Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ

Հունիս 15,2020 18:50

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։

Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։

Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար,  որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի նախագահ

պարոն Ա. Միրզոյանին

Միջնորդագիր

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ

 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով 2020թ. փետրվարի 1-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված թիվ 58201620 քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ «ճարտարապետահատակագծային առաջադրանք» (ՃՀԱ) փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը, դրան նպաստելու համար կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև իր իրավասությունների մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձևակերպումը և անարգել տրամադրումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ շինարակական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևան Շին» ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2.379․950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար հայտնաբերելու նպատակով «Երևան Շին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր՝ Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում՝ 2017թ․ կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կատարված նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի՝ ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։

Մասնավորապես, փաստաթղթերում առկա են հետևյալ գրառումները․

1. «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8,19,20,21 ՏԸՀ, 01.02.2017թ. մինչև 02.04.2017թ. ժամանակահատվածի համար, շտաբերի մոտավոր ծախսերի ցանկ» վերտառությամբ Փաստաթղթում առկա է նաև 5 աղյուսակ, որոնցից 3-րդ և 4-րդ աղյուսակներում առկա են հետևյալ գրառումները․ «մեկ ակտիվիստ=50 ձայն՝ մարտ ամսվա համար, 50.000 ՀՀ դրամ, 15.000 ընտրող /50ձայն=300 ակտիվիստ-50.000 դր, աղյուսակի մյուս կողմում 15.000.000 դր, 300 ակտիվիս+նախնտրական ծախս մոտավորապես կազմում է 29.700.000 դր»:

2.4 թվով համարակալված «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք թիվ 8, ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017թ․ նախնական ընտրողների թիվը» վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզի համայնքների անունները, շտաբերի քանակը և աղյուսակի վերջին սյունակում գրված է․ «2017թ. քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ և այլ թվեր»:

3.«Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8/19,20/21 ՏԸՀ, նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 17194 ընտրողի համար, 40 տոկոս կորստով=ձայն» վերտառությամբ փաստաթուղթ, որում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ: 1-ին սյունակում գրված է․«Ծառուկյանի հանձնարարությամբ Վարդենիսից Լ․Աբրահամյանին՝ 4.600.000 ՀՀ դրամ, 3-րդ աղյույակում` «17194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34.388.000 ՀՀ դրամ և այլ», ինչպես նաև աղյուսակից հետո գրված է․ «մեկ ձայնին վճարված գումար՝ 10.000 դր, 17194 քվեի համար վճարվել է 10.000 դրամ յուրաքանչյուրին՝ 171.940.000 դրամ»:

4.«Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8 /19,20,21 ՍԸՏ/, 01.02.2017թ.-ից մինչև 30.03.2017թ. ընկած ժամանակահատվածի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 15.000 ընտրողի համար» վերտառությամբ փաստաթղթում տպագրված է․«ԲՀԿ գրասենյակից Ա․Մանուկյանից ստացել եմ 35.000.000, ԲՀԿ գրասենյակից Ս․Առուստամյանից ստացել եմ 36.000.000 դրամ, Ծառուկյանի հանձնարարությամբ Վարդենիսից Լ․Աբրահամյանին 4.600.000 դրամ»:

Նախաքննության մարմնի կողմից  10․06․2020թ․ որոշում է կայացվել ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նոր՝ թիվ 58212020 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին։

Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևան Շին» ՍՊ ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ  2017թ․ Գագիկ Ծառուկյանն հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9.000 ձայն՝ Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին: 2017թ․ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս: Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10.000 ՀՀ դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում: Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել և տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որին համաձայն ստացել է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներ: Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների և բերված ձայների ամփոփումն արել է և Ա․Մանուկյանի և Ս․ Առուստամյանի հետ: Ա․Մանուկյանից և Ս․ Առուստամյանից կանխիկ ստացել է  մոտավորապես 90.000.000 ՀՀ դրամ: Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ։ Այդ ձայների ապահովման համար գումարներն ինքը փոխանցել է Գեղարքունիքի մարզի համայնքների ԲՀԿ անդամներին և ԲՀԿ-ին հարող ակտիվիստներին, վերջիններս կազմված ցուցակներով եկել են իր մոտ և ստացել գումարները, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Կազմակերպված խմբի կազմում  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով 14․06․2020թ․ ձերբակալվել է 2 անձ։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։

Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։

Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։

Այսպիսով, Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել կաշառք, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն:

Վերը նկարագրված փաստական հանգամանքները «Երևան Շին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և վերցված փաստաթղթերից և Վ․Պողոսյանի ցուցմունքից զատ հիմնավորվել են նաև գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով։ Այդ թվում․

  • Կասկածյալ Կիրակոսյանի ցուցմունքով այն մասին, որ հանդիսացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ 2017թ․ ազգային ժողովի ընտրություններից առաջ իրենց ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վազգեն Պողոսյանը կուսակցության մոտ 30 անդամների հավաքել է Մարտունի քաղաքում տեղակայված գրասենյակում և ժողովի ժամանակ հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար պետք է ընտրողներին բաժանել ընտրակաշառք։ Այդ ժողովից մի քանի օր անց իրեն զանգահարել է կուսակցության անդամ Մուրադյանը և ասել, որ Վ․Պողոսյանը գումար է տվել իրեն փոխանցելու նպատակով՝ որպես ընտրակաշառք ընտրողներին բաժանելու համար։ Ինքը վերցրել է 300․000 ՀՀ դրամ,որի համար ստորագրել է ցուցակում, իսկ ամեն ընտրողին տվել է 10․000 ՀՀ դրամ։ Ռուբիկ Մուրադյանը 500․000 ՀՀ դրամ է տվել իր կնոջ անունով, որի համար նա ևս ստորագրել է ցուցակում։
  • Կասկածյալ Մուրադյանի տված ցուցմունքով այն մասին, որ անդամակցել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: 2017 թվականի ԱԺ ընտրություններից առաջ, երբ հանդիսացել է կուսակցության համայնքի պատասխանատու, իրեն կանչել են Մարտունի քաղաքում գտնվող «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության շտաբ, որտեղ իրեն են հանձնել 570.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև «փաստաթղթային ձևաչափ»՝ դրանում ներառելու համար այն անձանց տվյալները, որոնք կուսակցության օգտին են քվեարկելու։ Դրանից հետո ինքը գնացել է համայնք, շտաբ է կանչել ծանոթներին ու բարեկամներին, նրանց տվել է գումար, որպեսզի ձայներ հավաքեն,այնուհետև կազմել է հաշվետվությունները և ներկայացրել շտաբ։   
  • ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Անդրանիկյանի՝ կասկածյալի դատավարական կարգավիճակում տրված ցուցմունքով այն մասին, որ 2017 թվականին՝ նախքան ԱԺ ընտրությունները, հանդիպել է համագյուղացի Մուրադյանի հետ, ով իրեն խնդրել է օգնել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գեղարքունիքի մարզի նրանց թեկնածու Վազգեն Պողոսյանի օգտին որոշակի գումարի դիմաց ընտրողների ձայներ հավաքելու հարցում՝ յուրաքանչյուր ընտրողի ձայնի դիմաց առաջարկելով 10․000 ՀՀ դրամ: Համաձայնելով առաջարկին՝ Մուրադյանից ստացել է 320․000 ՀՀ դրամ և գումարը ստանալու փաստը հաստատելու համար ստորագրել է իրեն ներկայացված փաստաթղթում՝ իր անվան դիմաց: Ստացված գումարները բաժանել է գյուղի մի քանի ընտանիքների միջև, որոնք նախապես խոստացել էին ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
  • 2010-2018թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ ԳՄուրադյանի՝ կասկածյալի դատավարական կարգավիճակում տրված ցուցմունքով այն մասին, որ 2017թ.-ի ընտրությունից առաջ ամուսինը հայտնել է իրեն, որ Վազգեն Պողոսյանի հաղթանակի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար է բաժանում: Այն գումարները, որոնք պետք է տրվեին իրենց, իրենք, իրենց հերթին պետք է բաժանեին ընտրողներին՝ յուրաքանչյուրին 10 000-ական դրամ, հավաքեին նրանց անձնագրերի պատճենները՝ խնդրելով քվեարկել Վազգեն Պողոսյանի օգտին: Ամուսինն իրեն հայտնել է, որ այդ գումարն իրեն տվել է Վազգեն Պողոսյանը՝ իրեն ընտրելու համար քաղաքացիներին բաժանելու համար: Ամուսինը ևս՝ որպես կուսակցության անդամ, նույն նպատակով Վազգեն Պողոսյանից գումար է ստացել: Գումարը ստանալու փաստը հաստատելու համար ստորագրել է ամուսնու կողմից իրեն ներկայացված փաստաթղթում՝ իր անվան դիմաց: Գումարը ստանալուց հետո խնդրել է ծանոթներին քվեարկել Վազգեն Պողոսյանի օգտին, հավաքել է նրանց անձնագրերի պատճեները՝ յուրաքանչյուրին տալով 10 000-ական դրամ:
  • ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համայնքի պատասխանատու Մուրադյանին պատկանող՝ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերված՝ «Հաշվետություն 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ» փաստաթղթերով, որոնցում առկա են կոնկրետ պատասխանատուների տվյալները, նրանց կողմից առերևույթ ստացված գումարների չափը և գումարի ստացման փաստը հաստատող ստորագրությունները, տեղեկություններ՝ ընտրական գործընթացի պատասխանատուների, ընտրողների վերաբերյալ՝ ներառելով վերջիններիս ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները և հեռախոսահամարները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ Գ․Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդող ժամանակահատվածում ևս քվեներ է ապահովել ընտրակաշառք բաժանելու միջոցով, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում կազմակերպվել են ընտրողների զանգվածային վերագրանցումներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննությամբ նշված հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար,  որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

(…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցի կիրառման հիմքերը:

Կալանավորման պայմաններից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, դիրքորոշումներ այն մասին, որ  հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը ենթադրում է այնպիսի փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որը բավարար կլինի անաչառ դիտորդին համոզելու, որ տվյալ անձը հանցանք է կատարել (Ilgar Mammadov v. Azerbaijan,  88; Erdagöz v. Turkey, 51; Fox, Campbell and Hartley v. the United Kingdom, 32):Հետևաբար իշխանությունների կողմից միջնորդության հիմնավորվածությունն ապահովելու նպատակով գործի հիմնական հանգամանքների վերաբերյալ ընդհանուր քննություն չկատարելը կհանգեցնի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի  1-ին կետի (c) ենթակետի խախտման (Stepuleac v. Moldova, 73; Elçi and Others v. Turkey,  674): Ինչ վերաբերում է «հիմնավոր» հասկացության բովանդակության բացահայտմանը, ապա դա կախված է գործի բոլոր հանգամանքներից (Fox, Campbell and Hartley v. the United Kingdom, § 32):

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Եվրոպական դատարանն արձանագրել  է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ էության, նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ իր նախադեպային իրավունքում փաստել է.

(…)

«[Հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է։ (…) [Կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է։

(…)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ։ Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում։ Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը)։

Սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով մեջբերված իրավական դիրքորոշումների համատեքստում  անհրաժեշտ է արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված վերը վկայակոչված ապացույցները վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ: Այդ ապացույցներն անկողմնակալ դիտորդին ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ Գագիկ Ծառուկյանը, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել կաշառք։ Գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուղղակիորեն հաստատելով Գագիկ Ծառուկյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես կալանավորման պայմանի, առկայության մասին:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին, անհրաժեշտ է փաստել, որ Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով որպես պատիժ նախատեսված է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում: Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության բնույթը, այն է՝ իր ստեղծած և ղեկավարած կազմակերպված խմբի կազմում ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ընտրակաշառք տալը, բազմաթիվ անձանց ներգրավվածությունը, առերևույթ բազմաթիվ անձանց մասնակցությունը, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Գագիկ Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն հանգամանքը, որ ընտրակաշառքի բաժանման վերը նշված հանցավոր սխեմաներում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանից՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ համանուն պատգամավորական խմբակցության ղեկավարից անձնական և նյութական կախվածության մեջ գտնվող բազմաթիվ անձինք: Ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը, իր տրամադրության տակ առկա ֆինանսական ռեսուրսները, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով:

Բացի այդ, բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս առկա է Գագիկ Ծառուկյանի փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներից, վերջինից ֆինանսական և անձնական այլ կախվածության մեջ գտնվող անձանցից Գագիկ Ծառուկյանին մեղսագրված արարքներին առնչվող բազմաթիվ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտություն, վերջինիս կազմակերպմամբ կամ ուղղորդմամբ նշված փաստաթղթերի ձեռքբերմանը խոչընդոտելը կարող է խիստ իրական լինել:

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և ղեկավար, ՀՀ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար, Գագիկ Ծառուկյանն  ունի բավականաչափ ազդեցություն և հեղինակություն վերջինիս վերագրվող հանցագործությանը ենթադրաբար մասնակցություն ունեցած ինչպես կուսակցության անդամների և համակիրների, այնպես էլ, 2017 թվականի ԱԺ ընտրությունների գործընթացում ներգրավված և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին գործունեություն ծավալած անձանց շրջանում, ինչն էապես բարձրացնում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Գագիկ Ծառուկյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանակությունն էապես մեծանում է նաև հաշվի առնելով վերջինիս զգալի ֆինանսական կարողության՝ գործի քննության բնականոն ընթացքի վրա հնարավոր բացասական ազդեցության ռիսկով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է խմբի կողմից հանցանքի կատարում, նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման համար նշանակություն ունեցող հանգամանքներ են հանցագործության քննության բարդությունը, դրան բազմաթիվ անձանց ներգրավվածությունը, մեղադրյալների կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց (կամ նրանց մի մասի) ինքնությունը քննության տվյալ փուլում դեռևս անհայտ լինելը:

Գործի բարդությամբ, այն է հանցագործությանը ներգրավված և դեռևս ներգրավման ենթակա անձանց բազմաթիվությամբ, ենթադրյալ հանցագործության կամ հանցագործությունների աշխարհագրությամբ պայմանավորված՝ տևական քննություն է անհրաժեշտ հանցագործությանը ներգրավված բոլոր մասնակիցների ինքնությունը և մասնակցության աստիճանը պարզելու համար։ Ինչպես Գագիկ Ծառուկյանի՝ խմբի մնացած անդամների, այնպես էլ՝ վերջիններիս միմյանց նկատմամբ հնարավոր ազդեցությունը բացառելը առավել քան կարևոր է ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով,

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ ՝

Համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Առդիր՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը։

 

Արդարադատության երկրորդ դասի

պետական խորհրդական՝                                                              Ա.Ս. Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930