Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության այլ երաշխիքներ

Մայիս 26,2020 22:00

Ռուսաստանը քանդում է սպառազինությունների վերահսկողության համակարգը, ստեղծելով եւ օգտագործելով «սառցահատներ» հանձինս բռնապետությունների, որոնց թիրախում Հայաստանն է, եւ այդտեղ ռուսական «երաշխիքները» հաստատապես բավարար չեն

Սկսած 2007 թվականից, երբ ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց «Եվրոպայում սովորական սպառազինության պայմանագրի եւ դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողության կասեցման մասին», Սառը պատերազմին հետեւած խաղաղ շրջանի ավարտ կարելի է համարել։ Դա ամիսների տարբերությամբ համընկավ նույն Պուտինի «ողբին» ԽՍՀՄ անփառունակ վախճանի վերաբերյալ։ Եվ սկսած այդ ժամանակից, Ռուսաստանը վարում է քաղաքականություն, ուղղված աշխարհակարգի պայթեցմանը։

Ըստ այդմ, կարող ենք փաստել, որ սպառազինությունների վերահսկողության գլոբալ համակարգն այլեւս չի աշխատում։ Երբ ստորագրած փաստաթղթերի պահանջները Մոսկվան միտումնավոր խախտում է, հետեւում է դրանց միայն ընտրողաբար, այն էլ որպեսզի ուրիշներին մեղադրի այդ պայմանագրերը խախտելու մեջ, ԱՄՆ-ին այլ ընտրություն չէր մնում, քան ուղղակի դուրս գալ այն հիմնարար համաձայնագրերից, որոնք կանոնակարգում են միջուկային սպառազինությունները։ Իսկ մի-քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալու «Բաց երկնքի մասին» պայմանագրից։

«Ռուսաստանը մերժեց դիտորդական թռիչքներ իրականացնել 10 կիլոմետրանոց միջանցքի շրջանակներում իր՝ օկուպացված վրացական տարածքներ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ սահմանի երկայնքով, դրանով իսկ փորձելով ամրապնդել իր կեղծ տեղեկությունները, թե այդ օկուպացված տարածքներն անկախ պետություններ են։ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում թռիչքներ իրականացնող թռչող ապարատների վերալիցքավորման համար Ղրիմում օդակայանի ընտրությունը նույնպես հանդիսանում է որպես փորձ՝ ամրապնդելու թերակղզու բռնակցման հավակնությունը, որը Միացյալ Նահանգները չեն ընդունում եւ չեն ընդունելու։ Ռուսաստանը նաեւ անօրինական կերպով սահմանափակում է մտցրել Կալինինգրադի վրայով թռիչքների հեռավորության վրա, չնայած այն փաստին, որ այդ անկլավը դարձել է ռազմական հզորության էական մեծացման մի վայր, որտեղ, դատելով ռուս պաշտոնյաների հայտարարություններից, տեղակայված են գործողության մոտակա շառավիղի հրթիռներ՝ միջուկային մարտագլխիկով, ուղղված ՆԱՏՕ-ի ուղղությամբ։ 2019-ին Ռուսաստանը չարդարացված կերպով մերժեց ԱՄՆ-ին եւ Կանադային, որպեսզի համատեղ դիտորդական թռիչք իրականացվի լայնածավալ ռուսական զորավարժությունների վրայով», – հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։

Եվ ամերիկյան նույն պաշտոնյայից երկրորդ մեջբերումը. «Կարող եք չկասկածել. պատասխանատվությունն այս իրադարձությունների եւ սպառազինությունների վերահսկողության ճարտարապետության շարունակական խարխլման համար կրում է միայն Ռուսաստանը։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք սպառազինությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, որը նպաստում է ԱՄՆ, դաշնակիցների եւ գործընկերների անվտանգությանը, նախատեսում է կատարման ստուգման եւ ապահովման մեխանիզմներ եւ միավորում է գործընկերներին, որոնք պատասխանատու կերպով կատարում են իրենց պարտավորությունները։ Սակայն, մենք չենք կարող մնալ սպառազինությունների վերահսկողության համաձայնագրերում, որոնք խախտվում են մյուս կողմից եւ ակտիվորեն օգտագործվում են ոչ թե միջազգային խաղաղության եւ անվտանգության սատարման, այլ խափանման համար։ Ինչպես նշվել է, մենք կարող ենք պատրաստ լինել վերանայել այս որոշումը, եթե Ռուսաստանը կցուցաբերի հետդարձ դեպի վստահության ամրապնդման այս Պայմանագրի պահպանում, բայց առանց Կրեմլի քաղաքական գծի այդպիսի փոփոխության մեր ուղին կբերի դուրս գալուն կես տարի անց», – եզրափակել է Մայք Պոմպեոն։

Եվ Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե դա չաներ ուրիշի ձեռքերով, այնպես, ինչպես անցյալ դարի 20-30-ականներին։ Դրա համար նա «հոգեհարազատ» բռնապետական ռեժիմներին է խրախուսում, առաջ հրելով որպես «սառցահատ», օգտվում, ըստ Լենինի՝ «օգտակար ապուշների» ծառայություններից, «ովքեր կվաճառեն այն պարանը, որի վրա մենք նրանց կկախենք», արտահանելով քաոս, քաոս եւ միայն քաոս, որը վերացնելու համար «փրկության կգա» Ռուսաստանը, բերելով «ռուսական կարգ» եւ «ռուսական աշխարհ»։ Սա գլոբալ պարադիգմն է, մի «նոր ռուսական երազանք», որը պետք է հաշվի առնել հասկանալու համար, թե ի՞նչ եւ ի՞նչու է տեղի ունենում մեր տարածաշրջանում, ի՞նչ կա ռազմաքաղաքական գործընթացների հիմքում, եւ ով ինչ շահ է գիտակցաբար կամ ակամայից սպասարկում, եւ ինչի ակնկալիքով։

Հայկական մամուլի ուշադրությունից կարծես թե վրիպեց իտալական Analisi Difesa (Պաշտպանական վերլուծություն) պարբերականի՝ մայիսի 9-ի հրապարակումը, վերնագրված. «Լեոնարդոյի M-346-ից հետո Ադրբեջանը գնահատում է ռուսական Սու-35 եւ ՄիԳ-35 կործանիչները»։ Հոդվածի հեղինակը Մաուրիցիո Սպառաչինոն է, որը ներկայումս զբաղված է, համաձայն պարբերականի, ողջ աշխարհում ռուսական մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների վաճառքով։ Հոդվածում նա հաղորդում է, որ փետրվարին Հռոմը եւ Բաքուն ստորագրել են հուշագիր մտադրությունների մասին, որը «բացում է բանակցությունները «Լեոնարդոյի» հետ, որոնք, ըստ ամենայնի, վերաբերվում են երկու տասնյակ ինքնաթիռների, մասամբ, հնարավոր է, նաեւ մարտական տարբերակի՝ M-346FA, որոնք արդեն իսկ պատվիրված են արտասահմանցի պատվիրատուի կողմից, բայց դեռ «Լեոնարդոյի» կողմից չեն հրապարակայնացված»։ Նշենք, որ «Լեոնարդոն» Իտալիայի առաջատար ռազմաարդյունաբերական ընկերությունն է, ի դեպ, որտեղ պետությունն ունի ամենամեծ բաժնեմասը, բացի դրանից, թող զարմանալի չթվա՝ իտալացիները համատեղ նախագծեր եւ բաժնեմասեր ունեն ռուսական «Սուխոյ» կոնցեռնում։ Այնուհետեւ հեղինակը շարունակում է. «Բաքուն, որը Հռոմի հետ սերտ կապեր ունի առեւտրային եւ նավթային առումներով, պետք է փոխարինի մեկ դյուժին նախկին ուկրաինական ուսումնա-վարժական L-39C «Ալբատրոս» եւ նույնքան նախկին բելոռուսական գրոհային Սու-25 ինքնաթիռները. երկու տիպի ինքնաթիռներն էլ շահեկանորեն փոխարինվում են M-346/M-346FA կոմբինացիայով։ Չնայած իտալական ինքնաթիռների վերաբերյալ պայմանավորվածություններին, տասնհինգամյա նախկին ուկրաինական Միգ-29 ինքնաթիռներին, որոնք պաշտպանում են Ադրբեջանի օդային տարածքը, վիճակված է փոխարինվել նոր ռուսական կործանիչներով»։

Անհրաժեշտ է արձանագրել, որ իտալական առաջատար ընկերության կողմից ժամանակակից ուսումնա-մարտական ինքնաթիռների վաճառքը Ադրբեջանի ռեժիմին՝ դա ուղղակի առեւտուր չէ, այլ քաղաքականություն, ուղղված եվրաատլանտյան տարածքում ապագա պատերազմի սնուցմանը, հետեւաբար ուղղված եվրոպական անվտանգության դեմ։ Եվ հայկական դիվանագիտությունը հաստատապես որեւէ ջանք եւ միջոց չի խնայի՝ այդ գործարքի տապալման համար։ Համենայն դեպս, նույնիսկ եթե ստացվի, որ պաշտոնական Հռոմը որդեգրել է միջնադարյան Վենետիկի վաշխառուների գործելակերպը որպես պետական քաղաքականություն, ապա ՆԱՏՕ-ի անդամ Իտալիայի նման քաղաքականությունն ուղղակիորեն հակադրվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի մոտեցումներին, եւ պաշտոնական Վաշինգթոնի հետ ռազմավարական երկխոսության շրջանակներում այս հարցը պետք է սկզբունքային կերպով դրվի։ Ոչ պակաս սկզբունքային կերպով, բնականաբար, պետք է հարցը դրվի Հռոմի եւ Բրյուսելի հետ հարաբերություններում։

Դրա հետ մեկտեղ, խոսք է գնում նաեւ, եւ դա ասում է ռուսական մարտական թռչող սարքերի միջազգային առեւտրով զբաղվող իտալացին (ինչն արդեն իսկ օքսյումորոն է), որ ռուսական Սու-35 եւ ՄիԳ-35 կործանիչները գալու են փոխարինելու Միգ-29-երին, ապա հարց է առաջանում, թե ո՞ւր է մնում մեր «ռազմավարական դաշինքը», «ռազմավարական դաշնակիցը», «ՀԱՊԿ»-ն, մանավանդ «մեր անվտանգության երաշխիքը» եւ «երաշխավորը»։

Զուգահեռ դրան, մենք տեսնում ենք, որ Թուրքիան այլեւս որեւէ բարդույթ չունի ռուսական զորքերին ուղղակի հարվածներ հասցնելու եւ նույնիսկ որոշակի մարտավարական հաջողությունների հասնելու մեջ՝ Սիրիական Իդլիբում, Լիբիայում, եւ որտե՞ղ է երաշխիքը, որ մի օր Էրդողանը չի հարվածի ռուսներին, ասենք, Գյումրիում կամ հայ-թուրքական սահմանի ցանկացած հատվածում։ Ի՞նչ է, կրկին արձանագրելու ենք, որ «երեք ժամով ռուսներն ուշացա՞ն», թե՞ Վանի ինքնապաշտպանության նման՝ «մեզ խաբեցի՞ն»։

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեզ ներքաշում է սպառազինության մրցավազքի մի նոր շրջափուլի մեջ, որը մեր ընտրությունը չէ եւ չի՛ բխում մեր շահերից։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում եղել են, կան եւ կլինեն «օգտակար ապուշներ», որոնք եվրոպական արժեքները մի կողմ դնելով պատրաստ են արեւելյան բազարի առեւտրականի նման վաճառասեղանին դնել ամեն ինչ, եւ նույնիսկ սեփական անվտանգությունը կարող է բացառություն չլինել, ուր մնաց՝ մերը։

Նման որակի «երաշխիքներն», իհարկե, մեզ պետք չեն, մեզ վրա կրակող զենքի մատակարար «դաշնակիցը» չարիք է, որին պետք է ուղղակի դուրս շպրտել, մեզ անվտանգության՝ այլ որակի երաշխիքներ են պետք։ Աշխարհը փոխվել է, բերելով նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Շատ է պատահել, երբ արեւմտյան գործընկերներիս հետ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող ոչ հրապարակային զրույցներում ինձ հարցրել են. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Արեւմուտքը Հայաստանի համար, որը չի անում ներկայումս»։ Ես միշտ պատասխանս սկսել եմ հետեւյալով. «Նախ, ընդունեք Վրաստանին ՆԱՏՕ, 5-րդ հոդվածը բերեք տարածաշրջան եւ զսպեք ռուսներին։ Մնացածը, գլոբալ առումով՝ արժե խոսել դրանից հետո»։

«Առավոտ» օրաթերթ
26.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031