«Հարգելի գործընկեր, թրաֆիկինգը փնտրեք ձեր մեջ եւ կարծում եմ, շատ հետաքրքիր օրինակներ կգտնեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում առկա Գագիկ Ծառուկյանին ուղղված «հավատարմության նամակներին», որոնք իբր գրել են ԲՀԿ-ական պատգամավորները եւ որոնք շրջանառում-դատապարտում են «Իմ քայլի» անդամները:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երեւում են նաեւ ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած եւ ստորագրած թղթերը: Այդ գրություններով, ԲՀԿ-ական պատգամավորները իբրեւ հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

Իսկ առհասարակ, Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այդ թեմային ասաց, որ ինքն ու իր գործընկերները բավական զվարճացել են «թղթի այդ կտորների վրա» եւ շնորհակալ են հարազատ ԱԱԾ-ին`մինչ տեսանյութի հրապարակումը` իմքայլականներին բաժանած այդ «անհասկանալի թղթի կտորների» համար:
Կարդացեք նաև
«Եթե ես հավատ ունենայի իրավապահ համակարգի հանդեպ, ապա չէի ալարի եւ դատի կտայի այդ ապատեղեկատվությունը տարածողներին: Ինձ ճանաչողները`բոլորն էլ գիտեն, որ ես երբեք ոչ մի թղթեր չեմ ստորագրում: Դա իմ սկզբունքներին դեմ է: Ապա`ինչ ես ասում եմ`նույնը անում եմ բաց եւ հրապարակային: Ինչ որ ես ասում եմ, խոսում եմ նաեւ բաց` հեռախոսով: Տարիներ շարունակ իմ հեռախոսում բնակվող ԱԱԾ օպերները շատ լավ գիտեն, որ իմ բոլոր հայտարարությունները եւ հեռախոսազրույցները միմյանց համահունչ են: Ես չեմ ասում մի բան, անում մի այլ բան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ «այդ թղթի կտորը բացահայտ ապատեղեկատվություն» է եւ ինքը դրան անլուրջ է վերաբերվում: Անգամ ավելորդ էներգիա չէր ծախսի այն հերքելու համար, եթե «որոշ շրջանակներ դա անընդհատ չտիրաժավորեին»:
Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հայտարարեց`իրենք պատրաստ են հնարավոր բոլոր սցենարների եւ զարգացումներին:
Հիշեցնենք, այսօր ԱԺ խորհուրդը հաստատեց վաղը կայանալիք հերթական նիստերի օրակարգը եւ օրակարգում ներառված է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան մեղադրանք առաջադրելու հարցը:
«Մենք ի սկզբանե գիտեինք, որ իշխանությունը գնալու է այդ ճանապարհով: Մենք չենք բացառում նաեւ շատ ավելի վատթարագույն սցենարներ, չենք բացառում նաեւ մեզանից յուրաքանչյուրի հանդեպ նմանատիպ սցենարներ եւս: Ի դեպ, որեւէ կարմիր գիծ, որը մտածում ես, որ այս իշխանությունը կարող է չանցնել, այդ թվում քիթը խոթելով մեր անձնական կյանք, չկա: Բայց ես կարծում եմ, որ այս ամենը շատ կարճ է տեւելու: Այսօր փորձելով մեր հանրությանը, ով հացի խնդիր ունի, պոպ-կոռն մատուցել`տարատեսակ, իրենց կարծիքով, թեժ կոմպրոմատների տեսքով, կարծում եմ այլեւս իրենց ակնկալած PR էֆեկտ չի ունենալու: Մենք ունենք հստակ մարտավարություն, աշխատում ենք մեր գործընկեր-համախոհ քաղաքական ուժերի հետ եւ բոլոր հնարավոր սցենարների դեպքում մեր ռազմավարությունը հստակ մշակել ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































