Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնաֆոբիա»-ն կպչուն, հետապնդող վախ է». հոգեբանի խորհուրդը տագնապող քաղաքացիներին

Մայիս 22,2020 14:05

«Հոգեկան առողջությունը պակաս կարեւոր չէ, հատկապես՝ տագնապային դրսեւորումները, անօգնական լինելու զգացողությունը: Դեռեւս չբացահայտված անորոշություններ կան, պատվաստանյութ եւ բուժման միջոցներ եւս չկան: Այս ամենը սրում են մարդկանց հոգեվիճակը»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կորոնավիրուսի տարածման պայմաններում հոգեկան առողջության պահպանման խնդրին՝ ասաց հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում տագնապի որոշակի չափը մարդկանց մոտ նորմալ է. «Եթե անձի մոտ կա տագնապի որոշակի աստիճան, դա բացասական չէ: Այս պարագայում տագնապն ունի պաշտպանիչ նշանակություն այնպես, ինչպես այն իրավիճակում, երբ սառույցի վրա հայտնված մարդը զգույշ է քայլում: Դա պաշտպանական, չգիտակցված վախ է»:

Մասնագետը շեշտեց. «Բայց կա նաեւ «կորոնաֆոբիա», որը կպչուն, հետապնդող վախ է: Կուզենայի նկատի ունենաք, որ վաղի հետ թշնամանալ չի կարելի: Պետք է գիտակցել, որ այս պահին տագնապն անհրաժեշտ է, որովհետեւ այն օգնում է պաշտպանվել, հետեւել առողջապահական ցուցումներին: Պետք է զգուշանալ այն կայքերից, որոնք չճշտված տեղեկություն են տարածում, որը հաճախ ունի քաղաքական նպատակներ: Խորհուրդ է տրվում օրվա մեջ միայն երկու անգամ օգտվել կորոնավիրուսի վերաբերյալ առցանց տեղեկատվությունից: Մի քանի դեպքեր կան, որոնցից արձանագրեցի՝ մարդիկ անընդհատ մտնում են համացանց, փորձում գտնել այն, ինչ «դավադրություն» է, ինչն ավելացնում է տագնապը»:

Հոգեբանի խոսքով՝ քաղաքացին իր հոգեկան առողջության մասին պետք է անհանգստանա այն դեպքում, երբ տագնապի աստիճանը թույլ չի տալիս որեւէ բանից հաճույք ստանալ՝ ոչ սնվելուց, ոչ առօրյա շփումներից. «Խորհուրդ է տրվում պահպանել առցանց շփումները գործընկերների եւ հարազատների հետ: Մի հետաքրքիր բանաձեւ կա, որը կարող է օգտակար լինել բոլորին: Փորձեք օգնել մյուսներին: Երբ օգնում ենք, դա օգնություն է ինքներս մեզ: Կորոնավիրուս ունեցողները դիտավորյալ չեն վարակվել, եւ չի կարելի նրանց խտրական վերաբերվել, որովհետեւ որեւէ մեկն ապահովագրված չէ դրանից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031