քաղաքացիներին. «Բարձր տոկոսներ, վաշխառու բանկային համակարգ: Մարդիկ աշխատում են, տանջվում՝ չարչարվում են իսկ սրանք տոկոսների տեսքով մարդկանց թալանում են»: Նա վստահեցրեց, որ ստորագրահավաքի նպատակն է արմատական փոփոխություններ սկսել Հայաստանի բանկային համակարգում:

Կարդացեք նաև

Մանվել Մանուկյանը ոստիկաններին կոչ արեց՝ ավելի ճիշտ կլինի «բանկերից թալանված» քաղաքացիների իրավունքը պաշտպանել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Սողոմոնյանը հորդորեց ոստիկանների գործին չխառնվել եւ նրանց անունից հայտարարություններ չանել: Մանվել Մանուկյանն ասաց՝ եթե օրենք է խախտում, կարող են իրեն բերման ենթարկել եւ ինքը պատրաստ է «օրենքի ողջ ճշտությամբ» պատասխան տալ, ոստիկան Սողոմոնյանն ուղղեց՝ գուցե խստությամբ:
Ապա նախաձեռնության անդամները երթը Արմավիրի փողոցներում շարունակեցին: Մոտենում էին քաղաքացիներին՝ հետաքրքրվում՝ ի՞նչ կարծիքի են բարձր տոկոսներով վարկերի մասին, ոմանք բանավոր ասում էին, որ միանում են բողոքին, սակայն չէին ցանկանում ստորագրել, որոշ արմավիրցիներ էլ վստահեցնում էին, որ ցույցն իրենց չի հետաքրքրում, քանի որ վարկ չունեն, ոչ էլ բողոքներ են լսել:
«Բռավո, ճիշտ եք անում, ես էլ եմ միանում ձեզ»,-փողոցն անցնելով նախաձեռնության անդամներին իր աջակցությունը հայտնեց մի քաղաքացի, որն, ինչպես պարզվեց, տաքսու վարորդ էր: Նա ասաց. «Մարդկանց թալանում են, հետո պիտի վզները հաստացրած բանկիրները նստեն ու ասեն՝ էսքան փող ենք բերել»:
«Ո՛չ վաշխառու բանկային համակարգին» վանկարկումներով նախաձեռնության երիտասարդները քայլելով հասան բանկերից մեկին: Այստեղ մի քանի տասնյակ քաղաքացիներ էին դրսում սպասում իրենց հերթին: Մանվել Մանուկյանը կոչ արեց վարկերը չվճարել՝ պատճառաբանելով, որ բանկերը քաղաքացիներին թալանում են, սակայն քաղաքացիներից մի կին արձագանքեց՝ մեզ չեն թալանում, հեռացեք այստեղից: Մանվել Մանուկյանն ի պատասխան տիկնոջ պահանջին ասաց՝ դո՛ւք եք բանկերին երես տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































