Լրահոս
Օրվա լրահոսը

2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը դեպքի գիշերը «վալերիանկա» է խմել. Տեր քահանա Մաղաքիա Օհանյան

Մայիս 13,2020 22:22

Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ լիներ: Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնասպանություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրամիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է: Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ «վալերիանկա» են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:

Նա պատմեց, որ Սիման իր հոգեւոր զավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Երբ նրան առաջին անգամ տեսա, ծանոթացա, ասացի՝ իր նման կիրթ մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, բայց դա միայն արտաքին մասն էր ու արտաքին մաս էլ մնաց: Նա շատ էր սիրում իր երեխաներին, բայց այդ սերը կուրացրել էր նրան: Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խանդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցավեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցավեցնի»:

Մեր զրուցակցի խոսքով, Կարենն էր Սիմային խնդրել, որ երեխաների հետ իրեն հյուր գնա, Սիման էլ չէր արգելում հոր հետ շփումը, ամեն ինչ անում էր, որ երեխաներն անհայր չմեծանան, Տեր Մաղաքիայի կարծիքով՝ նույնիսկ, երևի, նրա հետ միանալու միտք էլ է ունեցել:

Քանի որ համացանցում շատ էր շրջանառվում, որ իրեն ցած նետած տղամարդը կնոջը քնաբեր էր տվել, Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակվե՞լ են փորձաքննություններ պարզելու, թե դեպքի օրը իրեն ցած նետած տղամարդը քնաբեր տվե՞լ է նախկին կնոջը, թե՝ ոչ, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031