Երեք օր է՝ Շիրակի մարզում ուժգին քամին չի դադարում, օրվա տարբեր ժամերի այն մեծ վնասներ է հասցնում տարբեր համայնքների․ կոտրում է տան ու դպրոցների տանիքները, քշում անասուններին, հոսանքազրկում համայնքները։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական լրահոսից, այսօր էլ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր, վնասվել են Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։
Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ երեք օր է՝ սկսած ամսի 22-ից Շիրակի մարզը վնասներ է կրում։
«Ամսի 22-ի երեկոյան է սկսվել, 24-ի երեկոյան դարձյալ երկու համայնքից են ահազանգ ստացել վնասների վերաբերյալ և այսօր կեսօրին մոտ 12 համայնքներից ենք ահազանգեր ստացել։ Այս պահին ամփոփում ենք ամսի 22-ին կրած վնասների չափերը և նորից ստանում ենք նոր տվյալներ համայնքներից կամ բնակավայրերից արդեն նոր վնասների վերաբերյալ։ Այս երեք օրը մենք ինտենսիվորեն զբաղվում ենք ուսումնասիրությամբ, վնասների արդյունքների ամփոփմամբ։ Նախ և առաջ հիմնվում ենք տեղական հանձնաժողովների, համայնքներից ստացված տվյալների վրա, դրանք ենք ամփոփում, դրանից հետո նոր կունենանք մարզի պատկերն՝ ըստ այդ օրերի։
Կարդացեք նաև

Մենք ահազանգ ենք ստացել, որ Ողջիում ուժեղ քամու ու հորդառատ անձրևի պատճառով ոչխարներ են լցվել գետը, արդյունքում 25 ոչխար սատկել են, մի մասին էլ փնտրում են, չեն գտել դեռ։ Այսինքն՝ նմանատիպ վնասներ ևս եղել են։ Էլեկտրասյուներ են տապալվել, ծառեր են պոկվել, մեքենաներ են վնասվել, տարբեր վնասներ են կրել, բայց ամենամեծ վնասները տանիքների ամբողջական քշել, տանելն է»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Երեք համայնքներից զանգեր են ստացել, որ իրենց մոտ քիչ են վնասները, տեղի ուժերով կկարգավորեն խնդիրները։
Վնասներ կրել են նաև Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, ամիս 24-ին Լեռնակերտ և Փոքր Մանթաշ համայնքներից են ստացել ահազանգեր, որ բնակելի տների ու օժանդակ կառույցների տանիքներն են ամբողջությամբ վնասվել, այսօր էլ 12 համայնքներից են ահազանգ ստացել։

Այս պահին հաշվարկներ են կատարվում՝ ճշտելու, թե մարզում ինչքան վնասներ են կրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































