Հարցազրույց նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ:

– Հետեւել եմ՝ ինչքան հնարավոր էր հետևել համացանցում՝ այդքանով: 4 ժամից ավելի տևած նիստից մի քանի րոպե տևած հոգնած մարդկանց հախուռն ճեպազրույցներ: Բայց դա չէ այս պահին էականը: Նախարարի հայտարարությունը հանցագործության մասին չէի դիտարկի որպես ուղղորդում՝ վերջիվերջո կարող էր զանգահարել և ամեն ինչ ասել: Դա ավելի շատ նման է «արանքը ճղելու» և պատասխանատվությունից խուսափելու փորձի, ընդ որում՝ բավականին ապաշնորհ: Ինչպես օրինակ Չարենցավանի ցածր դասարանների դպրոցականների հետ չկարողացավ խոսել՝ կանչեց վարչապետին: Երևի աշխատանքային ոճ է…
– Իսկ ի՞նչ կասեք նախապես հայտարարված հանձնաժողովի նիստի դռնբաց լինելու, բայց փակ անցկացնելու մասին:
Կարդացեք նաև
– Երևի նայել եք իմ «դիմումը» Գոգյանի ընկերներին, և իմ կարծիքը այդ հանձնաժողովի պոտենցիալ հնարավորությունների մասին ձեզ հայտնի է: Գիտական խնդիրը հասցրել են անմակարդակ բամբասանքների մակարդակի և մեծ կորուստ չեմ տեսնում այդ դռնփակության մեջ: Իհարկե, եթե սպասելիքները «թամաշա» ըմբոշխնելն է՝ դա ուրիշ: «Աման, դռները բացեք՝ էն էրեխուն նեղում են», կամ «կուրթանեցի Մեխակը և մնացած ընտրողները անհամբեր սպասում էին այս քննարկմանը» բազում անգամ հնչեց համացանցում: Ամենազավեշտականը Մխիթար Հայրապետյանի «…փակ ձևաչափում առավելագույնս բաց ներկայացրին…» ֆրազն էր՝ ես բավարարված եմ նրա մտքի թռիչքից:
– Իսկ գրագողության թեման, որին եւս պետք է անդրադարձ արվեր, կարեւո՞ր չէր…
– Թող գնան իրար խաբեն՝ ես արդեն ձանձրացել եմ: Մասնակիցներից առնվազն 3-ը՝ նախարար Արայիկ Հարությունյանը, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ինձնից ստացել են ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի գրագողության մասին դիմումը և փաստերը: Ինֆորմացիան դրված է եղել նրանց ֆեյսբուքյան էջերում: Բաց նամակը վարչապետին, որ ես չեմ հավատում գրագողության դեմ պայքարին, երբ գիտությունը ղեկավարում է գրագողը՝ ձեր թերթում տպագրվեց և այն նույնպես ուղարկել եմ վերը նշված «պայքարողներին»: Որևէ բառ լսել ե՞ք նրանցից: Հիմա ուզում եք, որ ես լուրջ ընդունե՞մ տնտեսագիտական համալսարանի չորսբոլորը տեղի ունեցող այս գզվռտոցը: Թե նախկին, թե նոր ռեկտորներն ամենահամեստ գիտական չափանիշներով նույնիսկ զրոյական տվյալներ ունեն, ի՞նչ գիտություն:
Գրագողության մասին դատարկաբանությունը օգնեց թե նրանց, թե մնացած անիմաստ «գիտնականներին» մնալ ջրի վրա: Ամբողջ նրանց բնագավառում գողանալու միտք չկա: Տեսեք, թե ոգևորված ինչ դատարկաբանություն են սկսել իրենց «ոչ գրագողական» աշխատանքների մասին: Մեռա ասելով՝ աշխատանք չունեք վերջին 5 տարում ոչ մի հոդված իմպակտ ֆակտոր ունեցող ամսագրերում:
– Բայց չէ որ Գիտության կոմիտեի նախագահը, որին այդքան քննադատում էիք, վաղուց ազատված է աշխատանքից:
– Նրան ուղարկեցին պատվավոր թոշակի, եւ արդեն խորը գիտական մտքեր է ասում ականավոր գիտնականը՝ նոր կառույց ստեղծելու մասին: Վերնագիրն էլ սկսվում է «…քանի դեռ ուշ չի…» խորհրդավոր և մի քիչ էլ ահազանգող ֆրազով: Մեկը հարցնի՝ 12 տարի ի՞նչ էիք անում, որ հիմա էլ «քանի դեռ ուշ չի»:
Ամենայն հավանականությամբ, գոյություն ունեցող իրավիճակը բավարարում է նոր իշխանություններին: ԳՊԿ նախագահի և տեղակալի փոխարեն նշանակեցին բոլոր պարամետրերով նույնական մարդկանց, դեռ մի բան էլ «լայթս» տարբերակը: Ենթադրում եմ, որ նրանց առ այսօր ղեկավարում են իբր նախկին ԳՊԿ ղեկավարն ու նրա տեղակալը: Դա երևում է շատ բաներից, նույնիսկ իմ հասցեին արված վայրահաչությունից:
-Ձեր կարծիքով, այս վիճակն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի:
– Փորձեմ հակիրճ պատասխանել այդ դժվարագույն հարցին: Տասնամյակներ շարունակ ստեղծվել է կուռ համակարգ ուղղված «չգրանցված փողեր» աշխատելուն: Դա սկսվում է «ավարտական քննություններով, ԲՈՒՀ ընդունվել-ավարտելով, ասպիրանտուրա-պաշպանություն, զինկոմիսարիատ» շղթայով և վերջանում փողերի վերաբաշխմամբ: Այստեղ շահառուների թիվը մեծ է՝ սկսած ընդունելության հանձնաժողովի կամ ԲՈԿ հավաքարարից՝ վերջացրած ամենավերևներով: Նույնիսկ անիմաստ «գիտական» ամսագրերը, որտեղ ինչ-որ անհեթեթություններ են տպագրում թեկնածուական պաշտպանելու համար՝ նրանց հավաքարարներն էլ են սպասում իրենց բաժնին: Այս նողկալի «ֆիլտրով» անցել են այսօր գիտությունից զառանցողների և այն ղեկավարողների մի հսկայական մաս: Կարող եք նրանցից հարցնել, թե 5-10 հազար դրամով՝ պաշպանությունից առաջ ինչպես են «գիտական» հոդվածներ հրապարակել որոշ տեղական ամսագրերում: Այս համակարգը ստեղծողներից մի մասին անձամբ գիտեմ, բավականին ընդունակ մարդիկ են և այն հղկվել է տասնամյակներ: ԲՈԿ նախագահը «կպել» է այս համակարգին և հիմա էլ պատասխան է տալիս: Դա գիտության խնդիր չէ, դա հնի և նորի պայքար է:
Իրականում, կարելի է շատ արագ բոլոր մասնագիտությունների համար դնել ամսագրերի որակային շեմեր և ԲՈԿ աշխատանքը կվերածվի «քարտուղարուհու գործի», ինչ շատ երկրներում առկա է: Իրեն հարգող ոչ մի գիտնական այդ դեպքում չի գնա ԲՈԿ ղեկավարի և տարեկան կպաշտպանեն 30-40 դիսերտացիա՝ ինչը բավարար է այսօրվա պայմաններում: Ցավոք այս կռվի մեջ Սմբատը մենակ է, կողքի վայ-վույ անողները ընդամենը ֆոն են ստեղծում: Եկեք այսքանով բավարարվենք:
Վերջում ուզում եմ պատասխանել Մխիթար Հայրապետյանի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հռետորական հարցին՝ «…դուք իսկապես կարծում եք, որ իմ հանձնաժողովի պատգամավորներին հնարավոր է ուղղորդե՞լ…» : Հասկանալով, որ հռետորական հարցերին չեն պատասխանում, միևնույն է փորձեմ: Իհարկե, անհնար է ձեր թիմին ուղղորդել՝ ոչ լավ, ոչ վատ գործերի, ձեզ պետք է ուղեկցել…
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































