Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչին է զանգվածը վստահում

Մայիս 27,2020 10:00

Երբ մի քանի տարի առաջ արագաչափերի եւ տեսախցիկների դեմ «համաժողովրդական պայքարը» գագաթնակետին էր հասել, ֆեյսբուքի օգտատերերը հրապարակում էին տարբեր հնարքների նկարագրություններ, թե ինչպես կարելի է քաղաքում քշել 100 կմ/ժամ արագությամբ եւ չտուգանվել: Դա համարվում էր քաղաքացիական խիզախության, չսիրած իշխանություններին հակադրվելու կամ պարզապես «լավ տղա» երեւալու դրսեւորում:

Ճնշող փոքրամասնությունը, որի մեջ ես էլ էի մտնում, փորձում էր համոզել, որ օրենքները պետք է հարգել բոլոր դեպքերում, եւ չտուգանվելու համար անհրաժեշտ է մեքենա վարել երթեւեկության կանոններին համապատասխան: Դրան ի պատասխան՝ «լավ տղերքը» լավագույն դեպքում ասում էին, որ ես երթեւեկությունից ոչինչ չեմ հասկանում, ոմանք էլ կասկածում էին, թե իշխանությունն ինձ ռուսական համարանիշներ է նվիրել, որպեսզի քշեմ ինչպես քեֆս տալիս է:

Այդպիսով դաստիարակվել է «հպարտ քաղաքացիների» նոր սերունդ՝ չնայած պետք է ընդունել, որ նախորդ սերունդները պակաս «հպարտ» չէին, եւ, օրինակ, խորհրդային պետությունից գողանում էին 2 կոպեկանոց լույսը: «Հպարտության» նման աստիճանի հասած մարդկանց դժվար է համոզել, որ դիմակ կրելը բխում է հենց իրենց ու իրենց հարազատների շահերից: Նրանք կա՛մ ենթադրում են, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը «դիմակի գործ է դրել», կա՛մ կարծում են, որ իշխանությունը, չկարողանալով կորոնավիրուսի դեմն առնել, հիմա պայքարի իմիտացիա է անում, կա՛մ էլ՝ վստահ են, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, եւ դիմակ կրելու պարտադրանքը համաշխարհային դավադրության մի մասն է:

Բնակչության մեծամասնությունը սիրում եւ վստահում է մեր իշխանությանը, երբ այն խոսում է «թալանչիներին պատժելու» եւ «հեղափոխական օրակարգի» այլ, նման կետերի մասին: Այդ խոսակցությունները դրական ռեզոնանսի մեջ են մտնում զանգվածային մտածողության հետ: Բայց նույն մտածողությունը կտրականապես մերժում է պետության կողմից որեւէ պարտադրանք, որն այդ մտածողության կրողներին նեղություն է պատճառում: Այս պարագայում մարդիկ իշխանության հանդեպ որեւէ վստահություն չունեն եւ ամեն ինչ անում են՝ պարտադրանքից խուսափելու համար:

Ըստ այդմ՝ դիմակ կրելը ղզիկություն է, դոդիկություն է եւ, վերջապես, ամոթ է: Ինչպես եւ «60»-ի նշանի տակ 60 կմ/ժամ քշելը: Դե, լավ՝ եթե ստիպում են, պիտի ձեւ անենք, թե կրում ենք, ստուգելու ժամանակ արագ մի կերպ հարմարեցնենք, հետո խոթենք հետեւի գրպանը, իսկ եթե էլի ստուգողներ են երեւում, նորից հանենք-դնենք: Մի ձեւի խաբենք, որ մեզնից վազն անցնեն: Ինչպես արագաչափերին էինք խաբում:

Այդ համընդհանուր անվստահությանն ու անհավատությանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածման առաջին շաբաթների ընթացքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քամահրանքով էին խոսում համավարակի եւ բուն դիմակների մասին: Եվ դա դարձյալ դրական արձագանք էր գտնում զանգվածների սրտերում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարող ենք երեխայի նման ենթարկվել մեծերի հրամաններին, բայց ոչ մի լուրջ պատասխանատվություն չկրել, քանի որ դեռ երեխա ենք, բայց կարող ենք ընտրություն կատարել ու ընտրել մեծի կարգավիճակ, այդ դեպքում ոչ մեկին չենք ենթարկվում ու մեր ու մեր երեխաների ճակատագրի պատասխանատվությունը մենք ենք կրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031