Ինչո՞ւ էր ռուս գրականության հանճար Ա. Ս. Պուշկինը «Տազիտ» պոեմում որպես պարկեշտ, ասպետ, օրինակելի, օրինավոր մարդու տիպար ներկայացնում ոչ թե ռուսին, չերքեզին կամ որևէ այլ ազգության մեկին, այլ հային:
Քանի որ խոսեցի ռուսական երևույթի մասին, նշեմ ինձ համար անհասկանալի լեզվական մի հարց. որն է հայերեն «ռուս» բառի ռուսերեն համարժեք բառը, այսինքն՝ որն է ռուս էթնոսի անվանումը: Ես չգիտեմ: Հայտնի է, որ Պուշկինը և ոչ միայն, ռուս չէ, բայց «русский» է: Բա՜…
Վաղնջական ժամանակներում, հայ ժողովրդի բազմաթիվ դրկիցներ Հայաստանը տեղավորում էին Արևելքում, բայց «արևելք» ասելով նկատի ունեին ոչ աշխարհագրական կողմերը: Այսինքն՝ «արևելք» ասելով ի՞նչ նկատի ունեին:
Մյուս հարցականը։ Երկար ու ձիգ տարիներ, գոնե ինձ համար «պատուհան» եւ «լուսամուտ» բառերը համարում էի հոմանիշներ և որևէ տարբերակում չէի տեսնում: Հետո պարզվեց, որ դա այդպես չէ: Այսինքն՝ ամեն մի լուսամուտ պատուհան է, բայց ամեն պատուհան լուսամուտ չէ։ Ի՞նչ է լուսամուտը:
Հայտնի է, որ ե՛ւ կաթոլիկ, ե՛ւ ուղղափառ եկեղեցիներն ունեն բազմաթիվ սրբեր, որոնք ազգությամբ հայ են, ինչպես, օրինակ, ռուս ուղղափառ եկեղեցու առաջին սուրբը Աննան է, որը բյուզանդական ազգությամբ հայ կայսրի քույրն էր։ Իտալիայում շատ եկեղեցիներ կան, որոնք նվիրված են հայ սրբերին։ Վերջերս պատահաբար ծանոթացա սուրբ Եկատերինայի վարքին։ Ըստ այդ պատմության՝ Եկատերինան երազում լսում է Բարձրյալին, որը նրան առաջարկում է որոշակի վայրերում քարոզել և տարածել քրիստոնեությունը։
Նա անմիջապես կատարում է Աստծո պատգամը և ձեռնամուխ է լինում այդ գործին, որն, ավա՜ղ, ավարտվում է նահատակությամբ։ Հանուն Քրիստոսի նահատակությունից հետո նա ներկայանում է Տիրոջը և ասում է. «Եկա՛, Տեր»։ Այստեղից էլ «Եկատերինա» անունը։
Մի այլ սրբի՝ Անտոնի վարքը։ Նա եղել է չափազանց հարուստ մի մարդու զավակ, ունեցել է մեծ հարստություն, սակայն ամեն ինչ բաժանել է աղքատներին, նվիրել եկեղեցիներին և վարել ճգնավորի կյանք և ստացել «անտուն» անունը, որը ձևափոխվելով դարձել է «Անտոն»։ Սրանք իմ ենթադրություններն են, իսկ ճիշտ պատասխանները կարող են տալ միայն լեզվաբանները։
Այժմ անդրադառնանք լեզվական մի այլ հարցի՝ ժողովրդական ասացվածքներին։ Հայտնի է, որ դրանք ժողովրդի՝ դարերի, անգամ հազարամյակների ընթացքում ձևավորված փորձառության և իմաստնացած մտքերի ու գաղափարների խտացված արտահայտությունն են։ Ահա դրանցից մի քանիսը. «որտեղ հաց, այնտեղ կաց», «եղունգ ունես՝ գլուխդ քորիր»։ Շատերն այսօր այդ երկու ասացվածքին տալիս են պարզունակ, պրիմիտիվ բացատրություն, ինչը ոչ այլ ինչ, քան եսասիրական չես անվանի. գլխիդ ճարը տես։ Կարելի՞ է համաձայնել։ Կարծում եմ, որ ոչ։ Աշխատասեր, արարող, ինչպես ասում են, քարից հաց քամող մարդը չի կարող, հետևաբար պետք է ճիշտ մեկնաբանել, այնպես, ինչպես ժողովուրդն է մտածել և իր իմաստնությունը ամբարել դրանցում։
Եվ հարց է հղանում, ովքե՞ր են այդպիսի պրիմիտիվ մտածողության կրողները և ինչո՞վ է դա բացատրվում։ Իմ պատկերացմամբ այդպես մտածողները բոլշևիկյան դաստիարակություն ստացածներս ենք։ Դա հասկանալու համար բավական է հիշել միայն մի երևույթ։ Որևէ անհրաժեշտ բան կարելի էր ձեռք բերել միայն «տակից», այսինքն՝ կաշառքով, լրացուցիչ ծախս անելով, անօրինական միջոցներով: Եվ այդպես 70 տարի շարունակ։ Ահա և դաստիարակություն։ Եթե դրան էլ ավելացնենք Արևելքում շատ ընդունված «մաղարիչ» երևույթը, կարծում եմ ամեն ինչ դառնում է միանգամայն հասկանալի։ Նշեմ արձանագրված մի փաստ։ ԱՄՆ բանտերում նախկինում ազգությամբ հայ հանցագործներ հազվադեպ են հանդիպել, այնինչ 90-ականներին և հետո դրանց թիվը շեշտակի աճել է և դրանք հիմնականում եղել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գաղթածները։ Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ում հնաբնակ հայերը չափազանց վատ են վերաբերվում Հայաստանից գաղթածներին։
Ակամա հիշում եմ լորդ Ջ. Բայրոնի արտահայտած միտքը. «Հայերի վատ հատկանիշները վերցված են ուրիշներից, իսկ դրական հատկանիշները իրենցն են»։
Եվ վերջում, մի փնտրեք հարցի, խնդրի վերջնական պատասխանը, այն ձեզ ոչինչ չի տալիս։ Ինքներդ գտեք հարցերի պատասխանը, ինչը հղկում է ձեր մտածողությունը, դարձնում ավելի ճկուն, հարստացնում ձեր գիտելիքները, օգնում գտնելու հետագա խնդիրների լուծման բանալին, եղանակները, միջոցները։
Վ. Պողոսյան
«Առավոտ» օրաթերթ
17.09.2026


















































