Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Պուշկինի քույրը պոետի ափով գուշակեց նրա մահը

Հունիս 06,2020 12:00

Դրվագներ Օլգա Պուշկինայի եւ Ալեքսանդր Պուշկինի անհարթ կյանքից

Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի քույրը՝ Օլգա Պուշկինան, բացի լավ քույր լինելուց, նաեւ պոետի լավագույն ընկերներից էր: Իր բոլոր բանաստեղծություններն ու նամակները նա նախ քրոջ հետ էր քննարկում: kulturologia.ru-ի փոխանցմամբ, Օլգան նաեւ ապագան կանխազգալու հատկություն ուներ, նա գուշակել էր նաեւ եղբոր անժամանակ մահը: Ի տարբերություն Պուշկինի, Օլգան երկար ապրեց, բայց  նույնքան դրամատիկ կյանք ունեցավ, որքան եղբայրը: Օլգան Ալեքսանդրից երկու տարով մեծ էր, նրանց դաստիարակությամբ զբաղվում էր տատիկը, իսկ դայակը՝ Արինա Ռադիոնովնան, որին բանաստեղծը հիշել է իր ստեղծագործություններից մեկում, գիշերները հեքիաթներ էր պատմում նրանց համար: Երեխաները հրաշալի ուսուցչուհի ունեին, որի շնորհիվ նրանք ոչ միայն ֆրանսերեն, այլեւ անգլերեն սովորեցին:

Պուշկինի գրականության ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ «Եվգենի Օնեգինի» հերոսուհիներից Տատյանային վերագրող գծերը հատուկ են եղել հենց պոետի քրոջը՝  Օլգային:

Երեսուն տարեկանում աղջիկը գաղտնի նշանվել էր Նիկոլայ Պավլիշեւի հետ, ծնողները դեմ էին նրանց միությանը, սակայն Պուշկինին հաջողվել էր համոզել նրանց՝ ներել քրոջը: Անձնական կյանքում Օլգան երջանկություն չունեցավ, քանի որ, ինչպես պարզվեց, ամուսինը էգոիստ  ու հաշվենկատ արարած էր, աջ ու ձախ դավաճանում էր կնոջը: Օլգան նույնիսկ որոշ ժամանակ ապրեց եղբոր ու հարսի տանը:

Ասում են՝ երիտասարդ տարիքից Օլգան  կարողանում էր արագ եւ անսխալ «կարդալ» մարդկանց բնավորությունն ու ճակատագրերը, նա ձեռքի ափով կարողանում էր կանխորոշել ապագան, նաեւ այն, թե ով՝ երբ է մահանալու: Մի անգամ եղբոր ափը նայելուց հետո Օլգան ասաց, որ նրան մահ է սպասվում, ավելի վաղ նա նման կանխատեսում էր արել նաեւ իրենց բարեկամներից մեկի մասին, որն իսկապես մի քանի օր հետո սպանվել էր: Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինը եւս մահացավ դուելի պատճառով ստացած վիրավորումից հետո:


Կնոջ ցանկությամբ Պուշկինին թաղեցին ֆրակով։ Հոգեհանգստի արարողությանը, որ տեղի ունեցավ ստվար բազմության ներկայությամբ, ներս էին թողնում միայն հրավիրատոմսերով։

Մահից առաջ Պուշկինը խնդրել էր կնոջը՝ Նատալյա Գոնչարովային, որ իր մահից հետո երկու տարի սուգ պահի, այնուհետեւ ամուսնանա որեւէ պարկեշտ մարդու հետ: Նա ամուսնացավ Պուշկինի մահից յոթ տարի անց՝ եղբոր համածառայակից՝ գեներալ Պյոտր Լանսկոյի հետ, որը հարուստ չէր, բայց ազնիվ ու սիրող տղամարդ էր: Միայն նա ընդունեց սիրելի կնոջը՝ իր չորս երեխաների հետ:

Պուշկինի մահից հետո նրա քրոջ՝  Օլգայի առողջությունը կտրուկ վատացավ, նյարդային հողի վրա նրա մոտ սրվեցին շատ հիվանդություններ, Օլգան աստիճանաբար կուրացավ եւ կորցրեց լսողությունը: 1868թ. նա մահացավ: Օլգայի մահից անմիջապես հետո նրա ամուսինն ամուսնացավ այն կնոջ հետ, ում հետ երկարատեւ սիրային կապի մեջ էր:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930