«Կուզենայի, որ քաղաքացիները հստակ տարբերակեն՝ կա կորոնավիրուս եւ կան մարդիկ՝ խմբեր, որոնք ուզում են օգտվել կորոնավիրուսի մասին մարդկանց պատկերացումներից եւ իրավիճակից»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կորոնավիրուսի տարածման պայմաններում հոգեկան առողջության պահպանման խնդրին՝ ասաց «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը:
«Շատերդ լսած կլինեք, թե սա համաշխարհային դավադրություն է, չգիտեմ ինչ է, սա են անում, նա են անում…իսկ գուցե համաշխարհային դավադրություն անողները ոչ թե նրանք են, որոնց անունները տրվում են, այլ նրանք, ովքեր իսկապես ուզո՞ւմ են, որ մարդիկ մահանան կորոնավիրուսից»,-հարցադրում արեց նա:

Սողոյանը սեփական օրինակով փաստեց. «Ընկերս Մոսկվայում 53 տարեկանում մահացավ կորոնավիրուսից: Այսօր էլ ընկերներս ու հարազատներս վարակված են: Չի կարելի նման կեղծ տեղեկատվությամբ մարդկանց փորձել շեղել: Մի տրվեք ոչ ճիշտ տեղեկատվությանը»:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Սողոյանի՝ որպեսզի ցանկացած անձի հոգեկան առողջությունը նման իրավիճակներում լինի կայուն, տեղեկատվության առնվազն 35%-ը պետք է լինի դրական. «Բոլոր նրանք, ովքեր տեղեկատվություն տարածող են՝ ԶԼՄ-ներ, անհատներ, այս նորմը չպահպանելիս կամա-ակամա վնաս են հասցնում մարդկանց: Կան մարդկանց խմբեր, որոնք պատրաստ են ցանկացած խնդրի ժամանակ մտածել միայն իրենց շահերի մասին, բայց թող լրագրողների ձեռքով դա չարվի: Մարդն ունի այնպիսի հոգեվիճակը, ինչպիսին նրա ստացած տեղեկատվությունն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































