Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ալեն Սիմոնյանն ակնարկում է, որ իրենց թույլ կտան մտնել մարդու անձնական կյանք, ապա դրանով կկնքեն իրենց վերջնական դատավճիռը». Զոհրաբյան

Հունիս 19,2020 12:10

«Չգիտեմ, թե Ալեն Սիմոնյանն ինչ նկատի ունի, բայց նրա հայտարարությունն արդեն ուղարկել եմ միջազգային կառույցներին՝ որպես շանտաժ ընդդիմադիր քաղաքական գործչի հանդեպ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլեւ Նաիրա Զոհրաբյանի առնչությամբ ինչ-ինչ գործընթացներ կան՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ ընտրական գործընթացում անօրինական գործողությունների մեջ մեղադրելը երեւի կարելի է համարել 21-րդ դարի երեք ամենամեծ աբսուրդներից մեկը: Իսկ եթե պարոն Սիմոնյանն ակնարկում է, որ իրենց կարող են թույլ տալ մտնել մարդու անձնական տիրույթ եւ սոցցանցերում տարածել ինչ-ինչ անձնական բնույթի խոսակցություններ եւ այլն, ապա դրանով նրանք կկնքեն իրենց վերջնական դատավճիռը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով. «Գործընկերներս՝ պատգամավորները, ինչ-որ մեսիջներ արդեն ստացել են, թե՝ խելոք մնա, ձեր անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ կհրապարակենք: Դուք պատկերացնո՞ւմ եք դրա միջազգային արձագանքը: Ո՞վ է լինելու դրա քաղաքական պատասխանատուն: Հուսամ՝ իշխանությունը երբեւէ քաղաքական պայքարում չի իջնի նման մակարդակի, բայց եթե իջնի, դա կլինի նրա բարոյական եւ քաղաքական դատավճիռը»:

Պատգամավորը շեշտեց, որ ԲՀԿ-ի հանդեպ կատարվող գործընթացին հետեւում են միջազգային կառույցները, եւ իր հետ կապի մեջ են եվրոպացի հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, որոնք առաջիկայում հանդես են գալու հայտարարություններով. «Ես սա չեմ համարում «դրսից տղա բերել»: ԵՄ որոշ երկրների խորհրդարանների ազդեցիկ անձանց անգամ խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ հայտարարություններից»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական երկխոսություն եւ համագործակցելու մասին քննարկում կա՞: «Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ ասել է՝ բոլոր այն ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաեւ ԲՀԿ-ի կողմից»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որում նշվում է Գագիկ Ծառուկյանի կողմից կաշառքի ենթադրյալ բաժանման մասին, Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ չկա ցուցմունք, թե Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին գումար է տվել ընտրակաշառք բաժանելու համար, գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930